ԿարևորՀասարակություն

Սյունիքի սահմանային բնակավայրերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրության կենտրոնում են

Նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետ Ռուբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին եւ Գորիսի ենթապատվիրակության ներկայացուցիչներին։

2020-ի պատերազմից հետո, ելնելով կարիքներից, կոմիտեն ենթապատվիրակություն է հիմնել նաեւ Գրիսում՝ այսպիսով ավելի մոտ գտնվելով Սյունիքին ու առավել ակտիվորեն իրականացնելով ծրագրեր՝ ուղղված տեղահանված անձանց խնդիրներին, առողջապահական, հումանիտար ոլորտներին եւ այլն։

Թիերի Ռիբոն ամփոփ ներկայացրել է (իրենց ունեցած միջազգային մանդատի շրջանակներում) ՀՀ-ում 30-ամյա աշխատանքի ուղղությունները, նաեւ ապագա գործունեության տեսլականը։ Նշվել է, որ Սյունիքում հատկապես ուշադրության կենտրոնում են սահմանային բնակավայրերը, որպեսզի աջակցեն մարդկանց շարունակել ապրել այնտեղ, որտեղ որ հիմա են։

Պարոն Ռիբոն նաեւ ողջունել է մարզային իշխանության նախաձեռնությունը, որը կյանքի է կոչվել վերջերս կայացած աշխատաժողովով՝ համախմբելով Սյունիքում գործող բոլոր միջազգային կառույցներին ու հիմք դնելով այստեղ նրանց համակարգված աշխատանքին։

Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է տարբեր ոլորտներում այն մարտահրավերները, որոնց բախվում են մարզի բնակիչները 2020-ի, ինչպես նաեւ 2022-ի սեպտեմբերի պատերազմներից հետո։

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ԿԽՄԿ-ի առաքելության շրջանակի մի շարք գործընթացներ, մասնավորապես, անդրադարձ է կատարվել գերիների, անհայտ կորածների ճակատագրին, վերադարձողներին ցուցաբերվող հոգեբանական եւ այլ աջակցությանը։

Back to top button