ԿարևորՀասարակություն

Ճարտարապետների պալատը քննադատում է, քաղաքապետարանը՝ խոստանում վերականգնել

Հայաստանի ճարտարապետների պալատը հայտարարություն է տարածել՝ քննադատելով ամանորյա լուսազարդարման պատճառով պատճառով հուշարձան-շենքերի վնասումը նաև կոչ անում համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառել շենքերը վնասողների նկատմամբ։

«Հանրապետության հրապարակում 2022 թվականի ամանորյա լուսազարդարման աշխատանքների իրականացման հետևանքով էական վնաս է հասցվում Հայաստանի Խորհրդային ճարտարապետական ժառանգության ամենախորհրդանշանական անսամբլի մաս կազմող շենքերին, որոնք ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։

Հայաստանի ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում և պարզաբանում է պահանջում գործընթացը նախաձեռնած Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև ժառանգության պահպանության պատասխանատու լիազոր մարմնից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մասնավորապես՝ առկա՞ է արդյոք նախարարության խորհրդակցական մարմին հանդիսացող գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը իրականացվող լուսազարդման նախագծի վերաբերյալ։

Համոզված ենք, որ անհրաժեշտ է գնահատել, արժևորել և պահպանել ոչ միայն մայրաքաղաքի թամանյանական կառույցների ճարտարապետությունը, այլև հայ քարագործ վարպետների ձեռակերտ աշխատանքը։

Հայաստանի ճարտարապետների պալատը պահանջում է անհապաղ դադարեցնել աշխատանքները և քայլեր ձեռնարկել բացառիկ արժեք ներկայացնող պահպանվող շենքերի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ, ինչպես նաև համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառել հուշարձան շենքերը վնասողների նկատմամբ»,-ասված է Հայաստանի ճարտարապետների պալատի տարածած հաղորդագրության մեջ։

Իր հերթին, Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ տոներից հետո շենքերին հասցված վնասները կվերականգնվեն տոներից հետո։ Հաղորդագրության մեջ շեշտված է, որ համացանցում տարածված լուսանկարը՝ որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի (орнамент) մեջ ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ։

«Լուսավորության աշխատանքների շուրջ առկա են տարաբնույթ քննարկումներ, հարցեր, ուստի 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 11։00-ին հրավիրվելու է մամուլի ասուլիս, որի շրջանակներում անդրադարձ կկատարվի այս թեմային առնչվող, ինչպես նաև այլ, հարակից հարցերի։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ այս պահին տարբեր լրատվական միջոցների կողմից քննարկվում է մասնավորապես Հանրապետության Հրապարակի շենքերի վրա իրականացվող աշխատանքները, անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը։

Հաշվի առնելով նշվածը, Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։

Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի (орнамент) մեջ ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Back to top button