ԿարևորՔաղաքական

Ալմա-Աթայի հռչակագրի «մուրճը»․ ինչպես կարող են համընկնել Հայաստանի և Ադրբեջանի կարծիքները

Հայաստանում հավանական են համարում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ։

Այդ հնարավորության մասին նախօրեին խոսել էր Ադրբեջանի արտգործնախարարը՝ Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո։ Հայաստանում այս հայտարարությանն արձագանքել են ոչ թե ԱԳՆ-ում, այլ՝ խորհրդարանում։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ու անդամները պարզաբանել են նաև, թե ինչպես կարող են Ալմա-Աթայի հռչակագրի հարցում համընկել Հայաստանի և Ադրբեջանի շահերը։  

Պաշտոնական Երևանը ոչ թե արտգործնախարարության, այլ՝ ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մակարդակով հաստատում է, որ ստացել է խաղաղության օրակարգին առնչվող Ադրբեջանի առաջարկները։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը չի բացառում, որ կողմերը մինչև տարեվերջ այս օրակարգով ևս մեկ հանդիպում ունենան։ Պատգամավորը տեղեկություններ չունի, որ Ադրբեջանը մերժել է հայկական առաջարկները։

«Վերջին շրջանում որևէ նման հայտարարություն չի եղել, առնվազն ես ծանոթ չեմ։ Այն առաջարկը, որը ստացել ենք , հնարավոր փաստաթղթի մշակման գործնական փուլ է։ Ինչպես գիտեք, ի սկզբանե ադրբեջանական կողմից ստացել էինք առաջարկները, որին հաջորդել է նույն առաջարկների շուրջ մեր լրացված տարբերակը, դրանից հետո էլ արդեն  երրորդ փաթեթն ենք ստացել։ Այսինքն՝ խոսքը նույն հիմքն ունեցող տեքստի շուրջ աշխատանքի մասին է։ Քանի որ աշխատանքային փուլում է այս տեքստը, որևէ դիրքորոշում առ այն, թե ընդունելի է կամ ոչ, այս պահի դրությամբ դեռ վաղ է ասել»։  

Աշխատանքային տեքստը՝ ասել է, թե առաջարկները նույնպես չեն հրապարակվում։ Բայց եթե նույն հիմքով են աշխատում, ապա խոսքը Ադրբեջանի 5 կետանոց առաջարկի մասին է, որին Հայաստանն արձագանքել էր 6 կետանոց պատասխանով։ Այն, ինչ հայտնի է այդ կետերից, հետևյալն է․

  • Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
  • Պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
  • Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ ու ուժ կիրառելուց և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամապատասխան քայլերից։
  • Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
  • Տրանսպորտային հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն։

«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասում է, որ խաղաղության օրակարգի շուրջ բանակցային ամբողջ պրոցեսից խորհրդարանական ընդդիմությունը որևէ տեղեկություն չունի։

«Գիտեմ, որ Ալիևը հրաժարվեց Փաշինյանի հետ հանդիպել, չգիտեմ ինչ է լինելու, համենայնդեպս Հայաստանը միշտ հայտարարել է, որ ընդունում է  Ադրբեջանի հինգ կետերը, Ադրբեջանը ոգեշնչված ավելի է խստացնում դրանք։ Հայաստանը հավանաբար մի հեղհեղուկ պատասխան կտա, որի առաջին կետը կլինի՝ նամակը ստացանք։ Պետք է ազգային շահը կարողանան հետապնդել, հրաժարվել ամեն անգամ Ադրբեջանի զիջումներին տրվելուց, պետք է կարողանան մոբիլիզացնել միջազգային հանրությանը, որովհետև մենք տեսնում ենք, որ որևէ գործուն աջակցություն Հայաստանը չի ստանում»։

Թե ինչ ուղղություններով են այժմ աշխատում կողմերը, հուշում է  բարձրաստիճան  հանդիպումների օրակարգը։ Վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դժգոհել էր, որ խաղաղության պայմանագրի առաջին առաջարկները տարեսկզբին մշակել և կողմերին էր ներկայացրել Ռուսաստանը, բայց Լավրովի կարծիքով՝ իրավիճակը փոխվեց Պրահայի հանդիպումներից հետո, երբ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը համաձայնեցին  բանակցությունների հիմքում դնել ՄԱԿ-ի կանոնադրությունն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։

Ո՞րն է ակնարկը, երբ ռուս դիվանագետը բազմանշանակ հայտարարում է, որ այդ փաստաթղթերը հետագայում վճռական նշանակություն են ունենալու կարգավորման գործընթացի վրա։ Ալմա-Աթայի հռչակագրով՝ ԱՊՀ պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ սա հաճախ մեկնաբանվում է այն համատեքստում, թե Հայաստանն այդ քայլով Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։ Այսպես է հարցը հասկանում Ադրբեջանը և որոշ դեպքերում նաև Ռուսաստանը, իսկ Հայաստանի իշխանությունները մեկնաբանում են այլ դիրքերից։ Շեշտը դրվում է այն փաստի վրա, որ ԽՍՀՄ փլուզման և ԱՊՀ ձևավորման ժամանակ Լեռնային Ղարաբաղն արդեն օգտվել էր ինքնորոշման միջազգային իրավունքից։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հիմնավորում է, թե ինչու է ընդունելի դարձել Ալմա Աթիի հռչակագիրը, ինչը տարակուսանքով են ընդունում բանակցությունների մասնակիցները։  

«Մեկընդմիշտ առանձնացնենք տարածքային վեճ հասկացությունը ժողովրդի ցանկացած իրավունքից, այդ թվում՝ նաև ինքնորոշման իրավունքից։ Այն օրակարգը, որը Ադրբեջանն է առաջ մղում, ուղղված է խնդիրը հենց տարածքային վեճ դարձնելուն։ ԼՂ հարցը երբեք չի եղել տարածքային հարց, այսինքն՝ ոչ ԼՂ-ն է տարածքներ պահանջել Ադրբեջանից երբևէ, ոչ առավել ևս կամ առանձին վերցրած Հայաստանը։ Երբ մենք կասկածի տակ ենք դնում հայ-ադրբեջանական սահմանի ճանաչումը, սա նշանակում է, որ մենք կասկածի տակ ենք դնում այդ հարցը, որ Հայաստանը կարող է տարածքներ ցանկանալ Ադրբեջանից, ինչը գոյություն չունի իրականության մեջ։ Սա հենց ադրբեջանական նարատիվը, խոսույթն է։ Մենք գոնե այս հարցում պետք է միասնական դիրքորոշում ունենանք։ Խոսքը վերաբերում է ժողովրդի ինքնորոշման իրավունքին»։

Նույն հանձնաժողովից կրկին ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը հստակեցնում  է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը որևէ առնչություն չունի ԼՂ հիմնախնդրի հետ։ Հիմնավորում է, թե ինչպես է ստացվում, որ Ալմա-Աթայի հռչակագրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են․

«Հայաստանը տարածքի վիճարկմամբ չէ, որ այս հակամարտության մեջ որևէ դերակատարում է ունեցել 30 տարի շարունակ։ Սա տարածքային վեճ չէ։ Հետևաբար՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, դրա վերահաստատումը, հղումը տարբեր փաստաթղթերի, որով այդ սահմանը վերահաստատվում է, առնչություն չունի ԼՂ հիմնախնդրի հետ։ Պարզ տրամաբանություն է, Հայաստանը չպետք է ներքաշվի տարածքային վեճի մեջ։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը գոյություն ունի 1991 թվականից, երբ երկու երկրները անկախացել են, այդ սահմանը Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատվել է, և նշված իրադարձությունները Հայաստան-Ադրբեջանի սահմանի առնչությամբ չէ, որ ծավալվել են։ Դիցուք՝ երևակայեք, Հայաստանը մեկ այլ տարածաշրջանում լիներ, ԼՂ ժողովուրդը այդ ինքնորոշման գործընթացով անցնելու էր, չէ՞»։    

Մինչ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Ալմա-Աթայի հռչակագիրը առաջընթացի լավ հիմք են ստեղծում, Հայաստանում շարունակում են պնդել, որ արցախցիները ինքնորոշվելու իրավունք ունեն միջազգային իրավունքի նորմերով ու միջազգային տարբեր փաստաթղթերի համապատասխան դրույթների համաձայն։

Back to top button