Վերնատուն

Թատրոնների «թունդ գրական» լեզուն և հայերենի անսահման հնարավորությունները․ «Վերնատուն»

Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը խոսում է թարգմանական դրամատուրգիայի, «Բեմ» մատենաշարի, ժամանակակից թատրոնի լեզվի ու թարգմանված պիեսների պահանջարկի մասին։

Խոսելով թարգմանական գրականության որակական փոփոխություններից՝ Զավեն Բոյաջյանն ասում է՝ թարգմանական գրականության ծավալներն աճում են, բայց չկան տեքստերի հետ աշխատող պրոֆեսիոնալ խմբագիրներ․ «Թարգմանությունն ուղղակիորեն առնչվում է փորձառությանը, ես կարծում եմ , որ այսօր ավելի հրատապ է օտար լեզուների տիրապետող խմբագիրների առկայության հարցը։ Մենք ունենք ավելի քան 10 տարվա թարգմանական բուռն շարժում, բայց մեր ուսումնական հաստատությունները դեռևս չեն արձագանքում այս շարժմանը։ Ոչ մի համալսարան կամ ինստիտուտ չի պատրաստում գրական գեղարվեստական թարգմանիչներ ու խմբագիրներ»։

«Բեմ» մատենաշարով տպագրվել է յոթ գիրք։ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի 4 պիեսները ամենաթարմն են։ Զավեն Բոյաջյանն ասում է, որ մատենաշարի կարիքը վաղուց կար, բայց դժվար իրագործելի է, քանի որ մատենաշարի ողջ խմբագրական գործն իր ուսերին է։

Խոսելով մատենաշարի հեռահար նպատակների մասին՝ թարգմանիչը կարևորում է թատրոններում բնական, ժամանակակից ու հավաստի լեզու ասպարեզ բերելը։ Ասում է՝ պիեսները, որոնք հաճախ միջնորդ լեզվից են թարգմանված, անբնական և արհեստական են հնչում, և կորչում է կերպարի հավաստիությունը։

«Այնպիսի պարադոքսների ենք հանդիպում, օրինակ՝ մարդիկ մահվան մահճում, վերջին շնչում խոսում են թունդ գրական հայերենով, որը արհեստականության այնպիսի չափաքանակ է բերում, որ անհնար է դրան լուրջ վերաբերվել։ Գրեթե բոլոր թատրոններում այդ վիճակն է։ Մարդիկ հայերենի հնարավորությունները շատ սուղ կամ շատ սահմանափակ են պատկերացնում։ Բեմական լեզու ասելով՝ հասկանում են կամ ճռճռան գրական, կամ՝ ժարգոնային հայերեն, կարծես հայերենը այլ հնարավորություններ չունի», – ասում է Զավեն Բոյաջյանը։

Կարծում է՝ պարտադիր չէ, որ բոլոր հերոսները գրական հայերենով խոսեն, դրանք հնամաշ ընկալումներ ու ստերեոտիպեր են, որոնցից պետք է վաղուց հրաժարված լինեինք։

«Հաշվի չի առնվում, թե կերպարը ինչ սոցիալական խավի ներկայացուցիչ է, ինչ կրթական ցենզ ունի, ինչ տարիքի է, և ստացվում է ամորֆ, անբնական, փայտե լեզու, որը հրամցվում է բեմից։ Դա ինձ լեզվական առումով ոչինչ չի տալիս, նաև հերոսին է աղքատացնում, նրա կերպարն ու հոգեկան աշխարհը․ դրանք մարդիկ չեն՝ մարիոնետներ են, կամ ստվերներ»։

Հարցին, թե մատենաշարի պատվիարտուն արդյո՞ք նախևառաջ թատրոնը չպիտի լինի, Զավեն Բոյաջյանը պատասխանում է, որ յոթ գիրք է հրատարակվել այս մատենաշարով և ամենաքիչ արձագանքները ստացել է թատրոնի մարդկանցից, ինչպես ինքն է ասում՝ թատրոնները «օլիմպիական հանգստություն» են ցուցաբերել։

«Ես պասիվությանն ու իներտ վերաբերմունքին տուրք չեմ տալիս, և այս մատենաշարը տպագրվում է այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են ու գնահատում են լավ դրամատուրգիան», – ասում է թարգմանիչը։

Back to top button