Աղետի գոտին՝ առանց տնակների․ ի՞նչ է առաջարկում կառավարությունը երկրաշարժից 34 տարի անց
Կառավարությունը մտադիր է առաջիկա 5 տարում աղետի գոտին վերջնականապես ազատել տնակային տնտեսություններից։ Այդ նպատակով դեռ այս տարվա հոկտեմբերին գործադիրը որոշում էր կայացրել մինչև 2027-ը ապամոնտաժել համայնքային սեփականության տարածքներում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունները, իսկ բնակիչներին վերաբնակեցնել։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը հիշեցնում է՝ մինչ այս աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացված վերջին ծրագիրը մեկնարկել է դեռ 2008-ին։ Այդ ժամանակ երկրաշարժից տանիքը կորցրած շուրջ 5400 ընտանիք էր ցուցակագրվել․ 14 տարվա ընթացքում նրանցից 5390-ի բնակարանային ապահովման հարցը պետությունը լուծել է։
«Դեռևս լուծման կարիք ունի Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիքի խնդիր։ Ինչպես գիտենք, այս ընտանիքները նախընտրել են, որ իրենց բնակարանային ապահովման խնդիրը դիտարկվի Կապսի ջրամբարի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում։ Այսինքն այդ ընտանիքներին աջակցությունը կտրամադրվի այդ ծրագրով ներկայացված պայմաններով ու չափով»,– ասում է Արզումանյանը։
Այնուամենայնիվ, չնայած իրականացված պետական ծրագրերին ու ծախսված ավելի քան 70 միլիարդ դրամին, այսօր 88-ի երկրաշարժից շուրջ 35 տարի անց էլ աղետի գոտի եզրույթը դեռ առկա է, քանի որ տնակներում ապրող մարդկանց բնակարանային խնդիրը ամբողջությամբ չի լուծվել։
2019 թ փաստագրվել է աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված շուրջ 7200 ոչ հիմնական շինություն։ Դրանք հավասարապես բաշխված են Շիրակի և Լոռու մարզերում, մի փոքր մասն էլ՝ Արագածոտնում։
«Ոչ հիմնական շինությունների տվյալները հավաքագրվել են և քարտեզագրական և աղյուսակային ձևերով և նրանց տեղաբաշխման մասին ինֆորմացիայի հետ համադրվել է նաև ընտանիքների կազմի, կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը։ Եվ, ի վերջո, ձևավորվել է մի ամբողջական տեղեկատվություն, որը հնարավորություն է տալիս կառավարությանը սահմանել մոտեցումներ և պլանավորել այս ընտանիքների մասով անելիքները»,– մանրամասնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։
2018 թ նոր կառավարությունը հայտարարեց «աղետի գոտի» եզրույթը շրջանառությունից հանելու մտադրության մասին։ Վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ ստեղծվեց, որը պետք է փաստագրեր, տվյալներ հավաեր պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերի իրականացումից հետո աղետի գոտու բնակավայրերում դեռ առկա ոչ հիմնական շինությունների ու դրանցում ապրող մարդկանց մասին։ Արդյունքում՝ 2022-ի հոկտեմբերին կառավարությունը համապատասխան որոշում ընդունեց։
Տանյա Արզումանյանն ասում է՝ այս ծրագրի շահառուների շրջանակը բազմաշերտ է։ Դրանում կընդգրկվեն բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն ժամանակ տարբեր պատճառներով դուրս են մնացել բնակապահովման ծրագրերից կամ աջակցություն են ստացել, բայց բնակարան ձեռք չեն բերել։
«Այս ծրագրի շահառու կլինեն այն ընտանիքնեը, որոնք նախորդ տարիներին ստացել են հնարավորություն, ծրագրի շահառու են ճանաչվել, բայց ինչ–ինչ պատճառներով չեն իրացրել իրենց իրավունքը, օրինակ՝ ստացել են վկայագիր, բայց սահմանված ժամկետում չեն գնել բնակարան։ Սրանք այն ընտանիքներն են, որ անօթևան են, բայց տարբեր տարիների ժամկետներ են բաց թողել, օրինակ՝ չեն հերթագրվել, կամ չեն կարողացել փաստաթղթեր ներկայացնել․ նրանք ևս բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն կստանան»։
Քաղաքաշինության կոմիտեում պարզել են, որ կան ընտանիքներ, որոնք ունեն սեփականություն, սակայն նրանց անշարժ գույքը վթարային է և քանդման ենթակա։ Արզումանյանը վստահեցնում է՝ այս ընտանիքները ևս կընդգրկվեն ծրագրում ու բնակարանի գնման վկայագրեր կստանան։
«Երկրորդ աջակցության տեսակը՝ մեկ սենյակի չափով ֆինանսական միջոցների տրամադրումն է․ սրանք այն ընտանիքներն են, որոնց կառավարությունը որպես բազմանդամ ընտանիք հնարավորություն է տվել, օրինակ՝ տնակներից մեկը չքանդելու՝ պայմանով, որ պետությունը հետագայում այս խնդրին կանդրադառնա»,– ասում է Տանյա Արզումանյանը։
Նոր ծրագրի շահառու բոլոր ընտանիքիները վեց ամսում պետք է լքեն տնակները ու քանդեն դրանք, այլապես դրա իրավասությունը կհանձնվի համայնքային իշխանությանը՝ մանրամասնում է Տանյա Արզումանյանը։ Ապամոնտաժման ենթակա կառույցներն ամենաշատը Գյումրիում են, Սպիտակում և Վանաձորում: Դրանց 60 տոկոսը տեղադրված են հենց համայնքային նշանակության հողերի վրա։
Ըստ ծրագրի՝ 2027 թ համայնքային հողերում այլևս տնակներ չեն լինելու։ Իրավապաշտպանները, սակայն, ծրագիրը սոցիալապես խոցելի են համարում։
«Անօթևանության խնդիրը այս ծրագիրը չի լուծում, այս ծրագիրը պարզապես լուծում է 3 մարզերում համայնքապատկան և պետական հողերի վրա գտնվող կառույցների և դրանցում ապրող մարդկանց խնդիրները։ Իսկ անօթևանները անհամեմատ ավելի մեծ բազմություն են, որի մեջ նաև այս խմբի մարդիկ են մտնում»,– ասում է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Բարսեղյանի կարծիքով՝ ծրագրի առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե համայնքային հողերը տնակներից ազատելը, այլ աղետից տուժած և արդեն 34 տարի տնակներում ապրող մարդկանց բնակարանային ապահովումը։