Մոռացված ֆիլմերի ստվերները

Չիրականացված ալմանախի հետքերով. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Վալերի Մելքոնյանն անցյալ դարի 80-ականների սկզբին մի նվիրական ցանկություն ուներ՝ նկարահանել կինոալմանախ մի հեղինակի ստեղծագործությունների հիման վրա։ Այդ ցանկությունը, սակայն, ցավոք չիրականացավ։

1974 թվականին ավարտելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, մի քանի տարի թատրոնում և կինոյում աշխատելուց հետո՝  կինոռեժիսոր Վալերի Մելքոնյանը մեկնեց Մոսկվա՝ ուսանելու բարձրագույն ռեժիսորական կուրսերում։ Իր դիպլոմային աշխատանքը՝ «Վարսավիրը, որի քեռու գլուխը կծել-պոկել էր վարժեցրած վագրը» կարճամետրաժը, նա նկարահանեց 1983-ին:

Վիլյամ Սարոյանի պատմվածքի հիման վրա ստեղծված այս ֆիլմի գաղափարը ծնվեց պատահաբար։ Ուսանողական հանրակացարանի հարևան սենյակում ապրող արցախցի Ռաֆայել Աղաջանյանը, այցելելով ընկերոջը, նրան ներկայացրեց Վիլյամ Սարոյանի պատմվածքի հիման վրա գրված մի կինոսցենար։ Վալերի Մելքոնյանը ընթերցեց ու հասկացավ, որ դա հենց այն է, ինչ ինքը երկար ժամանակ փնտրում էր։

Վալերի Մելքոնյան

«Սցենարը անցավ խորհրդային տարիներին  ընդունված հաստատման բոլոր փուլերը, որին էլ հաջորդեց դերասանական կազմի ընտրությունը: Վարսավիրի դերում ես հաստատեցի Ազատ Գասպարյանին, մանչուկի ծնողների կերպարները մարմնավորեցին Ալլա Թումանյանն ու Կարեն Ջանիբեկյանը, իսկ  խելագար պապիկին պատահաբար գտա՝ Թումանյան փողոցում»,-այսպես է վերհիշում տարիներ առաջ իր դիպլոմային աշխատանքի նկարահանման նախապատրաստական աշխատանքները ՎալերիՄելքոնյանը:

Այս ֆիլմի նկարահանումից հետո Վալերի Մելքոնյանը որոշեց Սարոյանի պատմվածքների հիման վրա մի կինոալմանախ նկարահանել։ Հաջորդ պատմվածքը էկրանավորվեց «Վարսավիրը, որի քեռու գլուխը կծել-պոկել էր վարժեցրած վագր» ֆիլմի էկրան բարձրանալուց հինգ տարի անց։

«Ամենացուրտ ձմեռը՝ 1854 թվականից ի վեր» այսպիսին է հաջորդ կարճամետրաժի վերնագիրը։ Ֆիլմի բեմադրող նկարիչ Կարեն Դավիդովը պատմում է, որ սցենարին ծանոթանալիս արդեն նա հստակ պատկերացնում էր, թե որտեղ պիտի նկարահանվի այն։

Կարեն Դավիդով

«Մեր ծանոթությունը Վալերի Մելքոնյանի  հետ տեղի ունեցավ Մոսկվայում: Ես սովորում էի ՎԳԻԿ-ում նա՝ բարձրագույն ռեժիսորական կուրսերում: Փաստորեն մեր ընկերությունը հետագայում վերածվեց նաև ստեղծագործական համագործակցության: Պատմվածքում գործողությունները ծավալվում էին Ֆրեզնո քաղաքում, իսկ այդ փոքրիկ քաղաքում ամեն քայլափոխի հանդիպում ես արմավենիների: 1987 թվականի Հայաստանում նման միջավայր գտնելն անհնար էր: Մի փոքր մտածելուց հետո ես մտաբերեցի ծովափնյա Բաթումի քաղաքը, որտեղ ես մի քանի անգամ եղել էի, ու առաջարկեցի Վալերային մեկնել այնտեղ և  իրականացնել նկարահանումները»,-պատմում է Կարեն Դավիդովը:

Մեր երկրի համար բախտորոշ 90-ականները բախտորոշ եղաև նաև Սարոյանի պատմվածքների հիման վրա ստեղծվելիք կինոալմանախի համար։ Չնայած մեր երկրի առջև ծանրացած դժվարություններին՝ պատերազմ, տնտեսական ճգնաժամ, էլեկտրաէներգիայի բացակայություն, միևնույն է Վալերի Մելքոնյանը հույսը չէր կորցնում։

Բայց «Հայֆիլմի» փլուզումը քանդեց նաև ռեժիսորի հույսերը։ 2000-ականներին ևս մեկ անգամ անդրադառնալով կիսատ մնացած ալմանախին՝ նա որոշեց մի առաջարկ անել իր երիտասարդ գործընկեր կինոռեժիսոր, սցենարիստ Միքայել Վաթինյանին։ Բայց այդ առաջարկն էլ  չիրագործվեց։

«Անկեղծ ասած ինձ համար մեկ էր, թե ով կնկարահանի երրոդ կարճամետրաժը: Կարևորը նույն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա ստեղծվեր այդ կինոալմանախը: Առաջարկեցի Միկային, բայց նա էլ ինչ-ինչ պատճառներից ելնելով այդպես էլ չիրագործեց նկարահանումը»,-ափսոսանքով նշում է Վալերի Մելքոնյանը:

Սարոյանի պատմվածքների հիման վրա նկարահանված երկու կարճամետրաժներից այսօր քիչ թե շատ հանրությանը հայտնի է «Վարսավիրը, որի քեռու գլուխը կծել-պոկել էր վարժեցրած վագրը» ֆիլմը, իսկ «Ամենացուրտ ձմեռը՝ 1854 թվականից ի վեր» կարճամետրաժն այդպես էլ չհասավ դիտողին։ Այն այժմ «տխրում է» կինոարխիվի փոշոտ դարակներում՝ սպասելով այն լուսավոր օրվա, երբ ի վերջո կներկայանա հանրությանը։

Back to top button