Երկրորդ շնչառություն

Կենսաթոշակառուների «Բարի կարի լաբը» սպասում է պատվերների․ «Երկրորդ շնչառություն»

«Առաքելություն Հայաստան» կազմակերպության Նոր Նորքի և Հրազդանի ցերեկային կենտրոններում արդեն մոտ 4 տարի գործում է «Բարի կարի լաբ» կարի արտադրամասերը:

Միայն կենսաթոշակառուների ներառող արտադրամասում կարում են շուրջ 10 անուն ապրանք՝ պայուսակ, գոգնոց, բռնիչ, խալաթ, շապիկ, անկողնային պարագաներ, բարձեր, սրբիչներ անգամ գլխարկներ ու քնապարկեր են մատակարարել զինվորներին:

«Առաքելություն Հայաստան» կազմակերպության տնային սպասարկման և ցերեկային ծառայությունների սոցիալական աշխատող Թամարա Մարգարյանի խոսքերով, 2018-ին կենտրոնի կարի հին մեքենաներով տարեցներին ուղղակի զբաղեցնում էին, նրանք կատարում էին աշխատանքներ, որոնք մասնագիտական հմտություններ չէին պահանջում:

Գործը լրջացել է այն պահից, երբ «Անանիա Շիրակացի» դպրոցի սաների ու նրանց ծնողների նախաձեռնությամբ ստացել են նոր կարի մեքենաներ: «Տեսնելով շահառուների ոգևորությունը՝ «Ամքոր»-ն ավելի քան 50 շահառուի համար կազմակերպել է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ»,-պատմում է Թամարան:

Կենտրոնն ավելի ուշ համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով՝ տպագրական, կտրող և ասեղնագործող: Թ.Մարգարյանը նշել է, որ արտադրամասի անվանման համար հիմք են վերցրել ամենաակտիվ մասնակցի ազգանունը:

68-ամյա Երվանդ Բարիի համար «Առաքելություն Հայաստան» կազմակերպություն գալն ու կարով զբաղվելն իսկապես ճակատագրական է եղել: 13 տարի հոգեկան առողջության կենտրոնում բուժվելուց հետո մասնագիտությամբ շինարար Երվանդը փոխել է ազգանունը և ուժ գտել նոր մասնագիտություն ձեռք բերելու համար:

«Երբ հոգեբուժարանում էի, բոլորին օգնում էի, ասում են՝ բարի եմ: Բացի դրանից, ես ստեղծագործում եմ և ինձ անհրաժեշտ էր գրական կեղծանուն ունենալ, ես էլ ընտրեցի Բարի ազգանունը»,- պատմում է Երվանդը՝ անկեղծանալով, որ հիմա էլ կանանց է օգնում արտադրամասում. նախապատրաստում է մեքենաները, յուղում է, թելում է և օգնում ինչով կարողանում է:

Սոցիալական աշխատողը տեղեկացրել է, որ կազմակերպության հետ համագործակցությամբ արդեն նոր փուլ են մտել՝ հաղթել են մրցույթում և մեծաքանակ պատվեր ստացել: Թամարայի խոսերով, տարեցների արտադրած ապրանքները ոչնչով չեն զգում շուկայում առկա տեսականուն, և որքան պատվերները շատ լինեն, այնքան սոցիալական ձեռներեցության այս նախագիծն ավելի մեծ հաջողություններ կարձանագրի:

Այն հարցին, թե արդյո՞ք դժվար չէր պատկառելի տարիքում ուժ գտնել ու նոր մասնագիտություն ձեռք բերել, Երվանդն ասում է. «Ես աշխատել շատ եմ սիրում, պարապ մնալ չեմ կարողանում, պիտի մի բանով զբաղվեմ, հետո այս կարով ես ինձ լավ եմ զգում, որ կարողանում եմ մեկին օգուտ տալ ու ինքս ինձ օգնել»: Նա համոզված է, որ ցանկացած տարիքում գործը կհաջողվի, եթե մարդը շատ ցանկանա:

Back to top button