Երաժշտական եռանկյունի

Լիլիթ Բլեյան, Տիգրան Տեր Ստեփանյան՝ երաժշտական տանդեմ․ «Երաժշտական եռանկյունի»

Երաժիշտների համագործակցությունը միշտ կարևորվել է, հաճախ հենց դրանով է պայմանավորված երաժշտական ընթացքը և զարգացումները: Երգահանի և կիթառահարի համագործակցությունը տարիների պատմություն ունի, նաև՝ հատուկ առանձնահատկություններ. «Իսկապես կարող է թվալ՝ մեր համերգներից դատելով, որ Տիգրանի հետ համագործակցում ենք այն պահերին, երբ նա վերադառնում է Բելգիայից, կամ ես եմ մեկնում Եվրոպա։ Սա այսբերգի երևացող մասն է, այնինչ մեր համագործակցությունը մշտական է, քանի որ երբ բեմի վրա չենք, ձայնագրում ենք նոր երգեր, նախապատաստում նոր ալբոմներ, ձևավորում և հղկում համերգային ծրագրեր»,- ասում է Լիլիթ Բլեյանը։

Լիլիթ Բլեյանին ճանաչում եմ 20 տարուց ավելի, երբ միասին աշխատում էինք Ա1+ հեռուստաընկերությունում: Նա իր հաստատուն քայլերն էր անում հեռուստատեսային լրագրության ոլորտում, և այն ժամանակ դժվար էր պատկերացնել, որ նա ինչ-որ պահի կփոխի իր կյանքի ուղին դեպի երգարվեստ և սեփական ստեղծագործություն: Լեզուների փայլուն իմացությունը թույլ է տալիս Լիլիթ Բլեյանին կատարել և ստեղծագործել ոչ միայն հայերենով, նա ազատ տիրապետում է ֆրանսերենին և իսպաներենին և լրացնում սեփական երգացանկը առավել հոգեհարազատ, հայտնի իսպանական և ֆրանսիական երգիչ-կատարողների ստեղծագործություններով:

Տիգրան Տեր Ստեփանյանը դասական կիթառի լավագույն ներկայացուցիչներից է, ում մասնակցությամբ նաև այդ ժանրը հաստատվեց և զարգացավ Հայաստանում: Հանդես է եկել որպես երաժիշտ-կատարող, ինչպես նաև համագործակցել բազմաթիվ հայ երգահանների հետ, ոչ միայն նվագակցելով, այլ նաև գործիքավորելով նրանց երգերը.

«Ռուբեն Հախվերդյանի հետ իմ համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, միասին կատարել ենք ձայնագրություններ, և ես իր շրջագայությունների և համերգների մշտական մասնակիցն եմ եղել: Երևի հենց դրանով է պայմանավորված, որ երգահանների արվեստը հետաքրքիր և հոգեհարազատ է ինձ»,- ասում է Տիգրանը:

Լիլիթ Բլեյանի հետ համագործակցության առաջին փորձը հեռավար էր, ընկերներից մեկը խնդրել էր ձայնագրել մի երգի համար կիթառային նվագակցություն և ուղարկել համացանցով Հայաստան: Որոշ ժամանակ անց նա լսելով այդ երգը՝ նոր իմանում է, որ նվագակցել է Լիլիթ Բլեյանին: Իսկ ծանոթացել է Լիլիթի հետ, երբ հերթական անգամ այցելել էր Հայաստան, շատ ավելի ուշ: Հենց այդ հանդիպումից էլ ծնվել է նրանց ստեղծագործական տանդեմը, ձայնագրվել են բազմաթիվ երգեր և մի քանի ալբոմներ:

Վերջերս Երևանում «Արդեան» ցուցասրահում կայացավ Լիլիթ Բլեյանի հեղինակային համերգը, որին Տիգրանից բացի մասնակցեց թավջութակահարուհի Անժելիկա Սարգսյանը:
Հաղորդման ընթացքում հնչում են Լիլիթ Բլեյանի և Տիգրան Տեր Ստեփանյանի կատարումները:

Back to top button