ԿարևորՀասարակություն

Բրյուսովի անվան համալսարանում կներդրվի «Հաշվողական լեզվաբանություն» կրթական ծրագիրը

2023-2024 ուսումնական տարում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ ջանքերով ԲՊՀ-ում կներդրվի «Հաշվողական լեզվաբանություն» միջգիտակարգային բակալավրիական ծրագիրը: Ուսումնառության տևողությունը 4 տարի է: Ընդունելության քննություններն են մաթեմատիկա և, դիմորդի ընտրությամբ, հայոց լեզու կամ անգլերեն:

«Հաշվողական լեզվաբանության նպատակն է ուսումնասիրել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը բնական լեզվի մշակման և մեկնաբանման գործընթացներում: Որպես միջգիտակարգ՝ այս ծրագիրը ներկայացված է մի շարք կառուցամասերով՝ լեզվաբանական, մաթեմատիկական և ծրագրավորման դասընթացներ: Լեզվաբանական դասընթացները միտված են լեզվի տարբեր մակարդակների վերաբերյալ խորքային տեսական և գործնական գիտելիքներ փոխանցելուն, ինչպես նաև ուսանողների լեզվաբանական, հետազոտական հմտությունների ձևավորմանը: Ծրագրավորման դասընթացները նախատեսում են ծրագրավորման լեզուների ուսուցում: Ուսանողներին ներկայացվելու են մեքենայական ուսուցման մի շարք դասընթացներ, որոնք ամուր հիմք են ստեղծելու այնպիսի մասնագիտական դասընթացների համար, ինչպիսիք են կորպուսային լեզվաբանությունը և բնական լեզվի մեքենայական մշակումը»,-նշում է  ԲՊՀ Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի ավագ դասախոս Լիլիթ Մովսեսյանը։

Հաշվողական լեզվաբանության մասնագետները խիստ պահանջված են աշխատաշուկայում, հաստկապես՝ արհեստական բանականությամբ զբաղվող կազմակերպություններում, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը, Amazon-ը, Microsoft-ը և այլն։

Back to top button