ԿարևորՀասարակություն

30%-ով պակաս CO2. համայնքն ընդդեմ գլոբալ տաքացման

Հայաստանի 14 համայնք փողն ու էկոլոգիան խնայող ծրագրեր է իրականացնում։ Դրանք կյանքի են կոչվում «Քաղաքապետների դաշնագիր Արևելք» նախաձեռնության շրջանակում։ Ըստ այդմ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի՝ դաշնագրին միացած համայնքները հնարավորություն են ունենում Եվրամիությունից գրանտային միջոցներ ստանալ՝ իրենց համայնքում էներգախնայողությանը նպաստող ծրագրերի համար։

Դաշնագրին միացած մոտ 500 համայնքները պարտավորվում են մշակել ու իրականացնել ծրագրեր, որոնց շնորհիվ մինչև 2030 թվականը տվյալ համայնքում ածխաթթու գազի արտանետումները կկրճատվեն 30 տոկոսով։ Սա արվում է տարբեր միջոցներով՝ շենքերի ջերմամեկուսացում՝ վառելիքի սպառումը նվազեցնելու համար, էլեկտրոմոբիլների շահագործում, լուսավորության էներգախնայող համակարգերի կիրառում և այլն։ Առանձին համայնքներում իրականացվող այս լոկալ գործընթացը  ընդհանուր նպատակ ունի՝ սահմանափակել գլոբալ տաքացումը մինչև 1.5 աստիճանով։ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը պատմում է՝ ինչպես է աշխատում նախաձեռնությունը․

««Քաղաքապետների դաշնագիր»-ը խորհրդատվություն, աջակցություն է ցուցաբերում, բայց Եվրամիությունը ունի այլ գործիք, որը շատ կոնկրետ ֆինանսական միջոցներ է հատկացնում միայն, բացառապես այն համայնքներին, որոնք «Քաղաքապետների դաշնագրի» շրջանակներում հաջողության են հասել, ունեն հաստատված ռազմավարություն, գործողությունների պլան և այլն։ Իրենք իրավունք են ունենում դիմել այդ ֆինսնասվորման համար»,- ասում է Երիցյանը։

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, «Երևան արևային համայնք» ծրագրի ղեկավար Նանա Աբելյանը պատմում է, որ մայրաքաղաքի 97 բնակելի շենքի վրա արևային, ֆոտովոլտային կայաններ են տեղադրվել․

«Ի՞նչ տվեց դա բնակիչներին․ 50 տոկոսից ավել խնայողություն իրենց ընդհանուր տարածքներում վճարվող էլեկտրաէնրգիայի համար, ինչպես նաև ամեն տարի իրենք իրենց կուտակած էներգիան վաճառում են «Հայաստանի էլեկտական ցանցեր» ՓԲԸ–ին ու այդտեղից ստացնում են եկամուտ։ Նախնական հաշվարկներով ամեն տարի 453 տոննա պակաս CO2 է արտանետվելու»։

Ծրագիրն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանը 250 հազար եվրո է հատկացրել, Եվրամիությունը՝ 1 միլիոն։ Վայք, Ապարան, Արթիկ, Սպիտակ, համայնքները ևս ԵՄ կողմից խոշոր գրանտային միջոցներ են ստացել։ Սակայն ակտիվ համայնքների կողքին կան նաև այնպիսիք, որոնց անդամակցությունը  «Քաղաքապետների դաշնագրին» կասեցվել է պասիվության պատճառով։ Դաշինքին միանալուց հետո համայնքը 2 տարում պետք է ներկայացնի գործողությունների պլան։ Հայաստանի 14 համայնք դա չի արել, 14 համայնք էլ հիմա ակտիվ աշխատում է պարտավորությունները կատարելու, միաժամանակ համայնքը զարգացնելու ուղղությամբ։

Գյումրին դաշնագրին միացել է 2016-ին, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը պատմում է՝ ինչ է արվել ու արվելու Շիրակի մարզկենտրոնում․

«2022-ին երեք շենք սուբվենցիոն ծրագրով իրականացվում է ջերմամեկուսացման ծրագիր, որով մեր բնակչությունը 30-50 տոկոս տնտեսելու է, քանի-որ մեր Գյումրում ձմեռը և խիստ է, և երկար, մարդը էդ ջեռուցման համար քիչ գումար է վճարելու։ Տրանսպորտի հետ կապված նույնը՝ 10 էլեկտրոավտոբուսներ է բերվելու։ Գրեթե բոլոր ՀՈԱԿ-ներում արևային պանելներ են տեղադրված, այդտեղից էլեկտրոէներգիա ստանալով աստիճանաբար գազից անցնելու ենք էլեկտրոէներգիայի տաքացուցուցիչներին, որով և արտանետումները կպակասի, և տնտեսապես համայնքին ձեռնտու կլինի»։

Դաշնագրին բոլորովին վերջերս միացած Ստեփանավանն, օրինակ, որևէ շոշափելի ծրագիր դեռ չի իրականացրել, բայց արդեն ունի էներգետիկ մենեջերի հաստիք։ Սա «Քաղաքապետների դաշինքի» կողմից խրախուսվող, սակայն դեռևս քիչ համայնքներում գոյություն ունեցող հաստիք է, որը պատասխանատու է լինելու էներգախնայողությանը նպաստող ծրագրերի իրականացման համար։

Թբիլիսիում կայացած «Քաղաքապետների դաշնագրի 10-ամյակն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» խորագրով բարձր մակարդակի համաժողովում զրուցակիցներս ներկայացրին իրենց փորձը, քննարկեցին առաջացող խնդիրները։ Հայաստանի Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի կարծիքով՝ նման հանդիպումները կարող են բարձրացնել ծրագրի արդյունավետությունը, սակայն նախաձեռնությունը կհաջողի, եթե մասնավոր ծրագրին փոխարինի մասսայական մտածողությունը․

«Ոլորտում առանձին օրինակելի գործողություններից զատ մենք հաջողության կհասնենք, եթե սա դառնա մասսայական վարքագիծ՝ բոլոր համայնքները, քաղաքները Հայսատնում և այլ երկրներում իրենց կառավարումը կառուցեն էներգախնյաողության, էներգաարդյունավետության վրա։ Մենք դրան բավականաչափ հասել ենք։ Մոտ 2.5 տասնյակ համայնքերի ներգրավվածություն նշանակում է, որ իրենք իրենց վարքագիծը փոխել են, նույն սուբվենցիոն ծրագիրն անելուց իրենք հիմքում դնում են էներգախնյաողությունը։ Այ սա ամենակարևորն է»։

Համայնքի ու քաղաքացու ֆինանսական միջոցները խնայելուց, կլիմայական փոփոխությունների ընթացքը մեղմելուց, գլոբալ տաքացումը հնարավորինս կանխելուց զատ էներգախնայողության ծրագրերը մեկ այլ՝ անվտանգային խնդիր ևս լուծում են։ Սա հնարավոր էներգետիկ ճգնաժամի պայմաններում կարող է անկախ կենսագործունեության երաշխիք դառնալ։

Back to top button