ԿարևորՔաղաքական

Կասեցնել Բաքվի ագրեսիան ու հակահարված հասցնել․ քաղաքագետը հակառակորդի սադրանքների մասին

Բաքուն սադրիչ գործողություններ է իրականացնում և փորձում ահաբեկել արցախահայությանը, որ կարողանա հարցեր լուծել․ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի վերջին սադրանքին , ասում է Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

Խոսքը Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին է։ Արցախի Տեղեկատվական շտաբը դեկտեմբերի 3-ի կեսօրին հաղորդեց, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ այդ հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին․  

Դավիթ Բաբայանը համոզված է, որ Ադրբեջանն այդ քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը ընդհատելու և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:

«Սա հերթական ահաբեկչական, հայատյաց  քայլն է Ադրբեջանի կողմից, որ իրակնացրել է։  Նաև միջազգային հանրությունը պետք է վերջապես գործուն քայլեր ձեռնարկի Ադրբեջանի այս ահաբեկչական, մարդատյաց  քաղաքականությունը սանձազերծելու ուղղությամբ։ Ռուս խաղաղապահները տեղյակ են, առաջին հերթին իրենք են տեղյակ և աշխատանքներ են տարվում հենց իրենց կողմից։ Ոչ մի զենք չի տեղափոխվում այս ճանապարհով, Ադրբեջանը իր քաղաքականությունն է տանում, կարող է ասեն ատոմային ռումբ է տեղափոխվում։ Պատրվակներ են հորինում, ստահոդ լուրեր տարածում։ Նպատակը մեկն է՝ փորձել ապակայունացնել իրավիճակը Արցախում, ահաբեկել, վախեցնել, որ այստեղից  արտահոսք լինի, որ հարված հասցնեն Ռուսաստանին, հարված հասցնեն միջազգային հանությանը, քաղաքակիրթ աշխարհին։ Պարզ  է, որ սա պետական քաղաքականություն է»։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը  համամիտ է՝ Բաքուն սադրիչ քաղաքականություն է վարում , փորձում է նոր պատերազմ հրահրել և շտապում է, քանի որ 2020 թվականից հետո Ալիևը չի կարողացել իր վերջնական նպատակին հասնել։ Նա ամեն կերպ փորձում է արդեն ինքնուրույն  քայլեր ձեռնարկել, քանի որ Թուրքիան  հիմա զբաղված է 2023 թվականին սպասվող ընտրություններով և ակտիվ քաղաքականություն չի վարում Բաքվին աջակցելու համար։ Ռուսաստանն էլ  ավելի կենտրոնացած է ռուս-ուկրաինական խնդրի ուղղությամբ։ Բաքվի քայլերը, նրա կարծիքով, ռուս խաղաղապահներին և ընդհանրապես  ՌԴ  նվաստացնելու նպատակ ունեն նաև։

«Բաքուն իր գործողություններով փորձում է նոր ռազմական առճակատում հրահրել, քանի որ հասկանում է, որ ՀՀ ԶՈՒ-ի ռեաբիլիտացիան սարերի հետևում չէ  և եթե մոտ ամիսների ընթացքում ՀՀ-ի սպառազինուոթյունը տեղ հասավ Հնդկաստանից և այլ վայրերից, ապա Բաքվի համար շատ ավելի դժվար կլինի ուժային միջոցներով որևէ խնդիր լուծելը։ Բացի այդ, նրանք փաստացի տեսնում են, որ 2020 թ․ ռազմական ագրեսիայի վերջնարդյունքը չի կապիտալացվում, քանի որ նրանք փորձեցին ավելին պահանջել, բացի Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելը, նաև ոտնձգություն իրականացրեցին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը թուլացրեց նրանց դիրքերը»։

Քաղաքագետի տեղեկություններով լուրեր կային, որ երկու օր առաջ պետք է ռազմական գործողություններ սկսվեին, քանի որ Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ էին։  Դրանք հատուկ նպատակով էին անցկացվում, սակայն ԱՄՆ պետդեպի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերի այցը տարածշրջան խառնեց Բաքվի պլանները․

«Ադրբեջանում զորավարժությունները ակտիվ ՄՈԲ ռեզերվի, պահեստազորի ներգրավմամբ, հստակ նախապատերազմյան  նպատակ ուներ։ Միշտ նման իրողություններով են նման զորավարժություններ անում, որպեսզի զորքերը հանեն տեղակայման վայրեր, բայց Ֆիլիպ Ռիկերը այցելեց Բաքու, այնուհետև Երևան»։

 Տարածաշրջանը աշխարհի համար փոքր չէ և ԱՄՆ–ն ձեռքերը չի լվանում։ Դրա համար Բաքուն նման սադրանքներ է իրականացնում, և այս վիճակը կշարունակվի այնքան, մինչև բնական անվտանգային աշխարհագրական տեղամասերում ուժերը հավասարակշռվեն,  ասում է Գուրգեն Սիմոնյանը։ Նա կարծում է, որ սադրանքներ դեռ կլինեն այնքան ժամանակ, մինչև կարողանանք ստիպել Ադրբեջանին նստելու բանակցությունների սեղանի շուրջ։ Քաղաքագետը դա հնարավոր է համարում, եթե տարբեր երկրներից ռազմական աջակցությունը տեղ հասնի։

Գուրգեն Սիմոնյանը չի բացառում, որ իրավիճակը կարող է անկանխատեսելի զարգացումներ ունենալ, եթե ռուս-ուկրաինական պատերազմում իրավիճակը սրվի, կամ եթե միջուկային ռումբ կիրառվի։ Այդ պարագայում թշնամին կփորձի հայկական պետականության վերացման քայլեր ձեռնարկել։ Մինչ այդ պետք է արագ կասեցնել թշնամու հարձակումը և ամենակարևորը՝ հակահարված հասցնել ։

Back to top button