ԿարևորՀասարակություն

Սահմանափակ կարողությունները դատավճիռ չեն

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։ 1992-ին ՄԱԿ-ը  սահմանեց օրվա խորհուրդն ու նպատակները, և արդեն 30 տարի այս օրն իրականացվող միջոցառումները նպատակ ունեն հիշեցնել ոլորտի խնդիրների մասին, բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը։ Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզի ամենամեծ բուհում՝ Շիրակի պետական համալսարանում, օրվան նվիրված միջոցառումը համախմբել է ոլորտի պատասխանատուներին ու օրվա հերոսներին։

Դահլիճի ծափահարությունների ներքո սայլակներով բեմահարթակ բարձրացած փոքրիկները՝ Գյումրիի երեխաների տան սաները, ոգևորությամբ կատարեցին իրենց ելույթը։ Սա նրանց համար ևս մեկ հնարավորություն է ապացուցելու, որ ֆիզիկական սահմանափակումները խոչընդոտ չեն ինքնահաստատման ճանապարհին։ 

Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզի ամենամեծ բուհում՝ Շիրակի պետական համալսարանում, օրվան նվիրված միջոցառումը համախմբել էր օրվա հերոսներին ու ոլորտի պատասխանատուներին։

Հաշմանդամության խնդիրը 88-ի աղետից հետո Գյումրիում ու Սպիտակում ամենազգայուն թեմաներից մեկն է։ Աղետի հետևանքով առաջացած տնտեսական ու սոցիալական խնդիրների հետ սահմանափակ կարողություններով մարդկանց թիվը միանգամից ավելացավ 15 000-ով։ Նրանցից մեկը Արմինե Նիկողոսյանն էր, որը կորցրել էր քայլելու հնարավորությունը, բայց և հզորացրել կամքն ու առաջ շարժվելու հաստատակամությունը։ Ստեղծեց կրակից հառնող թռչունի անունը կրող «Փյունիկ» կազմակերպությունն ու իրականացրեց բազմաթիվ ծրագրեր։

«Այդ ժամանակ դժվարությունները շատ էին, հնարավորություն ու անվասայլակներ չկային, որ դուրս գայինք։ Սակայն տարբեր միջոցառումների և զարգացման ծրագրերի աջակցությամբ կարողացանք մեզ ներառել հասարակությանը»։ 

Հաշմանդամության խնդիրը նորարական լուծումներ ու նոր մոտեցումներ պահանջեց 2020 թ-ի պատերազմից հետո։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների վարչության պետ Քրիստինե Հովհաննիսյան․

«Նոր մարտահրավերները նորովի լուծելու կարևորությունից ելնելով՝ հենց պատերազմից հետո մշակվեց «Անկախ կյանքի կենտրոններ» ստեղծելու գաղափարը։ Այն անձանց համար, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել հատկապես պատերազմական գործողությունների ընթացքում, «Անկախ կյանքի կենտրոնների» ստեղծումը հասարակությանը ներառելու մեծ քայլ կլինի»։

Պետությունն առաջին «Անկախ կյանքի կենտրոնը» կհիմնի 2023-ին։ Սակայն Եվրամիության ֆինանսավորմամբ նման կենտրոններ արդեն գործում են Վանաձորում և Շիրակում։ Գյումրիի «Ագաթ» ՀԿ-ի «Անկախ կյանքի» ռեսուրս կենտրոնն արդեն 2 տարվա փորձ ունի, 1700 ծառայություն են մատուցել ավելի քան 700 շահառուի։ Մտավոր զարգացման, լսողական և տեսողական խնդիրներ ունեցող երեխաներին ինքնուրություն են սովորեցնում, տարբեր տարիքի շահառուներին տալիս հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն։ Զինհաշմանդամություն ունեցող անձինք դիմում են հիմնականում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար՝ ասում է «Անկախ կյանքի» ռեսուրս կենտրոնի համակարգող Հեղինե Գասպարյանը։

«Զինհաշմանդամություն ունեցող անձանց հիմնական խնդիրը եղել է այն, որ նրանց անհիմն կերպով կարգ չեն հատկացրել։ Մյուս կարևոր քայլը, որ անում ենք, զինհաշմանդամություն ունեցող անձանց աջակցող սարքեր տրամադրելու հարցում օգնելն է»։

Մինչ «Անկախ կյանքի ռեսուրս կենտրոն» կբացվի նաև պետական միջոցներով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների վարչության պետ Քրիստինե Հովհաննիսյանը հիշեցնում է արդեն իրականացված ևս մեկ կարևոր ծրագրի՝ բազմաֆունկցիոնալ պրոթեզների տրամադրման մասին։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի համահայկական հիմնադրանի աջակցությամբ շուրջ 130 երիտասարդ է պրոթեզավորվել։

«Իսկ 2023-ից արդեն կունենանք բազմաֆունկցիոնալ պրոթեզների տրամադրման կարգ, որը կվերաբերի մյուս մարտական գործողություններից տուժած զինհաշմանդամություն ունեցող անձանց։ Մենք ապրիլյան քառօրյայից և նույնիսկ 90-ականներից ունենք զինհաշմանդամություն ունեցող անձինք, որոնք կարիք ունեն բազմաֆունկցիոնալ պրոթեզավորման»։

Գևորգ Կարապետյանը զինհաշմանդամություն է ձեռք բերել 90-ականներին Արցախյան հերոսամարտում. «Առաջին շրջանում մարդ չի պատկերացնում թե ինչպես է ապրելու հետագայում»։

Հետո ընկերների, հարազատների աջակցությամբ վերգտավ ամեն ինչ։ Ստեղծեց ընտանիք, ունեցավ զավակներ, իսկ վերջերս բախտակից ընկերների համար ստեղծեց բասկետբոլի ակումբ։ Այս տարվա ընթացքում տարբեր մրցումների են մասնակցել, առաջիկայում ևս մեկն ունեն։

«Ֆեյսբուքյան էջով կամ երբ տեսնում եմ հաշմանդամություն ունեցող անձ, ինքս եմ մոտենում, մարզադահլիճ հրավիրում։ Մեկ անգամ անվասայլակով բասկետբոլ խաղալուց հետո այդ մարզիկին մարզադահլիճից դուրս բերելն արդեն անհնար է»։

Վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում այսօր 194 744 հաշմանդամություն ունեցող անձ կա։ Նրանցից 9310-ը մինչև 18 տարեկան են, 23 567-ը՝ 18-40 տարեկան։

Back to top button