ԿարևորՀասարակություն

Ընդունվելու երկու հնարավորություն՝ առավելագույն արդյունքներով. քննությունները մոտենում են

2023 թվականից դիմորդները հնարավորություն կունենան միասնական քննություն հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին: 2023 թվականից միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարին: Առաջին փուլում դիմումների հայտագրումը կիրականացվի 2022 թվականի դեկտեմբերի 15-25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը): Երկրորդ փուլի հայտերն ընդունվելու են 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Եթե մինչև հիմա բուհական ընդունելության քննությունն անցկացվում էր հունիսին, ապա այսուհետ դիմորդներն ընդունվելու երկու հնարավորություն կունենան։ Կառավարության որոշմամբ առաջիկա քննությունների օրերն արդեն  հայտնի են։ Հայտագրումը կիրականացվի դեկտեմբերի 15-25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին։

Ընդունելության նոր կարգը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը։

«Կարծում եմ՝ կարևորագույն փոփոխություններից է, որը նոր մշակույթ է ձևավորում ապագա ուսանողների համար։ Բուհ ընդունելությունը դառնում է սովորական գործընթաց հերթական կրթական աստիճանը ձեռք բերելու համար»։

Հունվարին սպասվող միասնական քննությանը մասնակցելն  ըստ ցանկության է։ Բայց երկու անգամ հանձնելով ավելի մեծ կլինի բարձր միավորով ընդունվելու հավանականությունը։ Մրցույթին կմասնակցի այն գնահատականը, որն ավելի բարձր կլինի։ Ընդ որում, եթե նույնիսկ դիմորդը քննություններից մեկը անբավարար ստանա, մրցույթին կմասնակցի դրական գնահատականը։

«Երկու անգամ է հանձնելու քննություն, որ գնահատականը նպատակահարմար գտնի, դա էլ կլինի որոշիչը։ Բնականբար, բարձրը կընտրի։ Միգուցե ուսանող լինի, որ մեկ անգամ քննություն հանձնի այս փուլում և բավարարվի այդ գնահատականով ու չցանկանա մյուսին մասնակցել։  Սա առաջին անգամ է տեղի ունենալու, և  մենք  ուզում ենք վերլուծել արդյունքները, միգուցե հետո ավելի մեծացնենք հնարավորությունները»։

Այս փոփոխությունը դիմորդին հնարավորություն է տալիս ծանոթանալու քննության կազմակերպման ձևին, քննական գործընթացին։ Բացի այդ, դիմորդը մեկ անգամ ևս կարող է ստուգել իր գիտելիքները, հասկանալ՝ ինչքանով է պարապածը՝ ինքնուրույն, թե կրկնուսույցի միջոցով, արդարացնում իրեն։

Այս փոփոխությունը ողջունում է նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նա նույնպես կարծում է, որ կրկնակի քննությունը կարող է ոչ միայն փորձ դառնալ դիմորդի համար, այլև ևս մեկ հնարավորություն։

«Երկու անգամ քննություն հանձնելու հնարավորության մասին վաղուց է խոսվում և լավ է, որ հիմա տրվում է նման հնարավորություն։ Ամեն դեպքում՝ մենք քննությունը պետք է դիտարկենք որպես աճի զարգացման հնարավորություն, ոչ թե որպես դիմորդին պատժելու կամ այդ հիմքով կոռուպցիոն ռիսկերի հնարավորություն»։

Միասնական քննությունների երկու փուլերի տարբերությունն այն է, որ հունվարին քննություն հանձնողները հայտագրում են միայն առարկան, ոչ թե մասնագիտությունը, այսինքն՝ մրցույթ, որպես այդպիսին, տեղի չի ունենում։  

Միասնական քննությունների երկու փուլերի դեպքում տարբեր են լինելու նաև պետական վճարները։ Եթե ուսումնական տարվա ավարտից հետո միասնական քննության համար դիմորդը 1500 դրամ է վճարում, ապա հունվարին ստիպված կլինի վճարել 4500 դրամ։ Բանն այն է, որ ձմեռային ընդունելությունը ԳԹԿ-ն իրականացնում է իր միջոցներով։ Կառավարությունն այս գործընթացը չի ֆինանսավորում։

Back to top button