ԿարևորՀասարակություն

Անկարան ու Բաքուն համատեղ վարժանքներ են անցկացնում․ ո՞րն է թիրախը

Ադրբեջանն ու Թուրքիան նոր համատեղ զորավարժություն են սկսել։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ վարժանքներին մասնակցում են ցամաքային զորքերը օդուժն ու հատուկ նշանակության ստորաբաժանումները, հրթիռահրետանային և ինժեներական զորքերը։

Այս իրադարձության ֆոնին Բաքու է ժամանում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Փորձագետները վստահ են, որ այս զորավարժություններն ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ։ 

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ թուրք-ադրբեջանական  զորավարժությունները, որոնք անցկացվում են տարբեր զորատեսակների , մարտական և հատուկ ինժեներա-սակրավորական տեխնիկայի, ինչպես նաև ադրբեջանական ռազմական ավիացիայի և Թուրքիայի զինված ուժերի ներգրավմամբ, ընդգրկում են Բաքուն և Ադրբեջանի մի քանի շրջաններ։ 

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ զուրավարժություններում տարբեր առաջադրանքներ են  կատարվում հրետանու, ավիացիայի և այլ զորատեսակների կիրառմամբ, շարժական կամուրջներ են բացվում գետանցումների համար և այլն։ Հաղորդվում է, որ հիմնական ուշադրությունը հատկացվում է զորքերի միջև մարտական փոխգործակցության հաստատմանը, կառավարման կատարելագործմանը, փորձի փոխանակմանը և այլն։ 

Հայկական փորձագիտական դաշտում կարծում են, որ այս զորավարժությունները շատ հստակորեն ուղղված են Իրանի և Հայաստանի դեմ։ Այս տեսակետին է, օրինակ՝ թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Դա կարելի է հեշտությամբ հասկանալ` նայելով զորավարժությունների աշխարհագրությանը` Իրանի հետ սահմանակից Աստարա, Իմիշլի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններ: Ըստ զորավարժությունների սցենարի` նախատեսվում են վարժանքները գետը անցնելու (այսինքն` Արաքսը) և հակառակորդի թիկունքում ճեղք բացելու նպատակով: Այսինքն հստակ ուղղված է Իրանի դեմ»:

Մի խոսքով` մեծ կռիվ է հասունանում՝ կարծում է թուրքագետը։ Հիշեցնենք, որ վերջերս Իրանն էր զորավարժություններ անցկացրել, որոնց ժամանակ դեպի Ադրբեջան շարժական կամուրջներ էր բացել զորքի ու զինտեխնիկայի համար։  Թուրք-ադրբեջանական այս զորավարժությունը, մասնավորապես, կամուրջ կապելու սցենարի այս կրկնությունը, ըստ իրանագետ Հարութ Առաքելյանի, Իրանի զորավարժության պատասխանն է։ Փորձագետը կարծում է, որ այս կերպ հեռակա ռազմական մեսիջ  են փոխանցում Իրանին։

Փորձագետի, համոզմամբ, սակայն, դա մանիպուլիացիա է, քանի որ  թուրք-ադրբեջանական տանդեմն, իհարկե, Իրանի դեմ դժվար թե փորձի ինչ-որ քայլեր ձեռնարկել, բայց Հայաստանի դեմ քայլեր անելով են փորձելու ազդել Իրանի վրա, որը ամենաբարձր մակարդակով է շեշտել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։

«Շատ բնական է, որ իրենք հիմա չունեն ռեսուրս, որ ուղղակի Իրանի դեմ ինչ-որ բան փորձեն անել։ Կարող ենք ասել, որ Իրանի, ինչպես նաև Ֆրանսիայի հայտարարությունները Հայաստանին պաշտպանելու վերաբերյալ նրանք փորձելու են անել Հայաստանին հարվածելով։ Այդ կերպ՝ փորձելու են հասկանալ, թե նրանք իրենց խոսքի տերը ինչքանով կարող են լինել»։

Իրանի ազդեցությունը տարածաշրջանում վիճարկելով փորձելու են Իրանի իմիջը խեղաթյուրել՝ կարծում է իրանագետը։ Իրանի հետագա արձագանքներից ելնելով կարելի է հասկանալ տարածաշրջանում հետագա զարգացումներն ինչպիսին կլինեն՝ եզրափակում է Հարութ Առաքելյանը։ 

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի գնահատմամբ՝ հերթական այս զորավարժությունները սովորական թուրքականություն են։ Լինելով հաղթողի պատվանդանին՝ մշտապես կիրառում են ուժի, կամ ուժի սպառնալիքի քաղաքականությունը։  

«Դա սպառնալիք է Հայաստանին։ Հիմք չունենք պնդելու, որ դա կարող է պատերազմի վերածվել, բայց ունենք հիմք պնդելու, որ դա ուժի սպառնալիքի ցուցադրություն է՝ Հայաստանից կորզելու առավելագույնը»։  

Քաղաքագետի համոզմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է փչացնել այն արձագանքները, օրինակ՝ ֆրանսիայից եղած, որոնք ցույց են տալիս, որ գնալով Հայաստանի փաստարկներն ավելի ընկալելի են դառնում միջազգային հանրության համար։

«Փորձում են այն բոլոր զսպիչ մեխանիզմները, որոնք Հայաստանը իր համար ստեղծել է, պաշտպանիչ բարձիկները, որոնք շատ չեն, բայց նվազագույն բաներ կան Հայաստանի շուրջ, իրենք փորձում են, այսպես ասենք,  դրանք չեզոքացնել, ցույց տալ, որ դա ոչ մի նշանակություն չունի»։    

Back to top button