ԿարևորՀասարակություն

Ջուրը կթանկանա, բայց սպառողները դեռ չեն զգա

Մանրածախ ջրամատակարարման ծավալների փոփոխություն, սղաճ, էլեկտրոէներգիայի սակագների փոփոխություն, ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործելիս ստացվող լրացուցիչ եկամուտներ․ այս 4 գործոնով պայմանավորված ու ըստ վարձակալության պայմանագրի՝ «Վեոլիա ջուր»–ն ամեն տարի դիմում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի ճշգրտման հայտով։ Այս տարին  էլ բացառություն չէր։ Ընկերությունը օգոստոսին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Այսօր պարզ դարձավ՝ հայտը բավարարվել է․ հունվարի 1–ից ջուրը կթանկանա, բայց չի բացառվում, որ մեկ տարի սպառողները դա չզգան։

Հունվարի 1–ից ջուրը Հայաստանում կթանկանա։ Բաժանորդների հիմնական մասը, բացառությամբ սոցիալապես  անապահովների, նոր տարին ջրի նոր սակագնով կդիմավորի։ Սակագնի թանկացման հայտը  «Վեոլիա ջուր» ընկերությունը դեռ օգոստոսին էր ներկայացրել՝ առաջարկելով  բարձրացնել ջրի  գինը։ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հիշեցնում է՝ միայն այս տարի սղաճը 8․3 տոկոս է կազմել․իսկ վարձակալության մեկնարկից սկսած՝ 21․3 տոկոս․

«Այս տարի օգոստոսի 8–ին հերթական անգամ ընկերությունը հայտ է  ներկայացրել ու առաջարկել բոլոր սպառողների համար ջրի սակագինը սահմանել  208․4 դրամ»։

 2018թ․-ին վարչապետը հայտարարել էր, որ «Վեոլիա ջրի» հետ պայմանավորվել են մինչև 2024 թ ջրի գինը չավելացնել։Սակայն ջուրն արդեն մեկ անգամ թանկացել է։ Սակագնի ևս մեկ ավելացում  էլ 2023–ին կլինի։ Նախորդ տարեվերջին վարչապետը այսպես էր պարզաբանել իրավիճակը․

«Մենք իրավիճակը շատ լուրջ վերլուծել ենք և որոշակի բացեր ենք արձանագրել գործող իրավապայմանագրային համակարգում: Այո, մենք կարող ենք պահել, որ մինչև 2024-ը ջրի գինը չբարձրանա, բայց 2024-ին այնքան բարձրանա, որ համաչափության խնդիր ունենա։ Նախկինում ձևավորված որոշակի պարամետրեր կային, որ հետագայում վերլուծեցինք ու հասկացանք, որ եթե հիմա այս լուծմանը չգնանք, 2024-ին այնքան կբարձրանա, որ դե յուրե մենք կմնանք դրա շրջանակում, բայց դե ֆակտո կստացվի, որ մինչև 2024-ին չի բարձրացել, բայց 2024-ից հետո մի բան էլ կրկնակի բարձրանում և դուրս է գալիս»։

Ջուրն իհարկե հունվարից կթանկանա 200 դրամից՝ դառնալով 209 դրամ, բայց՝

«ՏԿԵՆ հայտարարության համաձայն, կառավարությունը անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար՝ 2023 թ ջրի սակագինը նույնը պահելու նպատակով»։

Թե քանի՞  բաժանորդի ու որքա՞ն գումարի մասին է խոսքը, որն է ՝ ըստ անհրաժեշտությանը, դեռ հստակեցումներ չկան։ Բայց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը մեկ այլ հստակեցում ունի

«Երբ մեր որոշումը կստանա  իրավական ուժ, այդ ժամանակ կառավարությունը կմշակի որոշման նախագիծ՝ սուբսիդավորման վերաբերյալ»։

Սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանն ընդգծում է՝ եթե պետությունը սուբսիդավորում է, նշանակում է փոխանցումը կրկին սպառողի գրպանից է։  Ջրի սակագնի վրա ազդող բազմաթիվ գործոններ կան, որոնց վրա   ազդեցությունը մեծ է, բայց երկու գործոն կա՝ վաճառված ջրի ծավալ և կորուստների նվազեցում

«Կորուստները 81-ից 69 տոկոս նվազեցնելը համարում ենք նվաճում: Հիմնական կորուստը տեխնիկական է և կոմերցիոն: 21-րդ դարում 69 տոկոս ջրի կորուստը չի կարող բավարար լինել»։

Հանձնաժողովը նաև էլեկտաէներգիայի սակագներն է ուսումնասիրում՝ սեփական նախաձեռնությամբ։ Արդյունքները պարզ կլինեն տարեվերջին։ Օրերս ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը չէր բացառել, որ դոլարի արժեզրկմամբ պայմանավորված, հոսանքի գինը նվազի, բայց այլ մանրամասներ չէր հայտնել։ Էլեկտրանէներգիայի սակագները սովորաբար ուժի մեջ են մտնում փետրվարի 1–ից։  Գազի սակագների մասով․ ապրիլի 1–ից   4․7 դրամով գազն արդեն  թանկացել է։ Մինչ այդ հայտարարվում էր, որ Հայաստանում 10 տարի սահմանին գազի գինը կմնա նույնը։ Կառավարությունը փոփոխությունը բացատրեց գազի կալորիականության ճշգրտմամբ։  Գազի սակագնի նոր փոփոխության մասին այս պահին քննարկումներ դեռ չկան։ Հստակ է, որ կառավարությունը տասը տարի ավելի քան 10 մլն դոլար է  վճարում «Գազպրոմ Արմենիա»–ին՝ գազի սակագինը չբարձրացնելու համար։ 

Back to top button