ԿարևորՔաղաքական

«Հայաստան»–ը՝ առանց «Վերածնվող Հայաստան»–ի․ ընդդիմադիրները հրաժարվում են մանդատներից

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության  մաս կազմող  «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը  դադարեցնում է գործունեությունն Ազգային ժողովում։ Կուսակցության խորհրդի՝ երեկ  կայացրած  որոշումը հրապարակվել է այսօր։

Կուսակցությունը հայտարարում է, որ «բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաև այսօր»։

«Հայաստան» դաշինքում հարգանքով են վերաբերվում գործընկերների որոշմանը:

Խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցության 29 անդամներից 6-ը «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ են։

«Հայաստան» խմբակցության  մաս կազմող  «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները որոշել են դադարեցնել խորհրդարանական գործունեությունը։ Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը մանդատներից հրաժարվելու դիմում են ներկայացրել, իսկ Զեմֆիրա Միրզոևան, որ խորհրդարան է անցել ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգամավորական գործունեությունը՝ սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։

«Վերածնվող Հայաստանի» խորհրդի որոշմամբ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թե ոչ։ Առաջին դեպքում, սակայն, պետք է լքեն կուսակցության շարքերը։

Ավելի վաղ  կուսակցությունից դուրս էին եկել խմբակցության պատգամավորներից երկուսը՝ Աննա Գրիգորյանն ու Արթուր Սարգսյանը։ Նրանք, սակայն, լքել էին կուսակցության շարքերը՝ պատգամավորի կարգավիճակը պահպանելով ։ Հերքելով լուրերը, թե ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը կազմալուծվում է՝ Աննա Գրիգորյանն ասել էր, որ խոսքը  ներթիմային խնդիրների մասին է։

«Այն միֆը կամ իլյուզիաները, որը որոշ մարդիկ տածում են առ այն, որ «Հայաստան» խմբակցությունը կազմաքանդվում է, իրականությանը չի համապատասխանում։ Խմբակցությունը կուռ է, կա։ Ես, Արթուր Սարգսյանը, ինչպես նա Վահե Հակոբյանը շարունակում ենք լինել «Հայաստան» խմբակցության անդամներ, պահպանում ենք գործընկերային հարաբերությունները։ Ուղղակի ես ու Արթուր Սարգսյանը բացառապես հանդիսանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, բայց ոչ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ»։

«Հայաստան» դաշինքում հարգանքով են վերաբերվում գործընկերների որոշմանը, շեշտում են, որ համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել, վստահ են, որ քաղաքական պայքարում համատեղ անելիքներ շատ կան։

Օրերս  մանդատը վայր էր դրել նաև «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանը։  Պատգամավորը հայտարարել էր, որ վերադառնում է փաստաբանական  գործունեության դաշտ։

Այս զարգացումներն ու մամուլի շրջանառած տեղեկությունները հիմք ընդունելով, թե մանդատից նոր հրաժարումներ են սպասվում , ԱԺ նախագահ  Ալեն Սիմոնյանն օրերս կարծիք էր հայտնել, թե  ընդդիմադիր դաշինքը փլուզվում է ։

«Ենթադրում եմ, որ այո: Այլ տեղեկություններ չունեմ, բայց մեր մամուլը շատ լավ է աշխատում և շատ հաճախ ավելի տեղեկացված է, քան բարձրաստիճան պաշտոնյաները, ուստի ենթադրում եմ, որ այդ անունները ճիշտ են, և գործընթաց կսկսվի»։

Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ դատախազությունը պատրաստվում է մտնել խորհրդարան՝ «Հայաստան» դաշինքի երեք պատգամավորների մանդատից զրկելու համար։ Նրանց թվում նշվում էր նաև դաշինքի անդամ «Վրածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի անունը։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները գարնանից բոյկոտել էին Ազգային ժողովի նիստերը և Փաշինյանի հրաժարականի պահանջով ամենօրյա ցույցեր ու անհնազանդության ակցիաներ սկսել։ Ավելի քան կես տարվա բոյկոտից ու փողոցային պայքարից հետո նոյեմբերին ընդդիմությունը պաշտոնապես վերադարձավ խորհրդարան։

«Հայաստան» խմբակցությունում, սակայն, միասնական որոշում չկար խորհրդարան վերադառնալու հարցի շուրջ։ Պատգամավորների մի մասը՝ Վահե Հակոբյանն ու կուսակիցները՝ Ելենա Կիրակոսյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը խորհրդարան չէին վերադարձել։ Վահե Հակոբյանն ասել էր, թե որոշում կկայացնեն, քննարկվում է նաև մանդատները վայր դնելու տարբերակը։

Back to top button