Արգենտինահայ հեռուստա և ռադիոհաղորդավար Լեո Մումջյանը Հայաստանում է և մասնակցում է «Ի գործ» ծրագրին։ Նա կարևորում է Սփյուռքի այսօրվա ներկայությունը հայրենիքում։
Կկարողանա՞ արդյոք օգտակար լինել իր աշխատանքով, իրազեկման ի՞նչ միջոցներ կկիրառի մեր հայրենակիցը՝ արգենտինյան հասարակությանը Հայաստանի մասին տեղեկացնելու համար:
Լեո Մումջյանը նշում է, որ իր, ինչպես նաև շատ այլ սփյուռքահայերի համար, Հայաստանը տուրիստական երկիր չէ. «Հայաստանը մեր հայրենիքն է, նաև մեր ծնողը: Իսկ հաճախ երեխաները իրենց ծնողներից սպասում են հրահանգների»:
Լեոն վստահ է, որ յուրաքանչյուրի գործը նաև մեր երկրում լինելն ու աշխատանքով նրան նպաստելն է։ «Ես այլ երկիր գնալու հնարավորություն ունեի, սակայն եկել եմ իմ հայրենիք, այստեղ եմ այսօր պետք»,- ասում է:
Լեո Մումջյանը «Ի գործ» ծրագրի այս տարվա մասնակից է: Աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմում: Մասնագիտացված է հասարակության հետ աշխատանքներով, Արգենտինայում աշխատում է և հեռուստատեսությունում, և ռադիոյում:
«Այստեղ աշխատանքս շատ կարևոր է: Վստահ եմ, որ կարողանալու եմ Արգենտինային, որը թեև հայամետ է, տեղեկացնել ստեղծված իրավիճակի մասին, փաստել ազերիների գործողությունները նաև արգենտինյան հասարակության համար»,- ընդգծում է:
Ինչ վերաբերում է Սփյուռքի և Հայաստանի փոխադարձ գործակցությանը, նկատում է. «Յուրաքանչյուրս, որտեղ էլ լինենք, պետք է գիտակցենք, որ վտանգը բոլորինս է, իսկ դրա համար նախ պետք է այն գիտակցությանը գանք, որ մենք ոչ թե երեք կամ երկուս և կես միլիոն ենք, այլ ինը միլիոն»,- ասում է Լեո Մումջյանը:
Արգենտինյան հասարակության հետ աշխատանքի, մեր գործողությունների և Հայաստան-Սփյուռք նորացվող հարաբերությունների մասին ավելի մանրամասն ռադիո և հեռուստահաղորդավար Լեո Մումջյանի հետ հարցազրույցում: