ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի ցեղասպան քայլերը բարձրաձայնվել են Հաագայում տեղի ունեցած մասնագիտական քննարկմանը

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Լյուքսեմբուրգի դեսպանության հրավերով մասնակցել է վերջինիս կողմից Միջազգային քրեական դատարանի անդամ երկրների 22-րդ վեհաժողովի շրջանակներում կազմակերպված «Ցեղասպանության կանխարգելման պարտավորության իրականացումը միջազգային իրավունքի ներքո» խորագրով քննարկմանը, որին ներկա են եղել անվանի գիտնականներ, միջազգային դատական ատյանների դատավորներ, դեսպաններ։

Հիմնական բանախոս պրոֆեսոր Հուննա Գերրին, անդրադառնալով մեր օրերում ցեղասպանության վտանգին առերեսվող ժողովուրդներին, ընդգծել է Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի բնակչությանը սպառնացող ցեղասպան գործողությունները։ Պրոֆեսոր Գերրին շեշտել է, որ 2020թ. ինչպես «Genocide Watch» -ը, այնպես էլ Լեմկինի ինսիտուտը, բազմաթիվ զգուշացումներ են հրապարակել Ադրբեջանի քայլերի և հռետորաբանության իրական վտանգների մասին, սակայն այդ ամենը չի արժանացել պատշաճ միջազգային արձագանքի։

Իր խոսքում դեսպան Տիգրան Բալայանը նշել է, որ ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են 20-րդ դարի սկզբին տիրող իրավիճակը, երբ միջազգային մամուլը և Օսմանյան Կայսրությունում աշխատող դիվանագետները գրում էին հայերի ջարդերի մասին, սակայն Օսմանյան իշխանությունները շարունակում էին հայերի կոտորածները` համոզված լինելով, որ անպատիժ են մնալու։

«Ադրբեջանի իշխանությունները՝ ամենաբարձր մակարդակով, ամեն օր կոպտագույն կերպով խախտում են Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցները` խորացնում հայերի դեմ ատելությունը, սպառնում նոր բռնություններով, ոչնչացնում հայկական ժառանգությունը` համոզված լինելով, որ անպատիժ են մնալու», ընդգծել է դեսպան Բալայանը։

Հայաստանի դեսպանը նշել է, որ միջազգային դերակատարների կողմից երկակի ստանդարտների կիրառումը բերում է աղետալի հետևանքների, որոնք տեսանելի են և խաթարում են միլիոնավոր մարդկանց կյանքեր աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Կովկասյան տարածաշրջանում։

Back to top button