ԿարևորՀասարակություն

Հայկ Թովմասյանի պատերազմական հուշերը` «Մթի հերթափոխը» գրքում

Ժամկետային զինծառայող Հայկ Թովմասյանն անցել է պատերազմով, վիրավորվել ու հիմա բուժումը շարունակում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում:  Ծառայել է Մատաղիսում: Խոստացել է իրականացնել զոհված ընկերոջ ցանկությունը՝ պատերազմի մասին հիշողությունները վերածել գրքի: «Մթի հերթափոխն» արդեն տպարանում է և շուտով կհրատարակվի:

Հայկի զորացրվելուն չորս ամիս էր մնացել, երբ պատերազմը սկսվեց: Մատաղիսի զորամասում մարտական հերթափոխը սեպտեմբերի 25-ին էր հանձնել ծառայակիցներին: Առջևում հանգստյան օրեր էին, լայնածավալ հարձակման մասին չէին մտածում:

 «Ուրբաթ օրը իջանք պոստերից, գնացինք բաղնիք, դուրս գալիս հրամանատարներն ասացին, որ բրոնիկներն ու կասկեքը (զրահաբաճկոններն ու սաղավարտները) կախենք մահճակալներից, հնարավոր է՝  վերև բարձրանանք: Կասկեքն ու բրոնիկները կախում էինք մահճակալներից այն ժամանակ, երբ ինչ-որ կարևոր, թեժ դրություն պետք է հայտարարվեր»:

Իսկ թեժ դրությունն ավելի շուտ հայտարարվեց. պատերազմ էր սկսվել, նորից բարձրացան դիրքեր: Պատերազմի մասին պատմելիս Հայկը հաճախ շունչը պահում էր,  երկար լռում, փորձում իրադարձությունների հերթականությունը հիշել:

«Մերը չպահվող դիրք էր, պատերազմի ժամանակ պետք է հերթափոխ իրականացնեինք նաև չպահվող դիրքերում: Այնտեղից երևում էր Մատաղիսի ամենավտանգավոր  մարտական դիրքը, որ թշնամուց հեռու էր ընդամենը 32 մետր: Երկու սարերի վրա՝ դեմ-դիմաց»:

Պատերազմի առաջին օրերին Մատաղիսում կատաղի մարտեր էին, տղաներին հրամայված էր թողնել մարտական դիրքերն ու նահանջել. ողջ չմնալու վտանգը մեծ էր։

«Էդ գիշեր թողեցինք այդ դիրքը,  որովհետև հրաման կար, որ ադրբեջանցիները տանկեր են մոտեցնում: Դա ամենացավոտ բանն էր պատերազմի ընթացքում, որ պետք է թողնեինք Մատաղիսի զորամասը, դիրքերը, գյուղը՝ Թալիշ, Մատաղիս, որովհետև Թալիշն ամբողջովին գրավված էր»:

Դիրքերը թողնելիս ոչնչացրել են այն ամենն, ինչը հնարավոր չէր տեղափոխել՝ գիշերային սարքեր, զենք-զինամթերք:  Նահանջել են, բայց շարունակել են  պայքարը: Լքված դիրքերից մեկում քնած էր մնացել ընկերը՝ ժամկետային զինծառայող Ռազմիկը:

«Շեյլի մեջ էր քնել, որն օդային հարձակումից պաշտպանվելու փոս էր: Բոլորս մտածում էինք, որ վերջ՝ Ռազը կամ գերի է ընկել, կամ մահացել է: Արթնացել էր ու հասկացել, որ մենակ է մնացել, իսկ խրամատում արդեն թուրքերն էին և հնարավորություն չուներ ոչ մի ձևով փախչելու: Եթե փախչեր ռովով (ավտոմեքենայի ճանապարհ), ապա իրեն հաստատ  կնկատեին, խրամատով էլ կնկատեին:  Փախչելու միակ ճանապարհն ականապատ դաշտն էր»:

Ռազմիկին հաջողվել էր փախչել ականապատ տարածքով ու միանալ վաշտին:

«Նստած զենքս էի մաքրում, Ռազի ձայնը լսեցի, տեսա ինքն էր, պատմեց, որ ականապատ դաշտով է հասել մեզ: Անկեղծ ասած, բոլորս զարմացել էինք, ասեցինք՝ եթե ականապատ դաշտով փախել ու հասել ես մեզ, ուրեմն քեզ էլ ոչինչ չի պատահի»:

Պատերազմից նաև ժպիտով հիշվող պատմություններ կան: Հոկտեմբերի 6-ը Հայկի ծննդյան օրն է, տղաները շնորհավորել են ու ցույց տալով լուսային ականանետերը՝ կատակել, թե ինչպիսի  հրավառություն են կազմակերպել նրա պատվին: Նորից հիշում է Ռազմիկին.

«Ալաշանում 1-2 օր մնացինք անտառի մեջ, հետո գնացինք դպրոց: Տեսնենք Ռազը եկավ՝ սափրված, նոր շորեր հագած: Հարցրինք՝  ինչո՞ւ  ես այդպես պատրաստվել, ասեց, որ մահանամ, լավ տեսք ունենամ»:

Հայկի ծննդյան հաջորդ օրը լուսադեմին Ռազմիկն ու Ռոմանը զոհվել են: Ռազմիկը հաճախ է խոսել պատերազմի  հիշողությունները գրքի վերածելու  մասին: Հայկը խոստացել է իրականություն դարձնել Ռազմիկ Ավետյանի ցանկությունը: Նրան օգնել է Մայր բուհի բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Պողոսյանը: Գիրքը վերնագրել են «Մթի հերթափոխը»։

«Վերնագրել եմ «Մթի հերթափոխը», որովհետև պատերազմից հետո իմ կյանքում լույս բացվեց, մթին փոխարինեց լույսը: Հասկացա, որ հարազատ մարդկանցով եմ շրջապատված: Ստեղծեցի իմ կյանքի բանաձևը, որ միայն իմ տեղը չեմ ապրելու,  նաև մյուս տղաների փոխարեն ու շարունակելու եմ իրենց կիսատ գործը: Փորձեցի ոչ միայն ինքս ինձ օգնել, այլ նաև հարազատներիս, որովհետև եթե ես ժպտամ, կժպտան նաև իրենք. փորձում եմ պատերազմը հաղթահարել ժպիտով»:

Հայկ վիրավորվել է հոկտեմբերի 10-ին: Պատերազմի՝ անվերջ թվացող օրերի մասին է հիշում Հայկի մայրը՝ Քրիստինեն.

«Ես խնդրում էի, հորդորում բարեկամներին, որ չզանգեն Հայկին, որպեսզի նրա  ու ընկերների  կյանքը չվտանգեն, որովհետև ռադիոկապը տեղորոշում է տեղանքն ու թիրախավորում: Անընդհատ տագնապային վիճակում ենք եղել, միշտ աղոթքներով, ասում էի՝ թող ոտքից, թևից վիրավորվի, միայն թե այդ ամեն ինչից պրծնի ու գա հասնի մեզ»:

Հայկ Թովմասյանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց «Ես ուժեղ եմ»  նախագծին: Հայկն ուժերն ուզում  է փորձել նաև «Սթենդ ափ»-ի հումորային ժանրում:  Մինչ այդ բուժումն է շարունակում «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում,  իսկ պատերազմի մասին գիրքն արդեն տպարանում է։

Back to top button