ԿարևորՄիջազգային

Չինաստանը հակադրվում է իրեն ույղուրական իրավահաջորդ հռչակած Թուրքիային

Հավաքական Արևմուտքը կարծում է, որ Չինաստանը միակ երկիրն է, որը ոչ միայն մտադիր է, այլև կարող է փոխել միջազգային կարգը։ Այդ երկրի աճող տնտեսական, դիվանագիտական, ռազմական ու տեխնոլոգիական ներուժը գերտերություններին ստիպում է  հաշվի նստել ու վերանայումներ անել։

ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ Չինաստանը էլ ավելի վտանգավոր է դիտարկվում, քան Ռուսաստանը, և  սա շրջադարձային իրողություն  է` «Ռադիոլուրի» հետ  զրույցում ասել է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Նա կարծում է, որ եթե նախկինում ԱՄՆ-ի համար գերտերության կարգավիճակի հիմնական «ախոյան- հավակնորդը» Ռուսաստանն էր, ապա առաջիկա տասնամյակում այն արդեն համարվելու է Չինաստանը։

Ըստ քաղաքագետի` ասիական այս պետությունը տնտեսական իր հզորությամբ աշխարհում երկրորդն է։ Իսկ միջազգաին քաղաքականության և գլոբալ տեղաշարժերի մեջ հենց այս ցուցանիշն է կարևորագույնը։ 

«Չնայած չինական տնտեսությունը զերծ չէ ազատականությունից,  այնուամենայնիվ Պեկինին հաջողվել է պահպանել չինական քաղաքական համակարգի սոցիալիստական էությունը։ Չինաստանն ինքն է արդիականացնում իր իսկ տնտեսական և քաղաքական համակարգը` պահպանելով առաջին հերթին ազգային առանձնահատկությունները, ուստի Չինաստանի քաղաքակրթական առաջարկն ինչ-որ պահի կարող է առավել մեծ գրավչություն ունենալ աշխարհի շատ պետությունների համար»,- ասում է Արա Պողոսյանը։

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը ընդգծում է այն, որ «Մարդկության ընդհանուր ապագա» հայեցակարգի շնորհիվ Չինաստանն առաջ է տանում հետևյալ գաղափարախոսությունը` բոլոր ժողովուրդներն, անկախ մեծ ու փոքր լինելուց, իրավունք ունեն սեփական ինքնությունը պահպանելով զարգանալ, միևնույն ժամանակ ունենալով ընդհանուր պարտավորություններ աշխարհի ապագայի նկատմամբ։

 «Աշխարհի ընդհանուր ապագան պետք է որոշեն այս բոլոր պետությունները միասին։ Չինաստանի քաղակրթական այս առաջարկը հակադրվում է արևմտյան քաղաքակրթական առաջարկին, որը գլոբալիզմն է` գլոբալ տնտեսությամբ ու զարգացմամբ։ Չինական տնտեսությունը ևս ունի գլոբալ տնտեսական համակարգի տարրեր և փոխկապակցված է աշխարհի շատ երկրների տնտեսությունների հետ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ և այլն»,- ասում է քաղաքագետը։

Ըստ Արա Պողոսյանի` Չինաստանի արտաքին քաղաքականությունը բավականին զգուշավոր է և հավասարակշռված։ Սա է պատճառը, որ արևելյան այս երկրի դիվանագիտության ազդեցիկ գործիքներից մեկը` չինական «փափուկ ուժի» քաղաքականությունը վերջին երկու տարիներին աշխարհի շատ երկրների տնտեսության միջոցով ներթափանցել է Աֆրիկա, Ասիա, նաև Հարավային Կովկաս։  Չինաստանը կովկասյան տարածաշրջանում որոշակիերոն փորձում է ներկայացված լինել` առաջին հերթին հակազդելու համար իրեն ույղուրական իրավահաջորդ հռչակած Թուրքիային և «թուրանական ծրագրին»։

Արա Պողոսյանն ասում է, որ այդուհանդերձ, ավանդաբար Հարավային Կովկասը դիտարկելով որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, Չինաստանը բավականին զգուշավոր է այստեղ, հասկանալով որ իր չափից շատ ակտիվությունը կարող է բերել նաև հակազդեցություն Ռուսաստանի կողմից։ Սակայն վերջին շրջանում Պեկինը որոշակի ակտիվություն դրսևորում է «Մեկ ճանապարհ մեկ գոտի» ծրագրի իրագործման համատեքստում ։ 

Back to top button