Պետական բյուջեի միջոցներով վերակառուցվում է Էջմիածնի հիվանդանոցը


«Էջմիածին» բժշկական կենտրոնում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Պետական բյուջեից ավելի քան 1 միլիարդ 400 մլն դրամ է հատկացվել շինարարական աշխատանքներին: Ընդունարանի եռահարկ շենքը քանդվելու և նորն է կառուցվելու, որը կհամապատասխանի ժամանակակից չափորոշիչներին: Նախագծով նախատեսված են ամրացման, հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաև վարչական առանձին շենքի կառուցում:
Հոկտեմբերի 28-ից Էջմիածին բժշկական կենտրոնում սկսել են շինարարական աշխատանքները: Մասնաշենքերից մեկի առաջին հարկն ամբողջությամբ դատարկվել է, ներսի պատերն ու հատակը քանդվել են, հիմքերն են ամրացվում: Շինարարության տեխհսկիչ Ղուկաս Սարգսյան.
«Առաջին հարկում մանկական բաժանմունքն էր, որը հիմա տեղափոխվել է երկրորդ հարկ, շուտով այնտեղից էլ դուրս կգան, իսկ երրորդ հարկում՝ սիրտ-մկանային բաժանմունքն է: Առաջին հարկում նախատեսված է պատերի բետոնացում՝ ցանկապատով, ամրանավորումով, 1մ 40սմ խորությամբ հիմքերն ենք ուժեղացնում: Այդպես բարձրանում ենք մինչև երրորդ հարկ, տանիքն ամբողջությամբ փոխվելու է»:


Մինչ հիվանդներին կտեղափոխեն այլ մասնաշենքեր, նրանք ստիպված են լսել շինարարական աղմուկը: Տեխնիկան օրվա ցերեկային ժամերին չի լռում:
«1970-ական թվականներին է կառուցվել Էջմիածնի հիվանդանոցը, որտեղ հիմա շինարարական աշխատանքներ են տեղի ունենում»
«Առայժմ նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում, որպեսզի հետագայում անցնենք բուն աշխատանքին: Ներսի գործերն ենք անում»:
Բժշկական կենտրոնի ընդունարանի եռահարկ շենքն ամբողջությամբ քանդվելու է և նորը կառուցվելու: Ճարտարապետ Արմեն Գրիգորյանը մարզպետին է ներկայացնում քանդման պատճառները։


«Խնդիրն այն է, որ տրված առաջադրանքով այս կորպուսի մեջ չեն տեղավորվում անհրաժեշտ գործառույթները: Առաջադրանքով նախատեսված մակերեսներին սա չի բավարարում: Դրա համար մենք ստիպված սա քանդելու ենք, ավելի մեծացնել չափերով, նաև ֆունկցիոնալ փոփոխություն անել»:
Նախագծով առանձնացվելու են հիվանդների պլանային հոսքերի և շտապօգնության մուտքերը, կառուցվելու է ընդարձակ սպասասրահ՝ շուրջ 20 նստատեղով: Էջմիածին բժշկական կենտրոնի տնօրեն Գոռ Ասատրյան.
«Հիմա քանի որ անհետաձգելի և պլանային հոսքերը խաչվում են, այս նախագծով լուծման դեպքում՝ չեն խաչվի. այս մուտքը կլինի պլանային, իսկ շտապօգնության հոսքերը կմտնեն մյուս մուտքից ու այստեղ չեն խաչվի: Կունենան առանձին աստիճանավանդակ ու առանձին վերելակ, որով կբարձրանան վիրահատարան կամ վերակենդանացման բաժանմունք, այսինքն՝ պլանային հոսքերի համար աստիճանավանդակներն առանձին կլինեն, շտապօգնությանն՝ առանձին»:


Հիվանդանոցի վարչական աշխատողների համար նոր շենք է կառուցվելու: Հիմքերն արդեն փորվել են, երկհարկանի շինություն է լինելու, որտեղ կօգտագործեն նաև նկուղի տարածքը: Ճարտարապետ Արմեն Գրիգորյան.
«Մենք առաջին հարկում տեղադրել ենք ներհիվանդանոցային դեղատունը, լվացքատունը, ախտահանիչ կայանը, երկրորդ հարկում՝ վարչական տարածքը, իսկ նկուղը ծառայելու է, որպես պահեստ»:
Հիվանդանոցի տարածքի բարեկարգման նպատակով տեղափոխվելու է նաև ջրավազանը, որը ստորգետնյա բետոնե կառույց է՝ 400 տ տարողությամբ: Բժշկական կենտրոնի տնօրեն Գոռ Ասատրյանը որոշել է տեղանքը կանաչ գոտի դարձնել: Շինարարությանը հետևող մարզպետին ճարտարապետը ներկայացնում է ծննդատան սեյսմակայունության խնդիրը : Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյան.
«Քանի որ պոլիկլինիկան և հիվանդանոցը միավորվեցին, մենք դիտարկեինք, որ ծննդատունը նույնպես հիմնանորոգման կարիք ունի: Սեյսմիկ եզրակացություն պատվիրեցինք՝ համագործակցելով նախարարության հետ, որպեսզի տեսնենք, թե առաջիկա ծրագրերում երբ կկարողանանք անդրադառնալ այդ խնդրին»:


Հիվանդանոցի օպտիմալացման արդյունքում 110 մահճակալից մնացել էր 85-ը: Գլխավոր բժիշկը ենթադրում է, որ վերակառուցումից հետո հիվանդանոցում նոր մասնագիտական ճյուղեր կբացվեն, որով պայմանավորված կավելանա նաև մահճակալների թիվը: