ԿարևորՀասարակություն

2023-ին կենսաչափական անձնագրերի տրամադրումը կկասեցվի, նույնականացման քարտերը կտրամադրվեն՝ ըստ անհրաժեշտության

Ոստիկանության տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանում տրամադրվել է  70 2073 նույնականացման քարտ, այս տարվա դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ 155 766։ Ծավալներն ավելի քան երկու անգամ աճել են։  Ոստիկանությունը  ոլորտում հաջորդ տարվանից որոշակի փոփոխություններ ու սահմանափակումներ է նախատեսում։ Մեկ տարով կկասեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը, կսահմանափակվի նաև էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերի տրամադրումը։ Նպատակը  կենսաչափական նոր ու ավելի   որակյալ համակարգի ներդրումն է։

Հայաստանում 2023 թվականին կենսաչափական անձնագրեր չեն տրամադրվի։  Գործընթացը կկասեցվի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Այս մեկ տարին կառավարությանն անհարժեշտ է  ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական համակարգի ամբողջական ներդրման համար։

Հայաստանում կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը տրամադրվում են 2012 թվականից, զուգահեռաբար  ուժի մեջ են  հին նմուշի անձնագրերը: Կառավարությունը նախատեսում էր  2023 թվականի հունվարի 1-ից դադարեցնել հին նմուշի անձնագրերի տրամադրումը և ամբողջությամբ անցում կատարել  կենսաչափական անձնագրերի։ Այժմ այդ ժամկետը մեկ տարով հետաձգվում է։  Փոփոխությունն առաջարկվում է կատարել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում։ Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյան․

«Անձնագրերի տրամադրման ժամկետը  երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագրի սահմանումը։  Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը տրամադրել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023 թվականին փետրվարի 15-ից ։Բացի այդ ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի՝ նորերով փոխարինումը»։

Էլեկտրոնային պահոցը  նույնականացման քարտի տեխնիկական կառուցվածքային մաս է,  որը ներառում է քաղաքացու  տվյալները, դրանց պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալիները, էլեկտրոնային թվային ստորագրության և նույնականացման համար հավաստագրերը, էլեկտրոնային փոստ:

Վերջին շրջանում շատ էին բողոքները նույնականացման քարտերի տրամադրման առնչությամբ։  Քաղաքացիները դժգոհում էին հերթերից, նշում, որ շատ դեպքերում դրանք չեն տրամադրվում, մինչդեռ խիստ անհրաժեշտ են՝ տարբեր գործարքների իրականացման համար:

«Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր  Զարուհի Բաթոյանը փոխոստիկանապետին  քաղաքացիների մտահոգություններն է փոխանցում՝ հետաքրքվելով։

«Արդյո՞ք կապված է  այս գործընթացի հետ, թե ոչ։ Այս ոլորտում ինչ կարգավորումներ կան, խնդիրը լուծվա՞ծ է, թե՞ դեռևս պետք է սպասել»։

Փոխոստիկանապետի վստահեցմամբ՝ ամենօրյա աշխատանքում էլեկտրոնային ստորագրության կարիք ունեցողներին նույնականացման քարտերը տրամադրվում են։  Իսկ անձնագրերի և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում առաջացած հերթերը  պայմանավորված են աշխատանքի ծավալի էական ավելացմամբ։ Այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ 2 անգամ ավելի շատ նույնականացման քարտ է տրամադրվել, քան 2020-ին։

«Անձանգարերի և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումների կողմից տրամադրվող փաստաթղթերի ծավալները  էականորեն աճել են։ Բացի այդ, փուլային տարբերակով անցում են կատարել էլեկտրոնային հերթագրման համակարգի։ Սա էականորեն նվազեցրել է հերթերի կուտակումները։ Սա կներդրվի նաև տարածքային ստորաբաժանումներում»։

Ինչպե՞ս  է ոստիկանության աշխատակիցը որոշելու՝ քաղաքացին  նույնականացման քարտի կարիք ունի՞, թե՞ ոչ։ Հարցը  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արսեն Թորոսյանին է հետաքրքրում։  Նա գործընթացում  հնարավոր ռիսկեր է տեսնում։

«Կարող են նաև լինել  «խնամի-ծանոթ-բարեկամ» լուծումներ, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկի ծանոթն է, և նրա կարիքն ավելին գնահատվի։ Կարծում եմ, որ նման մեխանիզմ ներդնելու փոխարեն, հաշվի առնելով նաև մեծ պահանջարկը, պետք է ապահովել պատշաճ մատակարարումներ ու հզորությունների մեծացում»։

Ֆիդանյանը հստակեցնում է՝ 2011թվականին ներդված էլեկտրական կրիչներն այլևս չեն արտադրվում, ժամանակակից չափորոշիչներին չեն համապատասխանում։ Ուստի  նույնականացման քարտերի պաշարներ կուտակելը իրատեսական չէ։

Ինչ վերաբերում է կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցնելուն, ապա գործադիրն այս քայլը բացատրում է  կենսաչափական նոր  համակարգի ներդրման անհրաժեշտությամբ:

Կառավարությունը  նախատեսում էր 2023թ հունվարի 1-ից հետո հին նմուշի անձնագրեր այլևս չտրամադրել՝ ամբողջությամբ անցում կատարելով կենսաչափականին։ Հին նմուշի անձնագրերը՝ 32 , իսկ կենսաչափականները 40 էջից են բաղկացած։ Վերջիններն  ունեն  թվային կրիչ՝ «չիպ», որը պարունակում  են տվյալներ  մատնադրոշմների,  կենսափաչական կողմնորոշիչների վերաբերյալ։ Այս համակարգը հեշտացնում է քաղաքացու նույնականացումը  հատկապես սահմանային հատումների ժամանակ ։ Բայց, ըստ  խորհրդարանական պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի կենսաչափական գործող համակարգը ժամանակի պահանջներին չի բավարարում։  

«Իր մեջ չի ներառում մեզ համար  անհրաժեշտ տվյալները։ Հետևաբար` ՀՀ փոխվարչապետի կողմից համապատասխան հանձնաժողով է ստեղծվել, մշակվում է այն փաստաթղթի ձևն ու բովանդակությունը, նաև՝ անձնագրի, որը պետք է լինի 2024թ հունվարից հետո։ Իր մեջ պետք է իրական կենսաչափական տվյալներ պարունակի, ապահովի ինտերնետային ծանուցումների համակարգը, էլեկտրոնային փոստի հնարավորություն և ծանուցումների հնարավորություն տա բոլոր քաղաքացիներին։ Գաղտնիք չէ, որ նույնականացման քարտերը տրամադրելիս նաև և էլեկտրոնային հասցե տրամադրվում, որոնք երբևէ չեն օգտագործվել։  Դրանք խրթին են։ Ահա այս համակարգը պետք է պարզեցվի»։ 

2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը։ Համագործակցությունը շարունակելու շուրջ լեհական ընկերության եւ Հայաստանի կառավարական մարմինների բանակցություններն արդյունք չտվեցին։  Ընկերության հետ 2011 թվականին կնքած պայմանագիրը չերկարացվեց:

Կառավարությունն այժմ խոստանում է, որ մինչեւ 2022-ի ավարտը կներդրվեն «խելացի» եւ «շարժական կապի» էլեկտրոնային նույնականացման համակարգեր, որոնք ոչ միայն գործող էլեկտրոնային քարտեր ունեցողների, այլ նաեւ մինչեւ նոր համակարգի ներդրումը էլեկտրոնային ստորագրության ծառայության կարիք ունեցողների համար կապահովեն ավելի բարձրորակ եւ հարմարավետ ծառայություններ։  

Back to top button