ԿարևորՔաղաքական

Խորհրդարանական կառավարման մոդելը կպահպանվի. Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն է որոշել

Երկրի կառավարման հարցում ո՞ր մոդելով առաջնորդվել՝ նախագահակա՞ն, կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական։ Այս հարցն է այսօր առանցքայինը եղել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում։ Հանձնաժողովականներից ոմանք կարծում են, որ կառավարման մոդելն էական չէ, կարևորը հակակշիռների մեխանիզմն է։  Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել  խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման ու բարելավման հարցին:

Նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական․ կառավարման այս մոդելներից բոլորն էլ խնդիրներ ունեն՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քննարկումների ժամանակ նկատեց հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը։ Ըստ նրա՝ եվրոպական զարգացման տենդենցները վկայում են, որ հնարավորություն կա հենց խորհրդարանական կառավարման համակարգով առաջ շարժվել ու պետք չէ վերադառնալ ոչ նախագահական, ոչ կիսանախագահական կառավարման համակարգին.   

«Մենք հնարավորություն ունենք արդյունավետ արտաքին հարաբերություններ, երկրի անվտանգությունը և երկրի տնտեսական զարգացումը ապահովել նաև խորհրդարանական կառավարման մոդելի միջոցով»։

Էական չէ կառավարման մոդելը։ Կարևորն այն է, թե զսպումների ու հավասարակշռումների ինչ մեխանիզմներ են ներդրվում և ինչպես են դրանք կիրառվում, պնդում է Վլադիմիր Վարդանյանը։Նրա այդ դիտարկումների հետ ինչ-որ առումով համաձայն է հանձնաժողովի անդամ Տիգրան Եգորյանը։ Նա նույնպես կարծում է, որ մոդելը չէ էականը։ Ըստ նրա, տվյալ դեպքում կարևոր է, որ այդ մոդելի ընտրության հնարավորությունն էլ տրվի ժողովրդին, փակելով սահմանադրությունների, այսպես ասած, լեգիտիմության հետ կապված հարցը նույնպես.

«Տալ մարդկանց որոշելու հնարավորություն՝ իրենք ուզում են ունենալ մեկ առաջնային մանդատով ընտրվող իշխանություն, թե՞ երկու։ Ըստ այդմ՝ հասկանալ, թե դրա արդյունքում ինչպիսի մոդել մենք պետք է կազմակերպենք՝ արդեն մասնագիտական տեսանկյունից»։

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վիգեն Քոչարյանը, մինչդեռ, կարծում է, որ ժողովրդի մոտ սխալ պատկերացում կա, թե ուժեղ նախագահն է կարողանում հարցեր լուծել՝ ձեռքը սեղանին խփելով, այնինչ, նրա ձևակերպմամբ, իրական ժողովրդավարության պայմաններում նախագահը ավելի խոցելի և սահմանափակ է, քան վարչապետը՝ խորհրդարանական համակարգի պայմաններում։

«Այսինքն, այն հիմնական դրդապատճառը, որ մարդկանց համար գրավիչ է դարձնում նախագահական կառավարման համակարգը, իրականում գոյություն չունի»։

Վիգեն Քոչարյանի կարծիքով՝ նախագահական կառավարումը իդեալական պայմաններ է ստեղծում ավտորիտար ռեժիմ հաստատելու համար, ուստի ժողովրդավարություն որդեգրած Հայաստանի նման փոքր պետությունները չենք կարող գնալ դրան։

«Մեր տիպի պետություններում, և միջազգային փորձն էլ է ցույց տվել, որ լավագույն արդյունքները տալիս է խորհրդարանական կառավարման ձևը։ Դա չի նշանակում, որ այն խորհրդարանական կառավարման մոդելը, որն այսօր մենք ունենք, իդեալական է Սակայն, հենց դրա համար էլ այս հանձնաժողովն է ստեղծվել, որ անհրաժեշտ շտկումներ մտցնենք։ Իմ համոզմամբ՝ մենք խորհրդարանական կառավարմանն այսօր այլընտրանք չունենք»։

Հանձնաժողովի անդամ Դանիել Իոհանիսյանը նույնպես կարծում է, որ կարևոր չէ՝ կառավարման մոդելը նախագահակա՞ն է, թե խորհրդարանական։ Կարևորը փոխզսպումների, հակակշիռների գործուն մեխանիզմների ամրագրումն է.

«Կարևորը՝ փոխսզպումները աշխատեն»։

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ  Եղիշե Կիրակոսյանը հիշեցնում է, որ ի սկզբանե հանձնաժողովը դիտարկում էր կառավարման համակարգը փոխելու տարբերակը նույնպես, սակայն, նրա ձևակերպմամբ՝ դա պատերազմից առաջ էր և այլ էին իրողությունները։

«Ցանկացած կառավարման ձևի համակարգային փոփոխություն լրջագույն պրոցեսների միջով է անցկացնելու երկրին։ Պառլամենտական կառավարման ձևի արժեքային կոմպոնենտը, կարծում եմ, նոր-նոր սկսում է ձևավորվել։ Ես էլ եմ համամիտ, որ այս փուլում լրացուցիչ սթրեսների տանել երկիրը՝ նորից կառավարման ձևը փոխելու հարց դնել, նպատակահարմար չէ։ Կարծում եմ, որ այդ ինստիտուտները ամրացնելու և այդ արժեքները ավելի խորացնելու ճանապարհը պետք է շարունակենք»։  

Խորհրդարանական կառավարման մոդելը պահելու հստակ դիրքորոշում ուներ հանձնաժողովականներից ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մոդելի փոփոխության հարցը նա տեղին չի համարում, երբ դեռ ամբողջությամբ չի իրացվել խորհրդարանական կառավարման համակարգի մոդելը։

«Այդ իմաստով, քանի որ ես այստեղ ներկայացնում եմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  ուզում եմ ասել, որ մեր դիրքորոշումը միշտ այն է եղել, որ մենք եվրոպական մոդելի պետության ջատագով ուժ ենք և միշտ ասել ենք, որ խորհրդարանական կառավարումը կարող է մեր պարագայում լավ օրինակ լինել ժողովրդավարության իմաստով ներառական կառավարման համակարգ ունենալու իմաստով, և այդ համակարգում որևէ ուժի չմարգինալացնելու, «հաղթողին ամեն ինչ, պարտվողին ոչինչ» սկզբունքը մերժելով փորձել համախմբել երկրի բոլոր կարող ուժերը»:

Մարուքյանը կարծում է, որ հիմա պետք է խորհրդարանական կառավարումն ամբողջացնել և վերացնել այն թերությունները, որոնք նպատակային թողնվել են գործող Սահմանադրության մեջ։ Դրանք շտկելով հնարավոր կլինի հակակշիռների, փոխզսպումների մեխանիզմներ կիրառել և ունենալ ռեալ գործող խորհրդարանական համակարգ:

Back to top button