ՀասարակությունՏեսանյութեր

Կեղծ փաստաթղթեր սպանդանոցներից. նախաձեռնվել է 10-ից ավելի քրեական վարույթ

Արդեն տևական ժամանակ հանրապետությունում գործում է գյուղատնտեսական կենդանիների մորթը բացառապես սպանդանոցներում իրականացնելու կարգը, սակայն այդ բնագավառում օրինախախտումները շարունակվում են:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը պայքարում է նաև այս տեսակի օրինախախտումների դեմ՝ հիմնականում համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ:

Վերջին շրջանում կատարված ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ լիցենզիա ունեցող 15 սպանդանոց 2021-2022 թվականների ընթացքում մսի վաճառքով զբաղվող մի շարք տնտեսվարողների տրամադրել են սպանդային մթերքները սպանդանոցից դուրս բերելու բովանդակությամբ կեղծ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություններ։

Տնտեսվարողներն էլ բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերն օգտագործելով՝ գյուղացիներից ձեռք բերած անասունները տեղում մորթել ու վաճառել են իրենց խանութներում:

Փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ հանցանքների վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ:

Նման միջոցառումները շարունակվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button