Դպրություն

Հայաստանում հիմնվում է դոկտորական դպրոց․ «Դպրություն»

Նոյեմբերի 14-18-ը «ARMDOCT» ծրագրի շրջանակում Իտալիայի Տերամո քաղաքում անցկացվեց աշխատաժողով, որտեղ ծրագրի հայաստանյան գործընկերները, բուհերի պատվիրակությունները, ներկայացրեցին իրենց համալսարաններում ծրագրի շուրջ տարվող աշխատանքները և, թե այս պահին ո՞ր փուլում են դոկտորական կրթության բարեփոխումները, և առհասարակ ի՞նչ աշխատանքներ են տարվում ծրագրի շրջանակում։

Երանուհի Մանուկյան

«Այս ծրագրի նորույթը դոկտորական դպրոցների հիմնումն է։ԵՊՀ–ն փորձում է 2 ուղղությամբ դոկտորական դպրոց իրականացնել։ Տերամոյի մեր գործընկերները շատ դիպուկ նշեցին, որ ըստ էության, այս աշխատաժողովի նպատակը դա Տերամոյի գործունեության փորձի փոխանակումն է, որը իրականացվում է 3 ուղղությամբ՝ ուսուցում, հետազոտություն, հանրային ծառայություն։ Ակնհայտ է, որ եթե մինչև այս պահը Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտական կրթությունը ուսուցման բլոկով իրականացնում է իր գործունեությունը, ապա հետազոտության և հանրային ծառայության առումով խնդիրներ գոյություն ունեն», – ասում է ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը։

Մարիաննա Հարությունյան

«Այսօր մենք ունենք ասպիրանտուրա, ասպիրանտներ, հայցորդներ, որոնք որոշակի ուսումնական ծրագրով ստանում են համապատասխան կրեդիտները, անցնում են համապատասխան դասընթացները և մեզ համար շատ կարևոր է հասկանալ այստեղ անվանափոխություն է տեղի ունենալու, թե տեղի է ունենալու բովանդակային փոփոխություն, ռեֆորմը ինչ մակարդակի է լինելու։ Եվ յուրաքանչյուր բուհ առաջարկեց իր մոտեցումը դոկտորական դպրոցների հիմնման հետ կապված, և բոլորս միակարծիք ենք, որ այո, ՀՀ-ում պետք է ստեղծվի նոր մշակույթ և մենք պետք էունենանք բոլորովին նոր մակարդակի դոկտորական կրթություն, որը մրցունակ կլինի ամբողջ աշխարհում», – ասում է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, մանկ. գիտ. թեկ., դոցենտ Մարիաննա Հարությունյանը։

Ատոմ Մխիթարյան

«Տերամոյի համալսարանում տեղի ունեցած աշխատաժողովի նպատակն էր ուսումնասիրել դոկտորական դպրոցների կայացման Իտալիայի փորձը և հնարավորության դեպքում այն տեղայնացնել Հայաստանում։ Իտալիայում նույնիսկ դոկտորական դպրոց կար, որտեղ ընդգրկված էր 50 հաստատություն՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ, հետազոտական կենտրոններ և այլն։ Այս օգտակար փորձը մենք հիմա նախատեսում ենք ենթաօրենսդրական ակտերով ներկայացնել հաստատման լիազոր մարմնին կամ գուցե կառավարությանը։ Նախապատրաստական աշխատանքները սկսված են»,– ասում է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն»- ի դեկան, ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մխիթարյանը։

Ռուբեն Մարկոսյան

«Ծրագրում ներգրավված են հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտությունների ազգային ակադեմիայի կառույցներ, Երևանում և մարզերում գտնվող ուսումնական հաստաություններ, պետական մարմիններ և այս բոլոր կառույցները ուղղակի առընչություն ունեն Հայաստանում 3-րդ աստիճանի կրթությանը՝ դոկտորական կրթության բարեփոխումների գործընթացին։ Իր բնույթով ազգային ծրագիր է, ունի բավականին հավակնոտ նպատակներ՝ իրատեսական և իրագործելի իհարկե։ Մենք միաժամանակ բարեփոխում ենք դոկտորական կրթությունը՝ մշակվել են ընթացակարգեր, կառուցակարգեր, հայեցակագ, որոնցով ողջ գործընթացը ասպիրանտական կրթության՝ թե կազմակերպումը, թե թեզերի պաշտպանությունը հետագայում պետք է իրականացվի և միաժամանակ ծրագրի շրջանակներում նախատեսված են արդեն դոկտորական դպրոցների ստեղծումն ու դոկտորական կրթության իրականացումը», – ասում է Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։

Back to top button