

«Այն վայրկյաններին, երբ մենք խոսում ենք, աշխարհում տեղի են ունենում ցեղասպանական գործողություններ»,- ասում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամ, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը` արձանագրելով, որ Երկրորդ աշխարհամարտից հետո այսօր ամենացինիկ մարդկային քաղաքակրթության ճգնաժամի վկան ենք։
1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը ընդունեց Ցեղասպանությունների դեմ պայքարի կոնվենցիան։ Դրանից հետո աշխարհում տեղի են ունեցել ցեղասպանական տարբեր գործողություններ` Իրաքում եզդիների, Դարֆուրում, Հարավսլավիայում, դրանից առաջ Վիետնամում եւ Աֆղանստանում։ Ցեղասպանագետն արձանագրում է, որ մարդկությունը Երկրորդ աշխարհամարտից հետո դասեր, ըստ էության, չի քաղել։
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմին անդրադառնալով` նշում է, որ մենք ականատես եղանք նախացեղասպանական գործողության` հիմնված էթնիկ համերաշխության վրա, որին ավելացան ահաբեկչական կառույցների գործողությունները։
Շատերին թվում է, որ ցեղասպանությունը մարդ սպանելն է, շատ մարդ սպանելը, ասում է Հայկ Դեմոյանը` նշելով, որ ցեղասպանություն է նաեւ կյանքի այնպիսի պայմաններ ստեղծելը, որ մարդիկ չկարողանան ապրել իրենց բնակավայրերում (օրինակ է բերում Արցախում Հադրութի բնակչությանը), կամ երեխաներին էթնիկ մի խմբից մեկ այլ խումբ տեղափոխելն ու նրանց ինքնությունը։
Ըստ Դեմոյանի` խոշոր պետությունները դեռ ունեն իրենց հետկայսերական կոդերը, նրանք չեն ընդունում ծայրամասերի նախկին հպատակ երկրների էթնիկ հանրությունների պետական միավորումների առկայությունը եւ նրանք աշխատում են դրանց մարգինալացնել ու 44-օրյա պատերազմը նաեւ պետք է դիտարկել այդ համատեքստում։
- Ի՞նչ կլինի, եթե մարդկությանը հաջողվի կանխել ցեղասպանությունները։
- Ի՞նչ կլինի, եթե ցեղասպանագետները փորձեն ցեղասպանությունների դեմ պայքարել` օրինակ վերցնելով էկոլոգներից` բնապահպաններից։ Ու սա արդյո՞ք հնարավոր է։
- Ի՞նչ կլինի, եթե բոլոր ցեղասպանությունների հետեւանքների վերացման վրա կիրառվի Հոլոքոստի նախադեպը։


Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Քաղաքակրթությունն ու ցեղասպանությունները. այս թեմայի շուրջ ենք խոսել Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամ, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ։