Սփյուռքի ձայնը

Սփյուռքին միավորող գաղափար է պետք. սփյուռքահայ երիտասարդ կամավորներ․ «Սփյուռքի ձայնը»

«Դեպի Հայք» կազմակերպության կամավորներ Ռուսաստանից Սոկրատ Արոյանցը և Բելգիայից Աննա Սիմոնյանը մոտ մեկ ամիս է Հայաստանում են: Սոկրատը տնտեսագետ է, նաև մասնագիտացել է կառավարման ոլորտում: Աննան քաղաքագետ է, ուսումն այս ուղղությամբ ստացել է Հայաստան այցելությունից հետո: Նրանք այս ընթացքում հասցրել են ծանոթանալ հայկական միջավայրին, ապրելակերպին ու մարդկանց հետ հարաբերությունների առանձնահատկություններին։ Սոկրատ Արոյանցը ցեղասպանությունից հետո վերապրածի սերունդ է։ Նրա նախնիները ցեղասպանությունից փրկվել ու ապաստան են գտել ՌԴ Կրասնոդար քաղաքում, որտեղ էլ մինչ օրս ապրում են։

«Տատիկս 98 տարեկան է, նա հիշում է իր ծնողների պատմությունը և մեզ էլ է պատմել նրանց անցած դժվար ճանապարհի մասին։ Մայրս նրա հիշողությունները գրի է առել։ Ցանկություն ունի տատիկիս հիշողությունները գիրք դարձնել»,- ասում է Սոկրատը, որը օտար ափերում, հատկապես մայրիկի շնորհիվ սովորել է հայերեն, գիտի հայոց պատմությունն ու մտահոգված է Հայաստանի ապագայով։

«Մենք պետք է ունենանք մեկ գաղափար, որը կմիավորի այսօրվա սփյուռքը։ Մեզ՝ հատկապես նոր սերդի սփյուռքահայերիս, պետք է այդ գաղափարը, պատմական հերոսներից մեկի նման մեկին, ում գործոնը նույնպես կարող է միավորել մեզ»,- ասում է Սոկրատը։

Ի դեպ, նա Հայաստանում կամավորություն է անում մի կազմակերպությունում, որը զբաղվում է գյուղերի զարգացման խնդիրներով։ Մասնագիտությամբ տնտեսագետ ու կառավարիչ Սոկրատը վստահ է նաև, որ մեր տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է ձեռք մեկնել ներդրողներին, նրանց հնարավորություններ տալ աշխատելու։

Աննա Սիմոնյանը, որը մասնագիտացել է քաղաքագիտության ու կոնֆլիկտների ուսումնասիրման մեջ, նշում է, որ տարիներ առաջ Հայաստան այցելությունը նրան ստիպեց ուսումնասիրել քաղաքագիտությունը։

«Եվրոպայում այս մասնագիտությունը ուսումնասիրում են, սակայն հետևում են այլ երկրների ունեցած խնդիրներին։ Եվրոպական քաղաքագիտությունը, ի դեպ, շատ է տարբերվում հայկականից․ այնտեղ ավելի սառն են ու զգոն ՝ հարցերը լուծելիս կամ ճանապարհները ընտրելիս, իսկ Հայաստանում զգացական դաշտը գերիշխում է, ինչը քաղաքագիտության մեջ աններելի է»,- ասում է երիտասարդ քաղաքագետը։

«Մենք, որպես երկիր, պետք է կարողանանք ընտրություն անել, որ երկրի կամ որ ուժի հետ ենք համագործակցում։ Իհարկե, դա ևս պետք է անել զգույշ՝ չխափանելով արդեն ունեցած հարաբերությունները»,- նշում է։

Երիտասարդ կամավորների աշխատանքների մասին և թե ինչպես են Հայաստանով մտահոգ երիտասարդները պատկերացնում հայրենիք- սփյուռք համատեղ գործակցությունը, կլսենք Սոկրատ Արոյանցի և Աննա Սիմոնյանի հետ զրույցում։

Back to top button