ԿարևորՎերլուծական

Ստուգողական հայտարարություննե՞ր, թե՞ իրական լարվածություն․ Բաքուն ու Թեհրանը մեսիջներ են փոխանակում

Վերջին շրջանում ավելի ու ավելի թեժ հայտարություններ են հնչում իրանա-ադրբեջանական հարաբերություններում։ Տպավորություն  է, թե, ուր որ է իրանա-ադրբեջանական ռազմական բախում է սկսվելու, շատ փորձագետների վերլուծությունները հենց այդ ուղղությամբ են, սակայն որոշ իրանագետներ  լարվածությունը  ոչ թե իրանա-ադրբեջանական տիրույթում են դիրտարկում, այլ իսրայելա-իրանական։ Ոմանք էլ դրանք որոշակի ճշգրտող հատարարություններ են համարում։

Իրանի վարած քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ թշնամական է որակում Ադրբեջանի նախագահը։ Բաքվում նույնիսկ կարծիքներ են հնչում, որ պետք է փոխել երկրի անունը և կոչել այն  Հյուսիսային Ադրբեջան։ Սա պատահական չի արվում՝ Ադրբեջանը և Թուրքիան Իրանի թյուրքախոս ատրպատականցիներով բնակեցված նահանգները կոչում են «Հարավային Ադրբեջան» և Իրանում բնակվող 35-40 մլն ադրբեջանցի են հաշվում։

Իրանում էլ ոչ պաշտոնական մակարդակում Ադրբեջանն անվանում են Իրանի «Հյուսիսային Ադրբեջան» նահանգ, սակայն իրանա-ադրբեջանական վերջին շրջանի լարված հարաբերությունների ֆոնին  Իրանի ծորհրդարանի պատգամավոր Վահիդ Ջալալզադեն, Ադրբեջանից հնչած հակաիրանական հայտարարություններին անդրադառնալով նշում է, որ Բաքուն պետք է ուշադրիր լինի, քանի որ սիոնիստներն ու ամերիկացիներն իրենց ոտքերի տակ սեխի կեղև են գցել։

Սրան զուգահեռ  իսրայելական The Jerusalem Post-ը գրում է, որ Իսրայելի ու Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը վերջին տարիների ամենախոշոր համատեղ զորավարժություններից մեկն են անցկացնում, նպատակ ունենալով մոդելավորել Իրանի միջուկային ծրագրի դեմ հարձակումը:

Ավելին՝ Վաշինգտոնն ու Իսրայելը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը կօգնի Իսրայելին հակահրթիռային պաշտպանության հարցում:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության աճին զուգահեռ Իսրայելն ու Իրանը հայտարարեցին, որ իրենց բանակներն ունակ են հարձակվել միմյանց վրա:

Իր տարեկան ռազմական բյուջեում Իսրայելը հատուկ ֆինանսավորում է հատկացրել Իրանից եկող սպառնալիքներին դիմակայելու և դրանց դեմ միջոցներ կիրառելու համար:

Իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  հուշում է, որ իրանա-ադրբեջանական սրված հայտարարությունները մանիպուլյատիվ բնույթ են կրում։ Նրա կարծիքով ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել Իրանի դեմ իսրայելա-թուրքական տանդեմի պայքարին, որի կաթսան թեժ է պահում Բաքուն․

«Արցախյան պատերազմում Ադրբեջանին օգնած բոլոր կողմերը հիմա պահանջում են նաև հատուցումը և մենք տեսնում ենք, որ Արցախի գրավյալ տարածքները հանձնված են Իսրայելին։ Դրանք որպես օդանավակայաններ են ծառայում և ռազմական լոգիստիկ նշանակություն ունեն ու պետք են Ադրբեջանի հովանավորյալներին, որպեսզի հնարավոր ռազմական էսկալացիայի դեպքում կարողանան օգտագործել այդ տարածքները։ Նույնն  ենթակառուցվածքները Իրանը ունի Լիբանանում, Սիրայում։ Բնական է, որ նույնը պետք է անի Իսրայելը Ադրբեջանում, Իրաքի Քրդստանի շրջանում»։

Իրանագետի կարծիքով հնարավոր հարձակումները Իրանի դեմ կարող են լինել հենց  Ադրբեջանի ու Իրաքյան  Քրդստանի կողմից , սակայն այն հայտարարությունները, որ այժմ հնչում են, ստուգողական նպատակ ունեն և ուղղված են Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեմ։

Թեհրանը հայտարարում է, որ Հայաստանի սահմանների փոփոխությունը «կարմիր գիծ» է Իրանի համար, Հայաստանին սատարող կեցվածք ունի նաև Ֆրանսիան ու Ռուսաստանը և այժմ Բաքուն այս երկրներին է փորձում․

«Եթե մի երկիր մի բան հայտարարում է, պետք է նաև տեր կանգնի։ Հիմա եթե Իրանը հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իր «կարմիր գիծն» է, կամ Մակրոնի հայտարարությունները, որ արվում են Հայաստանի ուղղությամբ, հիմա այդ երկրները պետք է տեր կանգնեն իրենց խոսքին։ Այդ տեր կանգնելը լինելու է այն, որ Ադրբեջանը կվիճարկի դրանք։ Կփորձեն այնպիսի վիճակ ստեղծել, որ ասեն, թե հիմա ինչ եք անելու։ Այդպիսով՝ փորձելու են ջոկել, թե որոնք են այդ «կարմիր գծերը», քանի որ Բաքուն դա Թուրքիան է, դա Իսրայելն է և Մեծ Բրիտանիան է»։

Իրանագետ Արմեն Վարդանյանը մինչդեռ կարծում է, որ Իրանին ստուգելու կարիք Ադրբեջանը չունի, քանի որ Թեհրանը ապացուցել է, որ ունակ է այսպես ասած՝ տեր կանգնել իր հայտարարություններին․

«Կարծում են, որ Իրանը միայն հայտարարություններ չի արել այլ գործողություններ է իրականացրել և զայրացրել Բաքվին։ Այդ մասին հայտարարեց Իրանի արտգործնախարարը։ Նա ասաց, որ իրենք կանխել են Իրանի հյուսիսային սահմաններին մոտ Հայաստանի սահմանի վերաձևվումը և սահմանների փոփոխությունը։ Սա առաջին դեպքն է, որ Իրանի թիվ մեկ դիվանագետը նման հայտարարություն է անում, դա նշանակում է, որ Իրանը միայն հայտարարություններ չի անում։ Թե ինչ գործողություններ է իրականացրել չգիտենք, հնարավոր է որ տարիներ անց գաղտնազերծվեն այդ գործողությունները։ Ամենայն հավանականությամբ Իրանը դիվանագիտական ճանապարհով ճնշում է գործադրել Բաքվի վրա, որ նա մոռանա ուժով այսպես կոչված «Զանգեզուրի միջանք» բացելու մասին»։

Թերևս պատահական չէ, որ վերջերս Ալիևը հայտարարեց, որ չի կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել միջանցքը, նաև շեշտեց, որ Իրանը նույնպես չի խանգարի միջանցքի գործարկմանը, հաշվի առնելով իր հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ։  Ալիևը ջանում է հասկացնել  Իրանին, որ դրանք ի շահ բոլոր երկրների են։ Իրանագետները այս լարված հարաբերությունների  թատերաբեմ են համարում Հայաստանը։

Back to top button