Երաժշտական եռանկյունի

Արմեն Ադամյան․ «կոմունիստ ռոքերի» խոստովանությունը․ «Երաժշտական եռանկյունի»

Ժամանակն անցնում է, և մենք ցավով պետք է փաստենք, որ քիչ են մնում ժամանակի վկաները: Հատկապես 60-70-ականներից սկիզբ առած և տասնամյակներ ընթացող երաժշտական զարգացումները ռոք, փոփ և հեղինակային ժանրի ոլորտներում նկարագրված չեն և մնում են միայն մասնակիցների հիշողության մեջ, այնինչ հենց այդ երաժշտական ժանրերի ծագմամբ էր պայմանավորված համաշխարհային երաժշտական ընթացքներին համահունչ շարժումը և երաժշտական նոր լեզվամտածողության և արտահայտչամիջոցների զարգացումը:

Երգահան, պոետ, կիթառահար, հեղինակ-կատարող Արմեն Ադամյանը իրեն ռոք երաժիշտ է համարում՝ հին ռոքեր, ինչպես ինքն է ասում, չնայած ամբողջ կյանքում զբաղվել է և պոպ երաժշտությամբ և հատկապես վերջին տարիներին՝ հեղինակային երգով:

Խորհրդային շրջանում հանրահայտ «Էվրիկա» խմբի հիմնադիր, Եղեգնաձորի Հեղինակային երգի փառատոնի հիմնադիր Արմեն Ադամյանը կիսվում է իր հիշողություններով:

«Ամենը սկսվեց ընտանիքում, իմ ծնողները լուսավորչական գործի ջատագովներ էին, տեղափոխվելով Հայաստան Ռոստով նա Դոնու քաղաքից՝ նրանք պատրաստակամություն հայտնեցին ցանկացած վայրում լծվել Խորհրդային Հայաստանի մատաղ սերնդի կրթության գործին: Նրանց գործուղեցին Եղեգնաձոր, ուր նրանք մինչև կյանքի վերջ ծառայեցին հանրային կրթության սուրբ գործին: Մեր տունը իսկական մշակութային օջախ էր, ուր հյուրընկալվում էին հայ թատրոնի, գրականության, երաժշտության և կերպարվեստի գրեթե բոլոր մեծերը: Ես ձևավորվել եմ այդ միջավայրում և «դատապարտվել եմ» զբաղվել ստեղծագործությամբ,-ասում է երաժիշտը: -Ուսանողական տարիներս համընկան երևանյան ռոք զարթոնքի հետ՝ «Երազողներ», «Առաքյալներ», Դինամո մարզադահլիճում հսկայական համերգներ, ամենամյա «Ուսանողական գարուններ», համամիութենական բազմաթիվ փառատոներ, որոնք խրախուսում էին երիտասարդների ինքնագործունեությունը»:

Արմեն Ադամյանը այդ բոլոր ընթացքների ամենաակտիվ մասնակիցն էր և բնական է համարում իր այդ տարիների ռոք երաժշտությամբ հմայվածությունը: «Այդ տարիներին ռոք երաժիշտ լինելը նշանակում էր որոշակի կերպարանափոխություն, յուրահատուկ հանդերձանք, արտասովոր սանրվածք և նույնիսկ շփման յուրահատուկ ձևեր: Երիտասարդության կյանքը կենտրոնացած էր Երևանի «Բերմուդյան եռանկյունում»՝ Պապլավոկ, Սկվազնյաչոկ և Կազիրյոկ:

Հետո երկար տարիներ ապրեցի Մոսկվայում և բախտի բերմամբ Վլադիմիր Վիսոցկու հարևանն էի, անմոռանալի շփումներ…,- շարունակում է Արմենը: -Վերադառնալով հայրենիք՝ լի էի եռանդով, այն ժամանակվա Եղեգնաձորի խորհրդային իշխանությունները պատիվ էին համարում հովանավորել երիտասարդական արվեստը, սկսվեց «Էվրիկայի» ոսկե շրջանը:

Հյուրախաղերով անսամբլը շրջագայեց խորհրդային միությունում և նույնիսկ արևմուտքում: Որպեսզի «գործը հեշտանա»՝ ինչ-որ պահի կոմունիստական ղեկավարներից մեկից առաջարկ ստացանք կուսակցական դառնալ, և դա իսկապես ամենակարճ լուծան ճանապարհը դարձավ բյուրոկրատական խնդիրները հաղթահարելու համար»:

Այսօր կոմունիստ ռոքերը հումորով է հիշում այդ բոլոր իրադարձությունները:

Հաղորդման ընթացքում հնչում են Արմեն Ադամյանի տարբեր տարիներին, տարբեր ժանրերում գրված երգերը:

Back to top button