Դասական երաժշտությունը և մենք

Կրկին, կրկին Կոմիտաս․ «Դասական երաժշտությունը և մենք»

Հայ երաժշտության ինքնուրույնությունն ապացուցելու գործը Կոմիտասի համար դարձավ օդի պես անհրաժեշտ մի բան ստեղծագործական գործունեության առաջին իսկ տարիներից։
Այդ գործի կարևորությունը մեծանում էր նաև այն պատճառով, որ 20-րդ դարասկզբին հայ երաժշտության ազգային ակունքները ժխտելու փորձերը մոտենում էին արմատացած կարծիքի վերածվելու վտանգին, իսկ դա անխուսափելիորեն կարող էր զրկել մեր երաժշտությունը զարգացման որևէ հեռանկարից։

Ահա թե ինչու Կոմիտասն իր տիտանական պայքարը ուղղեց նման թերահավատ կարծիքների դեմ՝ նպատակ դնելով իսպառ վերացնել դրանք թե՛ Հայաստանում և թե՛ արտասահմանում։

«Խեղճ հայ ժողովուրդ,-գրում էր Կոմիտասը,- ազգ ես և ինքնուրույն այնքան, որքան մյուսները․ այդ ոչ ոք կարող է հերքել։ Ունիս հատուկ լեզու՝ կխոսիս, ունիս հատուկ ուղեղ՝ կդատես, ունիս հատուկ մարդաբանական կամք, որով կզատվիս այլ ազգերեն ու անոնց կազմեն, սակայն սիրտդ, որ զգացմանցդ աղբյուրն է, քուկդ չէ ելել, այլ մի ինչ–որ ասորաբյուզանդական և հնդկա-պարսկական է եղել»։

Եվ Կոմիտասն իր եռանդը, ըստ էության ամբողջ կյանքը լիովին նվիրաբերեց ապացուցելու համար, որ իր ժողովրդի մեծ սիրտը դարեր շարունակ հորդառատ գետի պես դեպի համամարդկային հոգևոր օվկիանոս է մղել իր երաժշտության շռայլ ու հարուստ հորձանքը, իսկ այդ հորձանքը նույնքան հուզառատ ու պերճախոս է, որքան նրան ծնող ժողովուրդը։

Ինչպես Կոմիտասն է ասում․ «նրա հպարտ լեռնե՞րը, ժողովրդի ներքին և արտաքին կյա՞նքը․-այո, այս բոլորը նյութ են կազմում ազգային երաժշտության, մի խոսքով՝ այն ամենը, ինչ ազդում է այդ ազգի զգացմունքների և մտքի վրա»։

Back to top button