ԿարևորՀասարակություն

Գերեվարված և հայրենադարձված զինծառայողների հետագա ծառայությունը խնդրահարույց է. իրավապաշտպաններ

Սեպտեմբերի 13-ի մարտերի ժամանակ գերեվարված և հոկտեմբերի 4-ին հայրենադարձված 17 զինծառայողներից 4-ին ՊՆ-ն արդեն ծառայության է ուղարկել, երեքը զորացրվել են, մյուսները շարունակում են վերականգնողական բուժում ստանալ։

Իրավապաշտպանները, սակայն, գերությունից վերադարձածներին զինծառայության ուղարկելը խնդրահարույց են համարում։

 Պե՞տք է արդյոք գերեվարումից վերադարձած զինծառայողները շարունակեն ծառայությունը, թե՞ ոչ։ Այս հարցում քաղհասարակության մոտեցումները միանշանակ չեն։ Իրավապաշտպաններից ոմանք կարծում են, որ գերությունից վերադարձած զինվորներին նորից ծառայության ուղարկելը ծանր խնդիրների առաջ են հայտնվում։  

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ իրենք մոտ մեկ տասնյակ հայրենադարձված ռազմագերիների ընտանիքների հետ շարունակական կապի մեջ են։ Պաշտոնական տվյալներով գերությունից վերադարձածներից չորսը ծառայության են ուղարկվել։ Նրանցից մեկի մասին իրավապաշտպանը որոշ տեղեկություններ է հաղորդել լրագրողներին։

«Նա իր ընտանիքին չի պատմել իր հոգեբանական խնդիրների մասին։ Ինչ ծանր հոգեբանական վիճակներում է և հիմա նա գտնվում է զինվորական ծա ռայության մեջ։ Դա անտանելի է։ Նրանք շատ ծանր օրեր են անցկացրել և պետք չէ։ Եթե նրանք կարողանային, կգնային ծառայության»։  

Իրավապաշտպաններն ասում են, որ տեղեկություններ ունեն, որ նման վիճակում հայտնվածներին մեղադրել են՝ թե ինչու կյանքին վերջ չեն տվել, որ գերի չընկնեն։ Նման մոտեցումը նրանք դատապարտելի են համարում։ Համոզված են՝ պետք է կյանքի իրավունքը վեր դասել։  

Զինծառայողի կյանքի իրավունքի նկատմամբ հարգանքը պետք է առաջնային լինի՝ կարծում է Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը.

«Եթե դու կրթես այն տեսանկյունից, որ, այո՛, դու պաշտպանում ես հայրենիքդ, բայց պետք է ամեն գնով ողջ մնաս. Մարտական ոգու մասին խոսելիս պետք է խոսել սրա մասին, ոչ թե՝ եթե դու գնում ես, անպայման պետք է զոհվես»։

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով գերեվարված ու հոկտեմբերի 4-ին հայրենադարձված 17 զինծառայողներին առանձին տեսակցել  ու զրուցել են նրանց հետ ՄԻՊ ներկայացուցիչները։

Օմբուդսմենի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանն ասում է, որ  նրանց  մի մասն  ինքնակամ է ցանկացել հոգեբանական աջակցություն ստանալ։

«Մասնագետները նրանցից մի մասի վերաբերյալ տվել են հստակ եզրակացություն, որ այդ վիճակում այս անձանց հետագա ծառայությունը նպատակարհարմար չէ։ Մարդիկ կարիք ունեն, որ իրենց հետ ինտենսիվ հոգեբանական աշխատանքներ տանեն։ Այս մասով նրանց, ում վերաբերյալ կա կոնկրետ եզրակացություն, դիմել ենք պաշտպանության նախարարություն՝ պահանջելով պատշաճ փորձաքննություն իրականացնել ու քննարկել վերջիններիս հետագա ծառայությունը շարունակելու հարցը»։

Իրավապաշտպանները, սակայն, կարծում են, որ գերությունից վերադարձածներին կրկին ծառայության ուղարկելը ընդհանրապես խնդրահարույց է։ Եվ Ժաննա Ալեքսանյանը և Արմինե Սադիկյանը կարծում են, որ գերությունից վերադարձածների նկատմամբ, բոլոր դեպքերում, պետք է լինի առանձնահատուկ վերաբերմունք։

Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյան.  

« … Նրանք, կարելի է ասել  առանց  բացառության, ենթարկված են լինում դաժան վերաբերմունքի, խոշտանգումների։ Հարցը պետք է դիտարկել ոչ թե  ծառայության հետ վերադարձվելու առումով, այլ՝ պետք է տեսնել, թե արդյոք այդ քաղաքացիները լիարժեք բուժում ստացան։ Մեզ դիմած քաղաքացիների դեպքում, կարող ենք ասել, որ՝ ոչ։ Առնվազն երկու հոգու վերաբերյալ եզրակացությունները վկայում են այն մասին, որ այդ անձինք դեռևս գտնվում են այն իրավիճակում, որ ասես թե, պատերազմական գործողությունների ընթացքում են գտնվում։ Երբեմն նրանց մոտ կարող է առաջանալ տպավորություն, որ պետք է պաշտպանեն ծառայակիցներին և հետևաբար՝ նրանք ոչ միայն վտանգավոր են իրենց համար, այլ վտանգավոր են իրենց զինծառայակից ընկերների համար։ Այս ամենը հաշվի չի առնվում մինչև նրանց զորամաս տեղափոխելը»։  

Հրանտ Ջիլավյանի խոսքով, սակայն, Հայաստանի ներպետական օրենսդրությունը գերեվարված և հայրենադարձված լինելու փաստով պայմանավորված  զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր չի նախատեսում։

«Եթե ֆիզիկական ու հոգեկան առողջությունը թույլ է տալիս, պետք է շարունակի ծառայությունը։ Ինքնին այս հանգամանքը զուտ ծառայությունը շարունակելու խոչընդոտ լինելու առումով պետք է գնահատվի այս անձանց հետագա ծառայության նպատակահարմարությունը, իրենց տրված ռազմական օգուտը, այսինքն՝ ինչ օգուտ ենք ստանալու՝ նրանց զինվորական ծառայության ներգրավվելով, ինչպես նաև հնարավոր վտանգները։ Խոսք կարող է լինել  ոչ միայն այդ անձանց իրավունքների ապահովման մասին, այլ հարցը պետք է դիտարկել ավելի գլոբալ՝ չմոռանալով նաև անվտանգային բաղադրիչի մասին»։

Երբ Հկ-ները դիմել էին օրենքը փոփոխելու առաջարկով, պաշտպանության նախարարն ասել էր, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում։ Թե ինչու՞, ըստ իրավապաշտպանների, չկա որևէ հիմնավորում։ 

Ժաննա Ալեքսանյանի խոսքով, սակայն, գերությունից վերադարձածները համարվում են խոշտանգման զոհեր և կարևոր չէ՝ օրենքը կա, թե ոչ։ Ինչպե՞ս կարելի է ոչ առողջ մարդկանց նորից տանել ծառայության՝ տարակուսում է իրավապաշտպանը։ Նա կարծում է, որ պետք է գտնել ձևեր և նրանց պարզապես ազատել ծառայությունից։

Իրավապաշտպաններն արձանագրում են, որ զինվորների խնդիրների նկատմամբ համապատասխան վերաբերմունք չկա  ու  քանի դեռ դա այդպես է, հնարավոր չէ խոսել բանակի իրական բարեփոխման մասին։

Back to top button