ԿարևորՀասարակություն

Գեներալ Վոլկովի հայտարարության ու Ադրբեջանի իրական նպատակների մասին

Արցախի ԱԱԾ-ն հերքել է նախօրեին սոցցանցերում լայնորեն տարածված տեղեկությունը, թե իբր Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության  խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայն է ադրբեջանական մաքսային կետ տեղադրել Լաչինի միջանցքում։

Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած այս տեղեկությունը իրականությանը չի համապատասանում, ասված է ԱՀ ԱԽ-ի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ Արցախում կարծում են, որ Ադրբեջանը դրանով փորձում է ևս մեկ անգամ ի ցույց դնել իր իրական մտադրությունները՝ կապված Հայաստանը Արցախին կապող միակ միջանցքի հետ։

ԱՀ ԱԽ-ն հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ իրականությանը չի համապատասխանում ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունն առ այն, թե իբր ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայնել է ադրբեջանական մաքսակետ տեղադրել Լաչինի միջանցքում։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։ Բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել Խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից»։

Արցախի ԱԽ-ն շեշտում է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ կետ տեղակայելու մասին շրջանառվող լուրերը կեղծ են և չեն բխում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության դրույթներից և կոչ է անում տուրք չտալ ապատեղեկատվությանը և հետևել բացառապես պաշտոնական լրատվությանը։

Նախօրեին զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել էր Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա ադրբեջանական զլմները հետևություն էին արել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում  ադրբեջանական հենակետ է տեղադրվելու։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նկատում է, որ տեղեկությունը նման կերպ ներկայացնելով, Ադրբեջանը ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր նպատակներն այս հարցով, որոնք առանց այդ էլ պարզ են, բայց իրականությունն այն է, ինչ ներկայացված է ԱԽ-ի հայտարարությամբ։

«Իրենց նպատակն առհասարակ միջանցքը փակելն է։ Մենք դրանում որևէ կասկած չունենք։ Անընդհատ տարբեր սադրանքներ են կատարելու, տարբեր, այսպես ասած, դժգոհություններ են արտահայտելու, որպեսզի խախտեն եռակողմ հայտարարության այդ դրույթը, որի համաձայն՝ միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ։ Նրանք ցանկանում են իրենց վերահսկողությունը հաստատել միջանցքի նկատմամբ»։

Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը, մասնավորապես, հայտարարել էր.

«Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով։ Մինչ այս պահը մենք տեխնիկական հսկողության միջոցներ չունեինք։ Մինի մաքսակետը գործելու է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի վրա տեղակայված առաջին ռուսական անցակետում։ Նմանօրինակ պայմանավորվածություն ձեռք է բերվել ռուսական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում»։

Վոլկովի այս հայտարարությունը տարածվեց շաբաթ օրը Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադեպին զուգահեռ։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի կարծիքով՝ այդ հայտարարության բովանդակությունը Ադրբեջանը  միտումնավոր է խեղաթյուրել։ 

«Ես կարծում եմ, որ նաև իրենց ներքին լսարանի համար էր այդ ամենը կազմակերպված, այսինքն, ցույց տալու, որ՝ տեսեք, մենք հսկիչ-անցագրային կետեր ենք դնում միջանցքի վրա, բայց իրականությունը  այլ է։ Համենայնդեպս, արցախյան կողմին  ռուսական խաղաղապահ զորակազմի տրված  պարզաբանմամբ, չի համապատասխանում  իրականությանը»։  

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Վոլկովի հետ, և նա վստահեցրել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու:

Խաղաղապահ զորակազմի հրամանատարն ասել է, որ նախատեսվում է տեղադրել ընդամենը տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, սակայն, չի բացառում, որ առաջիկայում էլ ադրբեջանական կողմը փորձի թեման «տաք պահել»՝ նպատակ ունենալով խաթարել 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ և դրանից հետո ձեռքբերված պայմանավորվածությունները՝ մասնավորապես միջանցքի հարցով։

«Կոնկրետ արցախյան կողմը մշտապես խաղաղապահների հետ մշտական կապի մեջ է և այս կամ այն հարցի վերաբերյալ արտահայտում է մեր ժողովրդի տեսակետը՝ ինչն է ընդունելի, ինչը ընդունելի չէ մեզ համար։ Այս ճանապարհով փորձում ենք, ըստ անհրաժեշտության, խնդիրների առաջացումը կանխել, կամ եթե արդեն իսկ դրանք առաջացել են, ապա՝ կարգավորել։ Այսինքն՝ հիմնական ճանապարհը ռուս խաղաղապահների միջոցով մեր ձայնը տեղ հասցնելն է»։ 

Շաբաթ օրն էլ Բաքուն այսպես կոչված մասնագետների խումբ էր ուղարկել խաղաղապահների տեղակայման վայր, իբր՝ «հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։

Ադրբեջանական այդ սադրանքի հետևանքով այդ օրը փակվել էր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Մայրուղին բացվեց մոտ 4 ժամ տևած բանակցություններից հետո  միայն։

Back to top button