ԿարևորՔաղաքական

Եռակողմ ձևաչափից դուրս նոր պահանջներն անընդունելի են․ Երևանը պատասխանում է ադրբեջանցի «բնապահպաններին»

Այսօր Բրյուսելում պետք է կայանար Մակրոն– Միշել– Փաշինյան–Ալիև քառակողմ հանդիպումը, որը օրեր առաջ չեղարկվեց Ադրբեջանի նախագահի կողմից։ Այս ձևաչափով նոր հանդիպում մինչև տարեվերջ դեռ նախատեսված չէ, բայց հայկական կողմը չի բացառում արտգործնախարարների մակարդակով ևս մեկ հանդիպում ունենալու հնարավորությունը։

Պաշտոնական Երևանը նաև վստահեցնում է, որ «խաղաղության պայմանագրի» քիչ թե շատ ընդունելի տեքստ դեռ չի ձևավորվել, բայց կոնկրետ փաստաթուղթ շրջանառվում է։ Այս տեղեկությունները խորհրդարանում Կառավարություն – Ազգային ժողով հարցուպաստասխանի ժամանակ ներկայացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նոր դժգոհություններն ու պայմանները հայկական կողմի համար անընդունելի են` խորհրդարանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանի պնդումը վերաբերում է ադրբեջանցի չակերտավոր «բնապահպանների» ակցիաներին, որոնք դժգոհում են Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների «ապօրինի շահագործման ու այդ գործունեության հետևանքների առնչությամբ»։ Արտգործնախարարը հայտարարել է, որ եռակողմ հայտարարություններից չբխող նոր պահանջները կարող են բերել իրավիճակի սրման։

 «Մայրուղու, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9–ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ։ Ընդհանրապես, կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ կամ առաջարկներ, կամ պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռքբերված են, արձանագրված են, ընդունված են բոլոր կողմերի կողմից և հանրահռչակված են։ Պետք է արձանագրենք, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն և ահա նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի միայն սրացմանը՝ միտումնավոր, թե ոչ միտումնավոր, սա արդեն մեկնաբանությունների հարց է»։

Ադրբեջանը զուգահեռաբար դժգոհում է նոյեմբրի 9–ի փաստաթղթի դրույթների չկատարման ընթացքից։ ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ վերջին հանդիպմանը  փորձել է որպես պատասխանտու ներկայացնել հայկական կողմին։ Խոսքը հիմնականում Արցախի «ապառազմականացման» մասին է։ Հայաստանի արտգործնախարարը նույնպես ընդգծում է  հայտարարության կետերի չկատարումը, բայց՝ բոլորովին այլ պարտավորությունների շրջանակում։  

«Այո, նոյեմբերի 9–ի պայմանավորվածությունները, ցավոք, ոչ ամբողջությամբ են կյանքի կոչված և խոսքը, իհարկե, առաջին հերթին հայ ռազմագերիների և ապօրինաբար պահվող պատանդառու մյուս անձանց ազատ արձակման ձգձգումն է և բազմաթիվ այլ հարցեր։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՀՀ–ն ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում։ Ղարաբաղը ունի Պաշտպանության բանակ և միավորման անվանումը ինքնին հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը ԼՂ հայության ինքնապաշտպանությունն է։ առաքելությունը այսօր քան երբևէ պահանջված է։ ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների, այս գործողությունները շարունակական են։ Երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների վտանգը, այն ժամանակ, կարծում եմ, ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր այլ սցենարներ»։

Այս պահի դրությամբ, ըստ Արարատ Միրզոյանի, «խաղաղության պայմանագրի» շուրջ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները շատ հեռու են իրարից։ Արտգործնախարարը հաստատում է՝ ստացել են Ադրբեջանի հերթական առաջարկները, հանդես կգան պատասխան առաջարկներով․

«Բանակցություններն ակտիվ փուլում են, շարունակվում են։ Գիտեք, որ փաստաթուղթ է շրջանառվում, այսինքն՝ փաստաթղթի ամեն անգամ նոր խմբագրություն, ինչպես կարող եք ենթադրել։ Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են իրարից, բայց նաև բանակցությունները դրա համար են բանակցություններ, որպեսզի կարողանան հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել և ընդհանուր եզրակացության գալ։ Հանդիպում այս պահին պլանավորված չէ, բայց ես ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ մենք կունենաք ևս մեկ հանդիպում։ Համենայն դեպս, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը։ Վստահ չեմ, որ կստացվի մինչև տարեվերջ ունենալ պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ, ինչպես նախապես հայտարարել էինք, բայց դա մտադրության հայտարարություն էր։ Մեր մտադրությունը մեծ հաշվով ուժի մեջ է, մենք աշխատում ենք որքան հնարավոր է շուտ հաստել խաղաղության և այս համապարփակ կարգավորմանը»։

Իսկ քանի դեռ խաղաղություն չկա, հայ–ադրբեջանական սահմանին աշխատում են ԵԱՀԿ և ԵՄ դիտորդական առաքելությունները։ ԵԱՀԿ առաքելությունն արդեն ավարտել է աշխատանքը և վերադարձել, ԵՄ առաքելության աշխատանքի ժամկետը ավարտվում է դեկտեմբերի 19–20–ին։ Ֆրանսիայի արտգործնախարարն արդեն հայտարարել է, որ ցանկություն ունեն երկարացնել ԵՄ դիտորական առաքելության ժամկետը։ Պաշտոնական Երևանը պաշտպանում է այդ առաջարկը։

 «Ես ողջունում եմ ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը շարունակել առաքելությունը և  պահպանել ներկայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանագծին երկու պատճառով։ Նախ՝ այս առաքելության չեզոքության վերաբերյալ կասկածներ չեն հնչում, և այս առաքելության գնահատականները շատ կարևոր են հետագա միջազգային գործընթացների համար, նաև նույն կազմակերպության կամ նույն ուղարկող երկրի համար՝ հասկանալու, թե ի վերջո որտեղ են տեղակայված կողմերի զորքերը։ Կա խորհրդային երկու հանրապետությունների միջև եղած ադմինիստրատիվ սահմանը, որի շուրջ երկրները պայմանավորվել են և ճանաչել են որպես պետական սահման, և կան այդ քարտեզները։ Մարդիկ կարող են գալ՝ ունենալով այդ առաքելությունը, տեսնել, համեմատել։ Եվ երկրորդ պատճառը, միայն չեզոք դիտորդների և մոնիտորինգային առաքելության անդամների ներկայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին պետք է որ կանխարգելիչ նշանակություն ունենա հետագա էսկալացիայի և հետագա իրավիճակի սրումը կանխելու համար»։

Ի դեպ, հենց դեկտեմբերի 7–ին՝ հարց ու պատասխանի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցեր ոչ թե հարց ու պատասխանին ՀՀ ԱԺ–ում, այլ պետք է լիներ Բրյուսելում՝ Էմանուել Մակրոնի, Շարլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Հանդիպումը չեղարկվել է օրեր առաջ Ադրբեջանի նախագահի կողմից՝ ի նշան բողոքի Ֆրանսիայի միջնորդական առաքելությունից։ Այս դիրքորոշումը հայկական կողմը ապակառուցողական է գնահատում և նշում՝ հերթական անգամ բախվում ենք  նույն պայմանավորվածությունների շուրջ  տարբեր մեկնաբանություններ անելու խնդրին

Back to top button