ԿարևորՔաղաքական

Երևան-Թեհրան-Նյու Դելի ռազմաքաղաքական ձևաչափը հակակշիռ է Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակին

Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռակողմ հարաբերությունները շարունակում են նոր թափ ստանալ։

Օրերս պաշտոնական այցով Բաքվում էր Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Մուհամմադ Ամջադ Խան Նիազին։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Հանդիպմանը հատուկ ընդգծվել է ինչպես երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը, այնպես էլ եռակողմ ռազմական համագործակցությունը՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի մասնակցությամբ։

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում այս երեք երկրների նման ձևաչափով հանդիպումները, նաև զորավարժությունները բազմաթիվ են։  

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ  Գրիգոր Բալասանյանը Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունին հայկական կողմի համար լուրջ մարտահրավեր է համարում։  Ըստ Բալասանյանի՝ սա ակնհայտ է հատկապես 44-օրյա պատերազմի համատեքստում, երբ Ադրբեջանը հայկական կողմի դեմ մարտնչելու համար ներգրավել էր նաև պակիստանյան հատուկ ջոկատային լեռնային հրաձիգներին։ Դիտարկելով այս երկրների հարաբերությունները ռազմական համագործակցության, զենքի վաճառքի, առեւտրի և տնտեսության համատեքստում` միջազգայնագետը նշում է, որ Անկարայի, Բաքվի և Իսլամաբադի եռակողմ հարաբերություններում կարևոր են նաև դիվանագիտությունն ու փափուկ ուժը։ Ե՛Վ Անկարան, և՛ Իսլամաբադը պաշտպանում են Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Հարևան պետությունների հետ պայքարում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի միջև եռակողմ հարաբերությունները երաշխավորում են միջազգային ասպարեզում նրանց դիվանագիտական ամուր փոխգործակցությունը, ինչը նախորդ տարիներին, ըստ փորձագետի, բազմիցս ի ցույց է դրվել։

Այսօր Պակիստանը Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրներից մեկն է, բացի այդ աճում է նաև Պակիստան-Թուրքիա ռազմատեխնիկական համագործակցությունը, այս երկրները զինատեսակների համատեղ արտադրության ծրագրեր են մշակում, Թուրքիան դիմել է Պակիստանին հրթիռների եւ կործանիչների համատեղ մշակման համար,- ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակից Գրիգոր Բալասանյանը։

Ռազմական տարբեր փորձագիտական շրջանակներում նշում են, որ 2016-2019 թվականներին Թուրքիան մեծությամբ չորրորդն էր Պակիստան զենք ներմուծողների շարքում` առաջ անցնելով ԱՄՆ-ից, նույն ժամանակահատվածում  Պակիստանը Թուրքիայի երրորդ խոշորագույն զենքի արտահանման շուկան էր համարվում։ Գրիգոր Բալասանյանը նշում է, որ թուրքական ռազմական տեխնոլոգիաները փոխանցվում և վաճառվում են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի մասեր, ռազմածովային նավեր և ռումբեր։

«Պակիստանը Թուրքիային շարունակում է դիտարկել որպես մշտական զենք վաճառող, սրանով Իսլամաբադը փորձում է շրջանցել Չինաստանից և Արեւմուտքից չափազանց կախվածությունը»,-ասում է միջազգայնագետը:

Ըստ նրա՝ Անկարա-Բաքու-Իսլամաբադ տանդեմին հակակշռելու համար Հայաստանը պետք է զարգացնի Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը` որոշ զինատեսակների համատեղ արտադրություն հիմնելով, ինչը հայկական կողմի համար երկարաժամկետ ապագայում անվտանգային լուրջ պաշար կարող է ձևավորել։ Նույն ձևաչափում պետք է համագործակցել նաև հարևան Իրանի հետ հարաբերությունները։ Ի դեմս Իրանի կունենանք նաև վստահելի դաշնակից իսլամական աշխարհում, որի միջոցով հնարավոր է վետո դնել կամ վիժեցնել հակահայկական այն նախագծերը, որոնք Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռյակը պարբերաբար ներկայացնում է Իսլամական կոնֆերանս  կազմակերպության խորհրդաժողովներում։  Բալասանյանը վստահ է, որ այս փուլում Թեհրան-Դելի-Երևան տնտեսական, քաղաքական, նաև ռազմական շահերը համընկնում են, քանի որ այս երեք երկրների համար թշնամի է Անկարա- Բաքու- Իսլամաբադ եռյակը։

Միջազգայնագետը շեշտադրում է Հնդկաստան-Պակիստան լարված հարաբերությունները, դրանցում Թուրքիայի և Ադրբեջանի ներգրավվածությունը, ինչը անհանգստացնում է Նյու Դելիին։ 

Back to top button