ԿարևորՔաղաքական

Միջնորդների գերխնդիրն էսկալացիայի վտանգը չեզոքացնելն է․ քաղաքագետ

Ղարաբաղյան խնդրով  զբաղվող միջազգային միակ ձևաչափը՝  ԵԱՀԿ Մինսկի խումբը, այս փուլում թեև չի գործում, բայց միջնորդական ջանքերը շարունակվում են․ կառույցին, ըստ էության, փոխարինում են նույն համանախագահ երկրները, բայց՝ առանձին-առանձին ու միմյանցից անջատ։ Արդյո՞ք  բրյուսելյան, պրահյան, մոսկովյան կամ վաշինգտոնյան  պայմանավորվածություններն  այլընտրանք են Մինսկի խմբին։

Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր Արթուր Խաչիկյանի կարծիքով՝ հայկական կողմին այլևս չի հաջողվի վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին. ռուս-ուկրաինական առճակատումը փոխել  է համանախագահների քաղաքական աշխարհընկալումներն ու եռակողմ այս հարթակի տրամաբանությունը` փաստացի անհնարին դարձնելով համաձայնության որևէ միասնական ձևաչափ։ «Միակ ելքը դիվանագիտական ազդեցության լծակներն օգտագործելն է` բարձրացնելով Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության հարցը, վերջ դնելով «Զանգեզուրի միջանցք»-ի մասին ալիևյան խոսույթին, լուծելով Սյունիքի անվտանգային խնդիրները», —  ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։  Ըստ Արթուր Խաչիկյանի` սա հնարավոր է իրականացնել Թեհրանի կամ  Մոսկվայի և Բրյուսելի կամ Վաշինգտոնի երկխոսության միջոցով։

Հարցը, թե ով է լինելու միջնորդը և ով է երաշխավորելու խաղաղության պայմանագիրը, որոշելու է նաև, թե ում ազդեցությունն է գերակշռելու  տարածաշրջանում` ասում է քաղաքագետը։ 

 «Երբ Թուրքիան հայտարարում է, թե որ երկրում ցանկանա կստեղծի անվտանգային գոտի, ապա աշխարհը պետք է հակադարձի։ Գերտերություններն առայժմ լուռ են. Թուրքիան Ռուսաստանի համար տարանցիկ դուռ է դեպի աշխարհ, Եվրոպան էլ հայտարարում է, թե Ադրբեջանն իրենց գազանավթային գործընկերն է, ԱՄՆ-ի դեպքում էլ ազգային շահից է բխում Ադրբեջանին օգնելը` նկատի ունենալով Վաշինգտոն-Թեհրան առճակատումը։ Ստացվում է, որ նշված բոլոր կողմերի շահերը համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,-նշում է քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ այս պահին  բանակցային խնդրահարույց փուլում ենք, որը նաև ռազմական բռնկումներով է արտահայտվում։ Միջնորդների գերխնդիրն այս փուլում  էսկալացիայի վտանգը չեզոքացնելն է։

Back to top button