ԿարևորՔաղաքական

Պրահայի հայտարարությամբ Արցախը որևէ պարագայում գործընթացից դուրս չի թողնվում․ Ալեն Սիմոնյան

Պրահայի քառակողմ հայտարարությամբ Արցախը որևէ պարագայում գործընթացից դուրս չի թողնվում՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա հերքել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որը նշել էր, թե Պրահայի հայտարարությամբ Հայաստանի կողմից Ալմա–Աթայի հռչակագրի ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս:

«Այդ հայտարարության մեջ Լավրովը պատմում էր մի տարբերակի մասին, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք Լավրովի տարբերակ։ Լավրովը իրականում փաստեց, որ ռուսական տարբերակը կար, և ի հեճուկս հենց իր իսկ հայտարարության՝ ռուս լրագրողների հետ իմ ասուլիսի հայտնի տեսանյութը փաստեց, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր»,- ասել է Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Պրահայի հայտարարությանը, փաստաթղթում նման բան չկա, և Արցախը որևիցէ պարագայում չի թողնվում գործընթացից դուրս՝ շեշտել է ԱԺ նախագահը։

«Այնտեղ կա նախատեսված ձևաչափ, որտեղ Արցախը և Ադրբեջանը պետք է ունենան երկխոսություն։ Ասեմ ավելին, դրա մասին նույնպես խոսվել է։ Ինչ-որ պահի ինչ-որ տարբերակ եղել է, որի դեպքում Արցախը դուրս էր մնում գործընթացից, և Հայաստանի Հանրապետությունը այդ տարբերակը մերժել է և չի մտել այդ խոսակցության մեջ»,- եզրափակել է Սիմոնյանը։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ թե հնարավոր է առաջիկայում հանդիպեն ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, Սիմոնյանն ասել է, որ հայկական կողմը նման հանդիպում չի բացառում։

«Որևէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն այս պահին Բրյուսելում հանդիպելու տարբերակով: Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման: Երեկ փոխվարչապետների հանդիպումն է տեղի ունեցել, նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Back to top button