ԿարևորՀասարակություն

Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը նոյեմբերի 29-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Եվրոպայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Back to top button