ԿարևորՀասարակություն

MI COFЕ․ հայկական օրգանական պարարտանյութը կարող է հայտնվել շուկայում  

Սուրճը խմելուց հետո բաժակը լվանա՞լ, թե՞ նստվածքը չորացնել. հարցը տարօրինակ ու զարմանալի է մեզ համար, բայց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսատեխնոլոգիայի և կենսավառելիքի նորարարական կենտրոնում վաղուց արդեն այն զարմանք չի առաջացնում։ Այստեղ սուրճի նստվածքից մանրէների միջոցով պարարտանյութ են ստանում։ Կենտրոնում փորձում են նաև Հայաստանի հողերում մանրէներ անջատել, ըստ անհրաժեշտության ու տեղային լուծումներ տալ։ Տարբեր հողերում բույսերի աճը տարբեր է։ Գիտնականներն ասում են, որ հիմնական խնդիրը մանրէների բացակայությունն է։ Քիմիական պարարտանյութերը, այսպես ասենք, ոչնչացրել են մանրէներին։ Դրանք պետք է վերականգնվեն, բայց ժամանակը չի սպասում։

Աշխարհում տարեկան 500 միլիարդ բաժակ սուրճ է սպառվում։ 25 միլիոն ֆերմեր օրվա ապրուստը սուրճ աճեցնելով է վաստակում: Կլիմայական փոփոխությունների պատճառով մինչև 2050 թվականը սուրճ աճեցնելու համար նախատեսված տարածքները կարող են կրճատվել 50 տոկոսով: Իսկ ի՞նչ անել սպառված սուրճի կուտակված թափոնների հետ։ ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական կենտրոնում ելքը գտել են՝ պատմում է գիտաշխատող Սաթենիկ Միրզոյանը:

«Թափոնները վերցնում ենք տարբեր սրճարաններից ու ապարատներից։  Շաբաթը մեկ գնում, վերցնում էինք։ Արդեն իսկ սրճարանների հետ ունենք պայմանավորվածություն, որ  սուրճի թափոնը հավաքեն ու տան մեզ»։

Հավաքել, բերել, չորացրել են ու սկսել փորձերը, տարբեր մանրէներով վերամշակում ու աճեցնում են դրանք։ Այդ մանրէները համարվում են կենսաբանորեն ակտիվ նյութ ու խթանիչ՝ բույսերի համար։ Դեռ 2021-ից կենսաբանորեն ակտիվ ստացված նյութի խթանիչ հատկությունները տարբեր մշակաբույսերի վրա են փորձարկում։ Մինչ ջերմոց տանելը լաբորատորիայում են փորձարկումներ արել, այժմ աշխատում են նաև Ագրարային համալսարանի գիտնականների հետ։

«Մենք հենց սերմի վրա ենք փորձել մեր  «MI COFЕ»  պարարտանյութը։  Հենց լաբորատոր փորձերի ժամանակ ենք տեսել սերմերի վրա  ունենցած ազդեցությունն ու տարբերությունը։ Դա հեղուկ նյութ է»։

Աշխարհում տարեցտարի նվազում է քիմիական պարարտանյութերի կիրառումը։ Ավելին, դրանց գները համաշխարհային շուկայում մի քանի անգամ ավելացել են։ Եթե նախկինում մեկ պարկ պարարտանյութը մոտ տասը հազար դրամ էր, ապա այս տարի արդեն գյուղացին կրկնակի ավելի է վճարում մեկ պարկի համար։ Տեղական ու օրգանական պարարտանյութը և’ ավելի մատչելի կլինի, և’ ավելի անվտանգ, ասում է Սաթենիկ Միրզոյանը:

ԵՊՀ կենսատեխնոլոգիայի և կենսավառելիքի նորարարական կենտրոնում օրվա բոլոր ժամերին եռուզեռ է։ Այստեղ աշխատանքային կարևորագույն պայմաններից մեկը մաքրությունն է ու գերժամանակակից սարքավորումներն ու սերը գիտության՝ հատկապես գիտահետազոտական նյութերի նկատմամբ։ Հեշտ չէ գիտական հետազոտություն սկսելը, հատկապես, որ կոնկրետ բնավորության գծեր են պետք դրանով զբաղվելու համար, ամենակարևորը՝ համբերատարություն։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Լիանա Վանյանը պատմում է՝ գիտական բոլոր հիմնական հետազոտությունների առաջին փուլը գրականության հետ ծանոթանալն է, վերլուծելը, հասկանալը՝ մինչ հերթական գիտական հետազոտությունը սկսելն ինչեր կան արված։ Իսկ ամենակարևորը, դրանք այլ գիտական խմբերի ու այլ մեթոդներով ուսումնասիրման տվյալների հետ համադրելն է

«Ունենք – 80 աստիճան ունեցող սառնարան, որտեղ պահում ենք մանրէներին։ Նախ դիտարկում ենք՝ արդյոք ցանկալի շտամները, որ ուզում ենք հետազոտության մեջ կիրառել ունե՞նք, թե ոչ։ Հետո դրանց այսպես ասնեք կենդանացնում ենք ու սկսում օգտագործել։ Շատ համբերատար աշխատանք է պահանջում,ցքանի որ մեկ անգամ փորձը բավարար չէ, հատկապես, եթե ուզում ենք լուրջ տվյալներ ցույց տալ »։

Սա կենսաբանորեն ակտիվ նյութ ՝ ասում է Լիանան.

«2020 թվականին ենք սկսել։ Տեսանք, որ տարբեր մշակաբույսերի, սերմերի ծլման վրա մեր մշակած նյութը ազդեցություն ունի։ Այժմ այն նաև ջերմուցում ենք փորձարկում»։

Երիտասարդ գիտնականները վստահ են՝ իրենց առաջարկները կիրառական նշանակություն ունեն և առաջիկայում դրանք հնարավոր կլինի տնտեսության մեջ ներդնել։ ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների ու կենսավառելիքի նորարարական կենտրոնում  փորձում են նաև  Հայաստանի հողերում մանրէներ անջատել՝ ըստ անհրաժեշտության, ու տեղային լուծումներ տալ։ Տարբեր հողերում բույսերի աճը տարբեր է։ Գիտնականներն  ասում են,  որ հիմնական խնդիրը մանրէների բացակայությունն է։ Քիմիական պարարտանյութերը, այսպես ասենք, ոչնչացրել են մանրէներին։ Դրանք պետք է վերականգվնեն, բայց ժամանակը չի սպասում։

Back to top button