ԿարևորՔաղաքական

Կան գործիքները՝ ստիպելու Բաքվին հարգել խաղաղության օրակարգը․ բասկ պատգամավոր

Միջազգային հանրությունը պետք է ստիպի Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը և զորքերը դուրս բերել հայկական հողերից` ասում է Բասկերի երկիրը Իսպանիայի պատգամավորների կոնգրեսում ներկայացնող Ջոն Ինարիտուն։

Երկօրյա այցով Հայաստանում գտնվող պատգամավորը եղել է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած բնակավայրերում, մասնավորապես Ջերմուկում և Սոթքում։

«Ցնցված էինք՝ տեսնելով, որ քաղաքացիական ենթակառուցվածքները, տները հարձակման են ենթարկվել ադրբեջանական բանակի կողմից։ Իմ տեսանկյունից, սա միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը չի հարգում խաղաղության օրակարգը և օկուպացնում է Հայաստանի տարածքը»,- Հայաստանի հանրային ռադիոյին հետ զրույցում ասում է Ջոն Ինարիտուն։

Իսպանիա վերադառնալուց հետո պատգամավորը գործընկերներին կոչ է անելու շարունակել դատապարտել ադրբեջանական ագրեսիան խորհրդարանում և հորդորել միջազգային հանրությանը՝ ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը:

Եվրոպական մի շարք երկրների խորհրդարաններ ընդունել են ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևեր՝ նաև կոչ անելով հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ազատ արձակել ռազմագերիներին, պահպանել հայկական մշակութային ժառանգությունը, մինչդեռ կառավարությունների կողմից գործնական քայլեր առայժմ չեն ձեռնարկվում։ Գործադիր իշխանությունները նույնիսկ հայարարում են, որ խորհրդարանական բանաձևերը չեն արտահայտում երկրի պաշտոնական դիրքորոշումը։

Ջոն Ինարիտուն հիշեցնում է․ «Չնայած շատ խորհրդարաններ, այդ թվում Իսպանիայի խորհրդարանները, ընդունել են Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր, Եվրամիությունն և Ադրբեջանը ստորագրել են գազային համաձայնագիր՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով, որով խթանվում է ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա»։

Սակայն պատգամավորի համար անտրամաբանական է, երբ պատժամիջոցներ են կիրառելվում Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառաբանությամբ, մինչդեռ ամրապնդվում են հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը նույնն է անում Հայաստանի նկատմամբ։

Ինարիտուն կարծում է, որ միջազգային հանրությունն ունի անհրաժեշտ գործիքներ՝ ստիպելու Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը։ Նա հիշեցնում է, որ Հայաստանը և Ադրբեջանը Եվրախորհրդի և ԵԱՀԿ անդամ են և շեշտում, որ այդ կառույցները «պետք է որոշումներ կայացնեն հարձակումների վերաբերյալ»։

«Կա նաև Միավորված ազգերի կազմակերպությունը, որն ունի բազմաթիվ մեխանիզմների՝ պարտադրելու, ստիպելու Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքը, իսկ հրաժարվելու դեպքում միջոցներ ձեռնարկել երկրի դեմ։ Ադրբեջանը ագրեսորէ, և միակ լուծումն է՝ ստիպել Ադրբեջանին դուրս գալ հայկական հողերից և հարգել խաղաղության օրակարգը»,- ընդգծում է Ջոն Ինարիտուն։

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը վերջերս մերժեց Ադրբեջանի հետ կնքված միջպետական համաձայնագիրը, և պատճառը հենց Հայստանի դեմ ագրեսիան էր։ Չնայած իշխող կուսակցությունները շահագրգռված էին գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին համաձայնագրի վավերացմմբ, որոշումը չընդունվեց, քանի որ կալիցիոն կուսակցություններից մեկը ձեռնպահ քվեարկեց։

Պատգամավորը հույս ունի, որ առաջիկա ամիսներին Իսպանիայի խորհրդարանը նաև Հայոց ցեղասպանությունը կճանաչի։

«Իսպանիայում շատ շրջաններ, ինչպիսիք են Կատալոնիան և Բասկերի երկիրը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և այժմ մենք աշխատում ենք, որպեսզի այն ճանաչվի երկրի խորհրդարանի կողմից, կարծում ենք, որ հնարավոր է առաջիկա ամիսներիկն ապահովել ձայների մեծամասնություն։ Սա հայ ժողովրդի արդարության հարցն է, և հուսով եմ, որ շուտով կհասնենք ճանաչման»,- ասում է Ջոն Ինարիտուն։

Back to top button