ԿարևորՔաղաքական

Մինսկի խումբը՝ ճգնաժամի մեջ

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը ճգնաժամային է համարում։  Նրա խոսքով՝  կառույցը օբյեկտիվ պատճառներով լուրջ խնդիրների առջև է  հայտնվել։  Խոսքն առաջին հերթին ռուս-ուկրաինական հակամարտության մասին է, որի հետևանքով Ռուսաստանը, ԱՄՆ-ն  և Ֆրանսիան այլևս ի վիճակի չեն մեկ սեղանի շուրջ կառուցողական քննարկում ծավալել։

«Այդ երեք պետությունները խնդիր ունեն այսօր մի սեղանի շուրջ նստելու և էլ չեմ ասում բովանդակային, քաղաքական, կոնստրուկտիվ միջավայրում ինչ-որ հարցեր քննարկելու առումով։ Ըստ այդմ՝ ՄԽ-ի գործունեությունն այս պահի դրությամբ կարելի է ասել, որ ճգնաժամային է։ ԵԱՀԿ ԽՎ-ում ռուսական պատվիրակությունն առհասարակ չի մասնակցում, այսինքն՝ օբյեկտիվորեն նրանց ներկայությունը չկա։ Ըստ էության, սա ապացույցն է այդ ճգնաժամի։ Հետևաբար ԵԱՀԿ-ն՝ որպես մարմին, ամենաօբյեկտիվ կողմը չէ, որ գնահատի այդ հնարավորությունը»։

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի կողմից  «3+3» ձևաչափով հնարավոր հանդիպման մասին հիշատակումը կրկին հարց է առաջացնում հայկական կողմի համար այդ ձևաչափի արդյունավետության և օրակարգի մասին։ Որքանո՞վ է հավանական, որ այն փոխարինի միջազգային այլ հարթակների, առավել ևս, որ խոսվում է ԵԱՀԿ ՄԽ-ի ճգնաժամային իրավիճակի մասին։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այդ ձևաչափի առնչությամբ  հիշեցնում է  հայկական կողմի առաջ քաշած պայմանը ։

«Խնդիրն այն է, որ ի սկզբանե Հայաստանի կողմից է պահանջ-պայման դրվել, որ «3+3» ձևաչափով առաջարկն ընդունելիս պետք է ընդունվի նաև այն պայմանը, որ այդ ձևաչափում որևէ հարց և օրակարգ չի կարող ներառվել և քննարկվել, որը որևէ այլ ձևաչափով քննարկվում է և այլ օրակարգերում ներառված է։ Տեղյակ չեմ, թե ձևավորված է արդյո՞ք օրակարգ»։

Հոկտեմբերի 26-ից հայ-ադրբեջանական շփման գծի Հայաստանի տարածքում  դիտորդական առաքելություն են իրականացնում ԵՄ դիտորդները։ Աղաջանյանը  տեղեկացնում է, որ այս պահին դիտորդները զեկույց են պատրաստում։ Մինչ զեկույցը կհրապարակվի, ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանում  հայկական  պատվիրակության անդամներն են   եվրոպացի գործընկերներին ներկայացրել իրավիճակը, ծանոթացրել  փաստերին ու ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին։ Դիվանագիտական այս ամբիոնը ևս օգտագործվել է միջազգային հանրությանը իրազեկելու և Ադրբեջանի նկատմամբ ճնշումը   ուժեղացնելու նպատակով։

«ԽՎ աշխատանքներին մասնակցելիս, նաև ամբիոնից հնչեցվեց հայկական կողմի ցանկությունը, որ այդ փաստաթղթին բոլոր պետությունները ծանոթանան, որպեսզի հետագայում գնահատականների մեջ հնարավորինս օբյեկտիվ տեղեկացված լինեն»։

ՄԽ-ն  տարիներ շարունակ գործել է ԵԱՀԿ շրջանակում, զբաղվել է հակամարտության լուծմամբ, շեշտել  ուժի չկիրառման կամ սպառնալիքի անթույլատրելիության սկզբունքները , բայց Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո այդպես էլ պաշտոնապես գնահատական չի տվել տեղի ունեցածին։

Back to top button