Երաժշտական եռանկյունի

Արամ Հովհաննիսյան․ ժամանակակից կոմպոզիտորի ուղին․ «Երաժշտական եռանկյունի»

Երևանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, ֆլեյտահար և կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը պատկանում է ժամանակակից կոմպոզիտորների այն սերնդին, որը սկզբնական կրթությունը ստանալով Հայաստանում, ուսումն ու կատարելագործումը շարունակելով Եվրոպայում, վերադարձել է Հայաստան և հաջողությամբ աշխատում է կրթության և բեմարվեստի ոլորտում:

«Ավարտել եմ Երևանի պետական Կոնսերվատորիան՝ ստանալով երկու մասնագիտութուն՝ ֆլեյտահարի (Եվգենի Նանինյանի դասարանում) և կոմպոզիտորի՝ լինելով Լևոն Չաուշյանի դասարանի շրջանավարտ: Դեռևս ուսանողական տարիներին հիմնադրել եմ ժամանակակից երաժշտության «Աուս» անսամբլը՝ դաշնակահար և կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի հետ: Այսինքն դեռևս ուսանողական տարիներից ինձ հետաքրքիր էին նոր կոմպոզիտորական տեխնիկաները և փողայինների արտահայտչամիջոցների նոր միտումները»,- ասում է կոմպոզիտորը:

Մասնագիտական հետաքրքրություններն ու երաժշտական նոր իրականությանը ծանոթանալու նաև սովորելու մղումը դրդեց նրան 2003թ.-ին տեղափոխվել Շվեյցարիա՝ Ժնևի Կոնսերվատորիայի բարձրագույն դպրոցը, ուր նա ուսանել էր հանրահայտ շվեցարացի կոմպոզիտոր Միքայել Ժարրեի դասարանում՝ ստանալով MA in Arts գիտական կոչումը:

Եվրոպական երաժշտական մթնոլորտը, լայն շփումները բազմաթիվ ստեղծագործողների և կատարողների հետ խթանում են սեփական ստեղծագործությունը, ինչին նպաստում են մասնակցությունը մի շարք աշխարհահռչակ կոմպոզիտորների վարպետաց դասերին, ինչպիսիք են Տրիստան Մյուրայը և Պետեր Էտվշը: Ժամանակակից երաժշտության ուսումնասիրությունները, տեսական հարցերի քննարկումներն ու վերլուծությունը ներկայացնում է հարատև ընթացք, որը նաև իր հերթին պայմանավորում է ժամանակակից երաժշտության նորարարության և գյուտարարության զարգացումը:

Այդ առումով բազմաթիվ սեմինարները, որոնք որ կազմակերպվում են եվրոպական տարբեր հարթակներում, համալսարաններում և երաժշտական ընկերություններում, տալիս են այդ ընթացքի մեջ ընկղմվելու, ճանաչելու և ճանաչվելու հնարավորություն:

Արամ Հովհաննիսյանը մասնակցել է նման մի շարք սեմինարների՝ Կլաուս Հուբերի, Էմանուել Նունեշի, Անրի Դյուտիյոյի, Ռոլանդ Մոզերի, Հանս Տուչկույի և Իվո Մալերի ղեկավարությամբ:

Կոմպոզիտորը նաև կարևորում է մասնակցությունը մասնագիտական մրցույթներին: 2005 թ.-ին արժանացել է Ցյուրիխի Pre-Art առաջին միջազգային մրցույթի առաջին մրցանակին, 2011 թ.՝ Բեռնի երաժշտական փառատոնի կոմպոզիտորի մրցույթի առաջին մրցանակին, Kiefer-Hablitzel մրցանակին և էլի մի շարք նշանավոր եվորապական փառատոներին և մրցույթներին, International Composer Pyramid մրցույթ փառատոնի ընտրված 10 կոմպոզիտորներից է (2011թ․ Ֆրանսիա-Անգլիա):

Արամ Հովհաննիսյանի ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ միջազգային նախագծերում և փառատոներում, ինչպես նաև Հայաստանում նրա նախաձեռնությամբ ստեղծվում և անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ՝ հանրահռչակելով ժամանակակից հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Հաղորդման ընթացքում հնչում են կոմպոզիտորի տարբեր տարիների ստեղծագործությունները:

Back to top button