ԿարևորՀասարակություն

Հումանիտար, հասարակագիտական, տեխնոլոգիական, գյուղատնտեսական. նոր ձևավորվող բուհերի ուղղությունները նախանշված են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ ստեղծվել է բուհական ուղղությունների ցանկ և բովանդակություն մշակող աշխատանքային խումբ, որը մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը պետք է մշակեր և ՀՀ վարչապետին ներկայացներ բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք: Խումբը կազմված է բացառապես ոլորտի պատասխանատու պաշտոնյաներից, դրանում չեն ընդգրկվել ոլորտի փորձագետներն ու բուհերի ներկայացուցիչները: Աշխատանքային խումբը պետք է առաջարկներ ու հիմնավորումներ ներկայացներ բուհական փոփոխությունների վերաբերյալ ։

Հանրապետությունում մինչև 8 բուհ ունենալու նախաձեռնությունը կրթության ռազմավարության առանցքային կետերից է, և  ոլորտի շահառումների մեծամասնությունը դրան կողմ է արտահայտվել դեռ նախագծի քննարկման փուլում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը։ Խնդիրն իհարկե հեշտերից չէ՝ խոստովանում է փոխնախարարը, բայց նաև ժամանակի հրամայականն է, որի համար գործուն քայլեր են անհրաժեշտ։

«Բուհերի խոշորացումը նոր թեմա չէ։ Որքան շուտ  այդ գործընթացը սկսենք և ավարտենք, այնքան մեր հետագա անելիքներն ավելի հստակ և փաստարկված կլինեն։ Որոշ բուհեր ժամանակի ընթացքում շեղվել են իրենց առաքելությունից,  բացել են տարբեր մոդայիկ կրթական ծրագրեր, որոնք ժամանակի ընթացքում միգուցե ընդունելությւոն են ապահովել և ֆինանսներ, բայց իրենց առաքելությունից շատ են շեղվել»։

Ի դեպ արդեն նույնիսկ հիմնական ուղղություններն են նախանշված։ Քննարկումներն իհարկե աշխատանքային խմբում են անցակցվել, որը նոյեմբերի սկզբին ստեղծվել էր վարչապետի որոշմամբ և որի գործունեության   վերջնաժամկետ էր սահմանվել նույեմբերի 30-ը։ Որոշակի պատկեր արդեն կա, միայն թե մասնագիտական խմբում դրա հանրայնացումը դեռ վաղ են համարում։

«Արդեն նախանշված տարբերակ ունենք, պարզապես թող ամբողջական լինի, նոր հանրայնացնենք։ Բացի դրանից ընդհանրապես համալսարանների հետ կապված աշխարհում մեծ փոփոխություններ կան։ Հիմա աշխարհը գնում է դեպի գիտահետազոտական և ձեռնարկատիրական ուղղվածությամբ համալսարանների։ Եթե նախկինում  դասախոսները դասախոսություն էր վարում և հնարավորության դեպքում զբաղվում գիտությամբ, հիմա հակառակն է։ Դասախոսը պետք է հիմնականում զբաղվի գիտությամբ և կարողանա նաև դասավանդել և կիսվել իր փորձով»։

Ուղղություններն ընտրելիս հաշվի է առնվել միջազգային փորձը։ Հիմնականում գիտական ուղղություններն են նախանշվել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրելյանը։

«Հումանիտար, հասարակագիտական, տեխնոլոգիական, գյուղատնտեսական։ Այս բոլորը բնականաբար մեր կողմիցթվարկվել և նախանշվել են։ Այժմ մենք բովանդակության ուսումնասիրության փուլում ենք, որպեսզի հասկանանք մեր հնարավորություններն ու մեր ռեսուրսները։ Ըստ այդմ, հետագա փուլերում մտածենք, թե մեր այս հնարավորույթունների տիրույթում  ինչպիսի ռազմավարություն պետք է մշակենք։ Նույն այդ ակադեմիական քաղաքի ստեղծումը արդյոք հնարավոր է, թե՝ ոչ։ Եթե հնարավոր է, որքան բուհեր կտեղավորվեն»։

Գաղափարը որպես այդպիսին լավն է՝ կարծում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, միայն թե չի հասակնում, թե ինչու է աշխատանքային խումբը բացառապես պետական պաշտոնյաներից կազմվել։ Չէ՞ որ շահառուների շրջանակը շատ ավելի լայն է։

«Կազմավորված հանձնաժողովում ընդգրկված են միայն  մարդիկ, որոնք պետական պաշտոններ են զբաղեցնում և ոչ մասնագետներ, ոչ էլ բուհերի ներկայացուցիչներ։ Դրանից կարելի է ենթադրել, որ որոշումն ըստ էության արդեն կայացված է, ստեղծված հանձնաժողովն ուղղակի արձանագրելու է այդ որոշումը և դրական որևէ բանի չի բերի։ Անթույլատրելի է, որ բուհերի ներկայացուցիչները ընդգրկված չեն։ Միանգամից ասեմ, որ կառաջանա որոշակի ընդդիմախոսություն, ինչը տեղի ունեցավ վերջերս, երբ խոսք էր գնում 2-3 բուհերի միավորման մասին»։

Մինչ փորձագետն այս որոշման մեջ հարցի շտապողական լուծման ռիսկեր է տեսնում՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրելյանը հավաստիացնում է՝ առայժմ ինֆորմացիայի հավաքագրման և ուսումնասիրությունների փուլն է։ Երբ գործնական քննարկումների անցնեն, անպայման նաև փորձագետների և բուհերի ներկայացուցիչների կհրավիրեն։

Back to top button