ԿարևորՔաղաքական

Խորհրդատվական փաստաթո՞ւղթ, թե՞ հնարավորություն․ Ֆրանսիայի ԱԺ բանաձևը՝ ըստ փորձագետների

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևը։ Սրան նախորդել էր Սենատի կողմից բանաձևի ընդունումը։  Չնայած օրեսդիրների գրեթե միանշանակ դիրքորոշմանը՝ Ֆրանսիայի կառավարությունը  հստակեցրել է, որ խորհրդարանի երկու պալատների բանաձևերը չեն արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը։

Փարիզում  հերթական հայամետ փաստաթղթի ընդունումը ողջունել է Հաստանի ԱԺ խոսնակը։ Ալեն Սիմոնյանը թվիթերյան գրառմամբ ողջունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի միաձայն ընդունումը: Փորձագիտական դաշտում բանաձևի ընդունման նպատակների շուրջ կարծիքները տրամագծորեն տարբեր են։

Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի միաձայն ընդունմամբ Ֆրանսիայի խորհրդարանը կոչ է անում Բաքվին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում։

Բանաձևում նշվում է, որ Ֆրանսիայի կառավարությանը պետք է շարունակի միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Շեշտադրում կա նաև պաշտպանական կարողությունների ամրապնդմանը նպաստելու ուղղությամբ։ Այս բոլոր ամրագրումներով հանդերձ բանաձևն ունի խորհրդատվական նշանակություն և իրավական գործընթաց չի ենթադրում։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը անմիջապես  արձագանքեց այս որոշմանն ու հստակեցրեց․«Խորհրդարանականների նախաձեռնությունը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ, և ընդունվել է լիովին անկախ՝ իշխանությունների տարանջատման սկզբունքին համապատասխան»։

Հայ փորձագետների շրջանում բանաձևի նկատմամբ դիրքորոծումները տրամագծորեն տարբեր են։  Դրա քաղաքական նշանակությունը գրեթե զրոյական է համարում քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը։

«Այն, ինչ ասում են, կոչ է, խորհուրդ, դատապարտում, բայց գործնականում ոչինչ չի ենթադրում  և ունենալու է զրո նշանակություն։ Նպատակը ժողովրդի մեջ հակառուսական տրամադրություններ ստեղծելն ու պրոարևմտյան տրամադրություն հրահրելն է, որը քարոզչական հիմք է ՀԱՊԿ-ից դուրս գալու իրավական գործընթաց սկսելու համար»։

Բանաձևի ընդունումից հետո հայտարարություն տարածեց ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ շեշտելով, որ այժմ եւ ֆրանսիացիները, եւ ամերիկացիները և ողջ Արևմուտքը ԵԱՀԿ Մինսկի խումբը քանդելուց հետո փորձում է մխրճվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերի մեջ։

Ըստ նրա՝ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին օգնում է սահմանազատման հարցում, նաև աջակցություն է ցուցաբերում Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցման գործընթացին։ Լավրովի խոսքով՝ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր քննարկել սահմանազատման հարցը՝ չունենալով նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզները, որոնք առկա են միայն Ռուսաստանի Գլխավոր շտաբում։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևը քաղաքական փաստաթուղթ է համարում, նշում է, որ քաղաքական է նաև Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունը։ Ժողովրդավարական երկրներում գործադիրն անուղղակիորեն գործի է դնում օրենսդիրի ընդունած որոշումներն ու բանաձևերը՝ ասում է վերլուծաբանը։

«Խորհրդարանները, պառլամենտարիզմը ժողովրդավարական երկրներում միշտ գերակշիռ են իրենց հնարավորություններով ու քաղաքական ազդեցությամբ, և պետք է գիտակցենք այն հանգամանքը, որ գործադիրն այստեղ ստորադասվում է, քանի որ խորհրդարանի որոշումը դարակազմիկ  նշանակություն ունի տվյալ պետության համար, նրանք քաղաքական ուղի են որդեգրում որպես այդպիսին։ Մենք կարող ենք արձանագրել, որ Ֆրանսիան միջնորդի կարգավիճակից դուրս է գալիս և կողմ է դառնում»։

Սակայն չպետք է կարծել, թե Ֆրանսիան Հայաստանի փոխարեն է գործելու։ Մենք կարող ենք նյութատեխնիկական ու դիվանագիտական աջակցություն ստանալ Արևմուտքի կողմից, սակայն հիմնական անելիքը հայկական կողմին է ՝ ասում է Գորգեն Սիմոնյանը։

«Նյութատեխնիկական ասելով՝ նկատի ունեմ նաև ռազմականը, որովհետև տեխնոլոգիաների առումով Արևմուտքը բավական նախանձախնդիր է և ամեն մեկին շռայլաբար չի տալիս։ Բայց սա պատուհան է, որը համապատասխան հնարավորությունների հարթակ կստեղծի Հայաստանի համար, և ճիշտ դիվանագիտության միջոցով կարող ենք հասու լինել այդ տեխնոլոգիաներին։ Պետք է հատուկ կարգավիճակ ունեցող երկիր լինի, իսկ բանաձևի ընդունմամբ բացվում է այդ պատուհանը»։ 

Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Բաքվին դատապարտող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձևին արձագանքել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան, նշելով, թե  Ֆրանսիան վնասում է հայ- ադրբեջանական խաղաղ գործընթացը։ Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ  բանաձևը Ադրբեջանի դեմ սադրանքն է որակել և մեղադրել Ֆրանսիային կողմնակալ քաղաքական դիրքորոշման համար։

Back to top button