ԿարևորՔաղաքական

Իշխանությունն ընդդիմադիրների օրակարգով կգնա արտահերթի․ հարցականները դեռ պահպանվում են

Խորհրդարանական ընդդիմությունը դեկտեմբերի 2–ին փորձելու է արցախյան հակամարտությանն առնչվող քննարկում կազմակերպել և ԱԺ հայտարարություն ընդունել։ Հայտարարության տեքստն արդեն մշակված է, արտահերթն էլ կկայանա,  բայց ինչ զարգացումներ տեղի կունենան՝ դեռ չեն շտապում կանխատեսել։

Մինչ այժմ արտահերթ նիստեր գումարելու կամ հայտարարություններ ընդունելու ընդդիմության փորձերը մշտապես տապալվել են, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը, որպես կանոն, չի ներկայանում այդ նիստերին և դրանք տապալվում են քվորումի բացակայության պատճառով։ Ըստ ընդդիմադիրների՝ հենց դա է եղել պատճառը, որ իրենք սկսել են բոյկոտել լիագումար նիստերը։  

Խորհրդարանական մեծամասնությունը այս անգամ մտադիր չէ տապալել ընդդիմադիրների հրավիրած արտահերթ նիստը։ Անգամ փոփոխությունների առաջարկներ են ներկայացրել գործընկերներին, որ քննարկման ներկայացված հայտարարության տեքստը իրենց համար էլ ընդունելի լինի։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը նախընտրում է նախապես չբացել մեծամասնության առաջարկների էությունը։

«Հայտարարության մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնց շուրջ պետք է աշխատել։ Մանրամասների մեջ չմտնեմ, կարծում եմ, աշխատանքային պրոցեսի արդյունքում ամեն ինչ պարզ կլինի, խնդրում եմ՝ այս պահին կոնկրետ կետերին առնչվող հարցեր մի տվեք։ Իմաստ չունի»։

7 կետով արձանագրում, 6 կետանոց հայտարարություն և դիմում միջազգային հանրությանը․ ընդդիմադիրները անհրաժեշտ են համարում այսպիսի փաստաթղթով պատասխանել 44–օրյա պատերազմի մասին Ադրբեջանի խորհրդարանականների հայտարարությանը, որը նրանք ընդունել էին օրերս։ Ըստ «Հայաստան» խմբակցությանի՝ Ադրբեջանի խորհրդարանն իր հայտարարությամբ Արցախյան հակամարտության էությունը նենգափոխող, սեփական ռազմական հանցագործություններն արդարացնող, Հայաստանի և Արցախի միջազգային վարկանիշը վնասող գնահատականներ է տվել։ Ընդդիմադիրները պնդում են, որ Հայաստանը ինստիտուցիոնալ մակարդակով չի կարող անպատասխան թողնել այդ հայտարարությունը։

Պատասխան հայտարարության տեքստը ներկայացնելու համար հիմնական զեկուցող է ընտրվել «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը։

«Եթե մենք չենք պատասխանում այնպիսի ձևակերպումներին, ինչպիսիք են «Զանգեզուրի միջանցքը», Սյունիքը որպես «արևմտյան Զանգեզուր» իրենց տեսակետից դիտարկելը, Ղարաբաղը Ադրբեջանի մաս համարելը, ղարաբաղյան հակամարտության ամբողջ էության նենգափոխումը այս ամենը, ինչը կա Ադրբեջանի հայտարարության մեջ, և մենք դրան արձագանք պետք է տանք պարտադիր։ Մենք ամրագրել ենք մեր անվտանգային «կարմիր գծերը» ևս մեկ անգամ, օգտագործել ենք այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են Արցախի Հանրապետություն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում առանց սահմանափակումների, Ադրբեջանի կազմում չլինելու ամրագրում, Շուշիի հռչակագրի դատապարտում, որովհետև փոխկապակցվածություն կա իրենց այսօրվա վարքագծի և Շուշիի հռչակագրում ընդունված դրույթների»։

Սակայն, դեռ միանշանակ չէ, որ ընդդիմադիրների առաջարկած հայտարարության տեքստը կընդունվի։ Դրա համար գրավական չէ անգամ նիստը չտապալելու մասին ՔՊ որոշումը և հայտարարության տեքստի վրա միասին աշխատելու առաջարկը։ Անդրանիկ Թևանյանը հստակեցնում է՝ պատրաստ են տեխնիկական փոփոխությունների՝ «և», «ու», շաղկապներ, ստորակետ, միջակետ, բութ և այլն։ Բովանդակային առումով տեքստի փոփոխության հակվածություն ընդդիմադիրները չունեն։ Այս կետում էլ, ըստ էության, ավարտվում է իշխանություն–ընդդիմություն կառուցողականությունը։  Ակնկալվող փոփոխությունների բացակայության դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր հստակ անելիքը գիտի։ Էդուարդ Աղաջանյան․

«Եթե չփոփոխվի, եթե ընդհանուր հայտարարի չգանք, այո, դեմ կքվեարկենք»։

Ընդդիմադիրները պատրաստ են նաև դեպքերի այսպիսի զարգացման։ Նշում են, որ ծավալվող քննարկումը Հայաստանի խորհրդարանում ինքնին կանխարգելիչ նշանակություն ունի։

«Մեր գլխավոր խնդիրը ուղղակի ՀՀ անունից հայտարարելն է, որ մենք չենք ընդունում Ադրբեջանի այն մոտեցումները, որոնք ծավալապաշտական նկրտումներ են պարունակում իրենց մեջ, սպառնում են Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այսինքն՝ նույնիսկ, եթե իշխանությունները չեն ընդունում, ամբողջ աշխարհը և Ադրբեջանը հասկանում են, որ Հայաստանում կան ուժեր, կան մարդիկ, ովքեր իշխանություններից տարբերվող այլ տեսակետ  ունեն»։

Ըստ էության՝ ընդդիմությունը առաջարկվող հայտարարությամբ ամրագրում է, որ դեմ չի Ադրբեջանի հետ  հարաբերությունների հաստատմանը, տարածաշրջանի ապաշրջափակմանը և հարևան երկրների համագործակցությանը։ Սակայն շեշտում է, որ դրանք չպետք է ոտնահարեն կողմերից որևէ մեկի իրավունքները։ Միջազգային հանրությանն ուղղված ասելիքը փաստաթղթով հետևյալն է․

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝

  • Գնահատակն տալ ադրբեջանական ագրեսիային, և դատապարտել Հայաստանի ու Արցախի տարածքների բռնազավթումը,
  • Պատասխանատվության ենթարկել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ռազմական հանցագործությունների համար,
  • Նպաստել ՄԱԿ–ի կանոնադրության լիարժեք իրագործմանը՝ սատարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը։

Դիմում ենք միջազգային հումանիտար կազմակերպություններին՝ գործուն քայլեր իրականացնել հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց վերադարձի հարցում»։

Ավելի վաղ՝ հետպատերազմյան ժամանակաշրջանում ընդդիմությունը դարձյալ փորձել էր արտահերթ նիստերով քննարկման առարկա դարձնել Արցախի հիմնախնդիրն ու անվտանգային հարցերը, դատապարտել «Շուշիի հռչակագիր» կոչվածը։ Բայց խորհրդարանական մեծամասնությունը հայտարարեց, որ այդ օրակարգը իր համար ընդունելի չէ։  

Այժմ ընդդիմությունը կրկին նշում է, որ նոր հայտարարության տեքրսի քննարկումն ու ընդունման հետագա ընթացքը հերթական «լակմուսի թուղթը» կդառնան Հայաստանի ներքաղաքական կյանքում։  

Back to top button