ԿարևորՎերլուծական

«Ադրբեջանական» խաղաղություն՝ բնապահպանական շղարշով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցն այսօր քննարկվել է Մոսկվայում՝ առանց Հայաստանի մասնակցության՝ Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Բաքուն Երևանին է հանձնել խաղաղության պայմանագրի իր նախագիծը և  հույս ունի, որ մինչև տարեվերջ այդ հարցով հանդիպում կկայանա։ Ուշագրավ է, սակայն, որ այդ ֆոնին ադրբեջանական սադրանքները Հայաստանի և Արցախի նկատմամբ դեռ շարունակվում են։ Ավելին՝ դրանք ավելի հաճախակի են դառնում։ Մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը Արցախի բնակչության դեմ արդեն երկու սադրանք է հրահրել։

Հայկական կողմի համար արժանահավատ չեն ո՛չ ադրբեջանցի չակերտավոր «բնապահպանները», որոնք փակել էին Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, ո՛չ էլ Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում արցախցիների հետ  քաշքշուկ սադրած իբր քաղաքացիական անձինք։ Արցախի ներքին գործերի նախարարության հրապարակած տեղեկություններով՝ քաղաքացիական հագուստով այդ անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են։ Այնինչ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ։

Ձեռագիրը վաղուց ծանոթ է։ Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը զուգահեռներ է նկատում և հիշեցնում՝ 1988-ին նույնպես բնապահպանական շղարշ էր կիրառվում։  

«Նույն Բաքվում հակահայկակական տրամադրություններ հրահրելու համար շատ հաճախ  հենց էկոլոգիական պատճառներ էին օգտագործում։ Օրինակ՝ ասում էին գիտեք, Շուշիում Երևանի Քանաքեռի ալյումինի գործարանի աշխատակիցների համար հանգստի գոտի են կառուցում ու ծառահատումներ են անում։ Եվ դա 88-ի նոյեմբերին բուռն արձագանք էր առաջացնում այն ժամանակվա Բաքվի Լենինի հրապարակում, ու դրանից հետո Կիրովաբադի ջարդեր էին կազմկերպում։ Դա հայտնի տակտիկա է, որ Բաքուն միշտ օգտագործել է, և ես մեծ ռիսկեր եմ դրա մեջ տեսնում։ Ինչո՞ւ պրովոկացիայի համար ընտրվեց այդ էկոլոգիական շղարշը, որպեսզի ամբողջ աշխարհի առաջ ավելի հանգիստ տեսքով հանդես գան, իբրև թե ոչ մի հարձակում չի եղել, բայց ուզում էին այդ ձևով նաև ուժ ցույց տալ»։

Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանը երկու սադրանքի է գնացել կեղծ «բնապահպաններով» և կեղծ «քաղաքացիականներով»։ Այդ հին գործելաոճը հիշում է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։ Ներկա իրավիճակի համար խորհրդարանական մեծամասնության պատգամավորը հստակ նշում է և՛ պատճառները, և՛ շարունականությունը։

«Նմանատիպ միջադեպեր, սադրանքներ կլինեն, որպեսզի իրականացնեն Արցախը հայաթափելու նպատակը։ Հետևաբար՝ մենք պետք է նման սադրանքներին շատ սառնասրտորեն մոտենանք և տանք համապատասխան գնահատական ու արձագանք։ Հենց ռուս խաղաղապահների մանդատի շրջանակում էլ լուծենք նմանատիպ միջադեպերի հետ կապված խնդիրները։ Մինչև չգա այն պահը, երբ միջազգայնորեն չլուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, այդ միջադեպերը լինելու են։ Այն ժամանակ էլ հարևանությամբ ապրում էինք, բայց նմանատիպ կոնֆլիկտներ լինում էին։ Հիմա, բնականաբար, ավելի տաքացած վիճակում պետք է այդ կոնֆլիկտները լինեն, հաշվի առնելով այն իրավիճակը, այն իրողությունները, որոնք տիրում են տարածաշրջանում», –ասում է պատգամավորը։

Խորհրդարանական ընդդիմությունից պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը համոզված է՝ միայն խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու տարածաշրջան։  

«Եթե մեկ անգամ իրենք իրենց մռութին ստանան, այլևս առաջ չեն գա ո՛չ Արցախում, ո՛չ էլ ՀՀ սահմաններին։ ՀՀ  իշխանությունները, որ չեն անում, նախ և առաջ պետք է Արցախի ընդհանուր առմամբ գոյապահպանության և գործունեության հայեցակարգ մշակեն։ Բացի անվտանգության, տնտեսական, սոցիալական և այլ  խնդիրներից՝ ուղղություններից մեկը արտաքին քաղաքականությունն է, որի շրջանակում պետք է հստակեցվեն հարաբերությունները խաղաղապահ ուժերի հետ, որոնք այս պահին ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը և կապ են պահպանում ադրբեջանցիների հետ։ Նրանք են այդ բանակցություններին մասնակցում, տիրապետում նրբություններին և այդ ամենը պետք է պահանջեն Ադրբեջանից։ Իրենց թվում է, եթե լռենք, չըմբոստանանք, մեր շահերը առաջ չտանենք, թուրք-ադրբեջանական տանդեմը հենց այնպես լռելու է։ Ընդհակառակը՝ ախորժակը ուտելու ժամանակ է բացվում»,–նշում է Օհանյանը։

Դեռ սադրանքի օրը քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել էր, որ Բաքուն սադրիչ քաղաքականություն է վարում, փորձում է նոր պատերազմ հրահրել և շտապում է, քանի որ 2020 թվականից հետո Ալիևը չի կարողացել իր վերջնական նպատակին հասնել։ Նա ամեն կերպ փորձում է արդեն ինքնուրույն քայլեր ձեռնարկել, քանի որ Թուրքիան հիմա զբաղված է 2023 թվականին սպասվող ընտրություններով և ակտիվ քաղաքականություն չի վարում Բաքվին աջակցելու համար։ Իսկ Ռուսաստանն էլ ավելի կենտրոնացած է ռուս-ուկրաինական խնդրի ուղղությամբ։

Շաբաթվա սկզբին Մոսկվայում կրկին ուշադրության կենտրոնում էր եռակոմ հայտարարության դրույթների կատարումը։ Այս հարցերը քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Երկկողմ հարցերից բացի՝ օրակարգում նաև տարածաշրջանի խնդիրներն էին։ Քննարկվելիք հարցերի շրջանակը, ըստ Ռուսաստանի արտգործնախարարի, մեծ է։

«Շահագրգռված ենք, որ ամեն կերպ նպաստենք տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանազատմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ընդհանուր առմամբ, վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում՝ հանրային կառույցների՝ ՀԿ-ների, քաղաքագետների և խորհրդարանականների կապերի զարգացման միջոցով»։

Հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Բաքուն հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ է պատրաստել և այն հանձնել է Երևանին։ Ըստ Բայրամովի՝ Բաքուն կարծում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի մինչև 2022 թվականի ավարտը։

Մինչ ադրբեջանական կողմը տապալում է դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նշանակված հանդիպումը, Ռուսաստանի արտգործնախարարը, որը վերջերս դժգոհել էր պրահյան և բրուսելյան փաստաթղթերից, հաստատում է, որ «3+3» Հարավային Կովկասի պլատֆորմի հանդիպում է նախապատրաստվում։ Ժամկետներն ու օրակարգն են համաձայնեցնում։ Լավարովը միաժամանակ շեշտել է, որ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները վճռորոշ նշանակություն ունեն։

«3+3» ձևաչափով միակ նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Մոսկվայում։ Իհարկե, ձևաչափը փոքր-ինչ ձևափոխված է, քանի որ Վրաստանը հրաժարվել է այդ հարթակում աշխատել Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Այսպիսով՝ առաջարկվող հարթակում մնում են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հայաստանում բազմիցս հայտարարել են, որ սա լավագույն ձևաչափը չէ հայկական շահի համար։

Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյան․ «Ինձ համար մի քիչ անհանգստացնող է, որ Ադրբեջանը բոլոր ուղղություններով կարծես հարձակումների է անցնում և բոլոր ուղղություններով կարծես թե զիջումների են գրանցվում՝ լինի Ռուսաստանի ուղղությունը, նույն ԱՄՆ կամ եվրոպական ուղղությունը։ Սա, իսկապես, անհանգստացնող է և կարծես տպավորություն է, որ բոլորը պատրաստ են ինչ-որ զիջումների գնալ Բաքվին գոհացնելու համար։ Պետք է հասկանանք, որ երբ ագրեսիան և  ագրեսորը չեն պատժվում, այդ գործելաոճը դառնում է նորմալ»։

Սադրանքների, հանդիպումների, հայտարարությունների և ձևաչափերի փոփոխության ֆոնին հետաքրքիր է, որ դեկտեմբերի սկզբին հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմում ոչնչացված 10 ադրբեջանցիների ոսկորներ և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիերի գտնվելու հնարավոր վայրեր։ ԱԱԾ-ից հայտնում են, որ այսպիսով, 2020 թ-ի նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմում սպանված 140 ադրբեջանցու ոսկորներ և 5 քարտեզ։

Դեռ Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ։ Բացի դրանից՝ Հայաստանին դեռ չեն վերադաձվում 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ադրբեջանական սադրանքների պատճառով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայերը։

Back to top button