Ժամանակի վկան

Բեյրութի ԳՈՀԱՐ գրադարանի՝ «Չես գիտեր ուրկէ ինչ կ’ելլէ» կարգախոսով․ Կարո Տերունյան․ «Ժամանակի վկան»

Այս հաղորդման ընթացքում լիբանանահայ անկախ հետազոտող, արխիվագետ, Լիբանանի ԳՈՀԱՐ երաժշտական մասնագիտական գրադարանի հետազոտող, Կարո Տերունյանի (Կարօ Տէրունեան) հետ կներկայացնենք Լիբանանի ԳՈՀԱՐ երաժշտական մասնագիտական գրադարանի պատմությունը, ներկա վիճակը, ուշագրավ և եզակի հավաքածուները և այլն։

Ջբեյլի (Բիբլոս) Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պիզիկեան» թանգարանի հիմնադիր հանձնախմբի անդամ, «Հուշամատեան» կայքէջի համակարգող Կարո Տերունյանը Լիբանանի ԳՈՀԱՐ երաժշտական մասնագիտական գրադարանի պատասխանատուներից ու հետազոտողներից է։

Բեյրութում գործող Լիբանանի ԳՈՀԱՐ երաժշտական մասնագիտական գրադարանի ակունքները Գյումրիից են սկսվում։ ԳՈՀԱՐ գրադարանն իր անվանը համարժեք, այժմ առկա հավաքածուների յուրահատկությամբ և տեսականիով անգին գոհար է ո՛չ միայն Լիբանանում, այլև՝ ամբողջ աշխարհում։

Հարուստ գրադարանի եզակիությունը նյութերի հայկականությունն է․ հայերեն երգարաններ, բառարաններ, ձայնասկավառակներ, ձայներիզներ և այլն։

Բացի զուտ մասնագիտական երաժշտական նյութերից, ԳՈՀԱՐ գրադարանում պահպանվում են նաև հայագիտական եզակի բնօրինակներ, մշակութային այլ արժեքներ։

ԳՈՀԱՐ գրադարանի առավելություններից է կից գործող կազմատունը, որտեղ իրականցվում են վերականգնման ու կազմարարական տարբեր բարդության աշխատանքներ։
«Չես գիտեր ուրկէ ինչ կ’ելլէ» կարգախոսով առաջնորդվող աշխատակիցները գրադարանի հավաքածուները համալրել են եզակի գտածոներով, իրականացնելով հայկական մշակութային հազվագյուտ արժեքները փրկելու առաքելություն։

Ու այսպես, տարիներ շարունակ գրադարան են հասել, ոչնչացումից կամ մոռացումից փրկվել բացառիկ արժեքներ՝ ձեռագրեր, լուսանկարներ, հիշատակարաններ, երգարաններ, կնիքներ, բառարաններ, հնատիպ գրքեր և շատուշատ այլ մասունքներ։

Գրադարանի պատմությունը լի է հետաքրքրական դիպվածներով, որոնք պատմում են նաև, թե ինչպե՞ս են մշակութային արժեքները ճամփորդել աշխարհով մեկ նախքան Բեյրութում՝ ԳՈՀԱՐ-ի գրապահոցում ապաստանելը։

Երաժշտական մասնագիտական գրադարանի դռները բաց են բոլոր հետաքրքրված անձանց համար։

Գրադարանի ունեցած ամենահին գիրքը, որը բառարան է, թվագրված է 1633 թվականով, երգարանները համեմատաբար երիտասարդ են․ շուրջ երկու հարյուր և ավելի տարվա տարիք ունեն։
ԳՈՀԱՐ գրադարանը բացի հետազոտական կենտրոն լինելուց, նաև լիբանանահայ կյանքի կարևոր կենտրոններից է, մշակությաին օջախ, որտեղ տեղի են ունենում հանդիպումներ, գրական ու մշակութային հավաքներ։

Նրանք, ովքեր գիտեն, նորից հիշեցնեմ, և նրանք, որ չգիտեն, ներկայացնեմ, որ Երևանում նույնպես գործում է բավականին հարուստ Երաժշտագիտական գրադարան, որը հիմնադրվել է 1965 թվականին։ Արդեն 57 տարվա պատմություն ունեցող գրադարանը միակն է Հայաստանում, այլ երկրներում նմանատիպ գրադարաններ քիչ կան։ Պարբերաբար համալրված գրականության, ինչպես նաև՝ նվիրատվությունների շնորհիվ գրադարանն ունի բավական հարուստ հավաքածու, որում հաշվվում է ավելի քան 250.000 միավոր երաժշտական գրականություն, նոտագիր նյութեր, ամսագրեր, խտասկավառակներ, թվային սկավառակներ, այլ կրիչներ և այլն։
Նշվածից բացի այստեղ են պահվում նաև հայազգի և օտարազգի երաժշտագետների, կոմպոզիտորների ձեռագրեր, արխիվային բազմազան նյութեր։

Գրադարանն ունի գրապահոց, հագեցած է ժամանակակից ձայնադարանով, որտեղ ընթերցողները հնարավորություն ունեն խմբային կամ անհատական եղանակներով ունկնդրելու տարբեր ժանրերի երաժշտություն։

Երաժշտագիտական գրադարանն ունի նաև ընդհանուր ընթերցասրահ, որտեղ բացի երաժշտական գրականությունից, կա նաև արվեստի տարբեր ճյուղերին վերաբերող հարուստ գրականություն։

Երաժշտական մասնագիտական գրականություն պահպանվում է նաև Հայաստանի ազգային գրադարանում, որի հետ ԳՈՀԱՐ գրադարանը նույնպես համագործակցում է։

Հայկական երաժշտագիտական հարուստ ժառանգությունը պահպանելու, փոխանցելու և հանրայնացնելու համար անհրաժեշտ է պահպանել և զարգացնել հայկական երաժշտագիտական փոքրաթիվ գրադարանները՝ համապատասխանեցնելով ժամանակակից մասնագիտական պահանջներին ու գրադարանային չափորոշիչներին։

Back to top button