ԿարևորՔաղաքական

Կես ճշմարտությո՞ւն, թե՞ իրականության բացահայտում․ ի՞նչ ենթատեքստ ունեն Լավրովի հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարություններն ակտիվ վերլուծությունների հիմք են տվել․ ի՞նչ նպատակով է Լավրովը բացահայտումներ արել Արցախի կարգավիճակի ու Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ։ Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պնդել է, որ Մոսկվան կա, եղել է և կմնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամրտության կարևոր դերակատարներից մեկը։ Շատ քաղաքագետներ, մինչդեռ, կարծում են, որ Լավրովի ձևակերպումները վկայում են, որ մտադրություն կա Արցախի հարցը փոխարինել Արցախի ժողովրդի  իրավունքների թեմայով։

Երկու ամիս առաջ Պրահայում  Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքում ստորագրված փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և պետք չէ մեղադրել  Մոսկվային, թե Ռուսաստանն է հրաժարվել  հարցը ապագա սերունդներին թողնել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը ։

Նա բացահայտել է, որ  Մոսկվան Արցախի կարգավիճակի հարցը ապագային թողնելու կետը ներառել էր խաղաղության պայմանագրի իր տարբերակում և ավելի քան կես տարի առաջ ներկայացել կողմերին: Բաքուն այդ ժամանակ համաձայնել է քննարկել հարցը։ Պրահայում ստորագրված փաստաթղթից հետո սակայն, արդեն Սոչիում Բաքուն հրաժարվել է Արցախի կարգավիճակի հարցը  թողնել հաջորդ սերունդներին։

«Նրանք գնացին Պրահա և այնտեղ ստորագրեցին փաստաթուղթ, որում ասվում է, որ նրանք ուզում են խաղաղության պայմանագիր կնքել` ՄԱԿ֊ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Այդ հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական պետությունները հաստատում են սահմանների անխախտելիությունը Խորհրդային Միության պետությունների միջև գոյություն ունեցող սահմաններով։ Այլ խոսքերով ՝այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության մաս էր»։

Լավրովի խոսքով՝ եթե  Փաշինյանը, Ալիևը, Մակրոնը և Եվրոպական խորհդրի նախագահ Շառլ Միշելը հաստատում են, որ ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագիրը՝ առանց վերապահման, ապա դա, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ 

Արցախի կարգավիճակի շուրջ ակտիվացած քննարկումներին արձագանքել է  Արցախի ԱԳՆ։ Հայտարարությունում հստակեցվում է, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լիազորված է հայտարարել, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ։

«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ։

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա կարգավիճակի հետ, որը սահմանվել է Արցախի ժողովրդի կողմից՝ միջազգային իրավունքի նորմերին, սկզբունքներին և այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրությանը ամբողջական և խիստ համապատասխանությամբ»,- ասվում է ԱՀ ԱԳՆ հայտարարությունում։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում Արցախի ԱԳՆ պաշտոնակատար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Լավրովի հայտարարություններին, հստակեցրեց հետևյալը՝

«Մենք հասկանում ենք, այն, որ Ռուսաստանը եղել է, կա և հուսով ենք կմնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորագույն, առանցքային դերակատարներից մեկը, որ նա կշարունակի իր պատմական առաքելությունը տարածաշրջանում՝ խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ»։

Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումը Լավրովի կողմից շատ քաղաքագետներ վերապահումով են ընդունում։  Ալմա-Աթայի հռչակագրիմեջ նշված չէ և ընդգծված չէ՝ ինչ սահմանների մասին է խոսքը։ Հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ Իսկ երբ երկու տարի անց որոշել է միանալ հռչակագրին՝ 1993 թվականին, այդ ժամանակ Արցախն արդեն անկախ հանրապետություն էր։ Այս առումով քաղաքագետ Արա Պողոսյանը շեշտում է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը մեկնաբանման կարիք ունի։  Նա նաև շեշտում է՝ այսօրվա իրականությունը ցույց է տալիս, որ ուժն է թելադրում իրավունքը։

Իսկ Լավրովի հայտարարությունները նրա կարծիքով մի քանի ենթատեքստ ունեն և ճշմարտության կես են ներկայացնում․

«Սրանով Լավրովը մեղադրում է ՀՀ իշխանություններին արևմուտքի հետ պայմանավորվածությունների գնալու հաշվին Արցախից հրաժարվելու մեջ, իսկ սա առաջին հերթին ուղղված է Հայաստանի ներքին լսարանին, հայ ժողովրդին»։

Քաղաքագետի կարծիքով Մոսկվան ուզում է փակել Արցախի կարգավիճակի հարցը և դա ներկայացնում է, որպես Պրահայի հանդիպման արդյունքով ձեռք բերված արձանագրություն։ Սա ռուսական տրամաբանության փոփոխության նպատակով է արվում, քանի որ Մոսկվան չի կարող միայն մի կողմի շահերով առաջնորդվել։

«ՌԴ փորձում է բոլոր դեպքերում գործընթացներից դուրս չմնալ։ Իսկ գործընթացներից դուրս չմնալու համար պետք է փորձի առնվազն երկու կողմերին պայմանական ասած դուր գալ։ Այսինքն՝ ռուսական առաջարկը պետք է երկու կողմերի համար քննարկելի լինի։ Եթե ՌԴ միակողմանիորեն պնդում է Արցախի կարգավիճակի հարց , նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվելու է ռուսական պլատֆորմից ։ Իսկ ՌԴ վստահաբար կարող եմ պնդել, որ երբեք չի գնա նման քայլի և միակողմանի որևէ դիրքորոշում չի որդեգրի»։

Քաղաքագետի խոսքով՝ շուտով Արցախի կարգավիճակի մասին քննարկումներն ամենայն հավանականությամբ կփոխարինվեն Արցախի ժողովրդի իրավունքների մասին քննարկումներով։

Back to top button