ԿարևորՄիջազգային

Մակրոնը հայտարարել է, որ ուղիղ կապ է պահպանում Պուտինի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ անմիջական կապի մեջ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես կանոնավոր քննարկումներ եմ ունենում և ուղիղ կապ եմ պահպանում նախագահ Պուտինի հետ, քանի որ կարծում եմ, որ փոխգործակցության վերսկսման լավագույն միջոցը [հաղորդակցության] այս ուղիղ միջոցը պահպանելն է», — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը ամերիկյան CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ Նա նշել է, որ նման իրավիճակում «վատագույնը մեկուսացումն է»։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում Ուկրաինայի հակամարտության ավարտը, Մակրոնն ասել է, որ «ուկրաինացիները պետք է որոշում կայացնեն»։ «Այս իրավիճակից միակ ելքը բանակցություններն են: Ես ռազմական տարբերակներ չեմ տեսնում»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Հարցին, թե արդյոք նա ոչ պաշտոնական բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, Մակրոնը բացասական պատասխան է տվել։ «Ես երբեք չեմ մասնակցում ոչ ֆորմալ գործընթացներին: Ես միշտ զեկուցում եմ իմ գործողությունների մասին: Ամեն անգամ, երբ խոսել եմ նախագահ Պուտինի հետ, դա հրապարակել եմ»,- ասել է նա՝ հավելելով, որ նման մոտեցում է ցուցաբերում նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ շփվելիս:

Շաբաթ օրը Ֆրանսիայի ղեկավարը, ԱՄՆ կատարած պետական ​​այցից հետո, TF1-ին տված հարցազրույցում հաստատել է, որ ակնկալում է մոտ ապագայում հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ։ Մակրոնի խոսքով՝ ինքը մտադիր է անդրադառնալ նաև Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Back to top button