ԿարևորՏնտեսական

2022-ը հավակնում է ռեկորդային դառնալ բանկերի համար․ ոլորտում շահույթը գրեթե եռապատկվել է

Հայաստանյան  բանկերն այս տարի եկամուտների շեշտակի աճ են գրանցել․ տարվա ինն ամիսների տվյալներով 17 առևտրային բանկերի գրանցած ընդհանուր շահույթը շուրջ 3 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Մասնագետներն ասում են, որ շահույթը հիմնականում գեներացվել է միջնորդավճարներից,  միջազգային գործառնություններից, արտարժութային փոխարկումներից։ Բանկային համակարգի ներկայացուցիչներն էլ  հակադարձում են՝ եկամուտներն ավելացել են վարկերի  տոկոսադրույքները գրեթե չբարձրացնելու պայմաններում։

Այս տարվա ինն ամիսներին Հայաստանի 17 առևտրային բանկերի գրանցած ընդհանուր շահույթը շուրջ188 մլրդ դրամ է։ Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ նախորդ տարվա համեմատ ցուցանիշն ավելացել է գրեթե 3 անգամ։ Ինչո՞վ է սա պայմանավորված՝  բանկային համակարգի միջոցով Հայաստան ներհոսող գումարների աճո՞վ, միջնորդավճարների ավելացմա՞մբ, թե՞ տնտեսական զարգացումներով։

Այս տարվա ինն ամիսներին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են փոխանցել 3 մլրդ 462 մլն դոլարին համարժեք գումար: 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումներն աճել են 2,2 անգամ: Միայն Ռուսաստանից փոխանցվել է 2 մլրդ 318 մլն դոլար․  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 3,6 անգամ է։ ՌԴ–ից փոխանցումներն  ընդհանուրի  67%-ն են կազմում։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը բանկերի եկամուտների աճը միայն միջազգային այցելուների ավելացմամբ ու ֆինանսական հոսքերի մեծացմամբ չի պայմանավորում

«Շահույթն  իրականում պայմանավորված է  ոչ թե տնտեսական զարգացումներով, այլ բանկերի կողմից իրականացվող  միջազգային գործառնություններով՝ հիմնականում արժութային շուկայում։ Այդ գործառնությունների հնարավորությունն առաջացել է ՌԴ–ի ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների համատեքստում։ Քանի որ վերջինները մի շարք գործառնություններ արևմտյան բանկերի ֆինանսական ինստիտուտների հետ չեն կարողանում իրականացնել, հայկական բանկերն այստեղ օգտվում  են այդ հնարավորությունից՝ դառնալով միջնորդ։ Արդյունքում՝ մեծ եկամուտներ են կարողանում ապահովել»։

Բացի դրանից՝  բանկերի  եկամուտներն ավելացել են նաև արտարժութային շուկայի տատանումների արդյունքում։ Հայաստանյան շուկայում դրամն արժևորվել է ավելի քան 20 տոկոսով։ Տնտեսագետն արձանագրում է՝  այն բանկերը, որոնք ավելի շատ արտարժութային պարտավորություններ, քան ակտիվներ են ունեցել, շահել են։

«Իրենց մոտ լրացուցիչ ցուցանիշեր են արձանագրվել, իրականում մեծապես շահույթը միջազգային գործառնություններով է պայմանավորված»։      

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում  2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով  Հայաստանում գործող 17 բանկերից 16-ն են։ Արդեն մեկ ամիս Հայաստանում ևս մեկ նոր առևտրային բանկ է գործում։  Նոյեմբերի 9–ին ԿԲ խորհուրդը որոշեց ու «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը գրանցեց որպես բանկ՝ «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական  ընկերություն անվանմամբ՝տրամադրելով բանկային գործունեության լիցենզիա:  Փորձագիտական որոշ գնահատականներով՝  տարվա առաջին ինն ամիսներից բանկերի գրանցած շահույթն ու վճարված հարկերը համարժեք չեն։

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Կենտրոնական բանկի նախագահն ընդգծում է՝  Հայաստանում բանկային համակարգն աշխատում է բաց եւ թափանցիկ, վճարում է նախանշված բոլոր հարկերը։ Մարտին Գալստյանը հիշեցնում է՝ բանկերն արագ են արձագանքում տնտեսական բոլոր իրողություններին։ 

«Դժվար իրողություններում օժանդակում են թե՛ տնտեսությանը, եւ թե՛ ֆիզիկական անձանց՝ պատերազմի ընթացքում ինչքան բան ներվեց զոհվածներին եւ նրանց ընտանիքներին, ինչքան անգամ վարկեր հետաձգվեցին՝ առանց սպառողի կամ վարկատուի վրա որոշակի բեռ դնելու։ Վերջին տասը տարվա ընթացքում ՀՀ բանկերի շահութաբերությունը կազմել է 9%-ի շրջակայքում․ Սա գերշահո՞ւյթ է, թե՞ ոչ»։

ԿԲ նախագահը նույնպես արձանագրում է՝ ՀՀ բանկերն այս տարի ունեն մեծ շահույթ, որը գալիս է ոչ թե  տոկոսային եկամուտներից, այլ՝ միջնորդավճարներից, փոխանցումներից, արտարժութային փոխարկումներից, որոնց մոտ 90%-ը ոչ ռեզիդենտների հաշվին են․

«Այդ շահույթները գեներացնելու հաշվին՝ բանկերը շատ ավելի մեղմ են բարձրացրել տոկոսադրույքները, քան ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման  տոկոսադրույքը։ Մի կողմից՝ մեղադրում են բանկերին, որ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները շատ չեն բարձրացրել, մյուս կողմից՝ հակառակ ուղղությամբ են գալիս, երբ խոսում են բիզնես ու սպառողական վարկերի մասին։  Բիզնես եւ սպառողական վարկերի տոկոսադրույքների էական աճ Հայաստանում չկա»։

Հասկանալու համար, թե արդյոք հայաստանյան բանկերը գերշահույթ են ստանում, նախ պետք է հստակ սահմանել այդ հասկացությունը՝ ասում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը։

«Տնտեսության տարբեր ճյուղերում կարեի է որոշակիացենլ և ասել, որ այն շահույթները, որոնք ստացվում են, դրանք կրկնապատկվել կամ եռապատկվել են։ Արդյունքում՝ սպառողների հաշվին գերշահույթներ են։ Բանկերի պարագայում, քանի որ կա մրցակցության գործոնը, եթե նրանք միաբերան ու համաձայնեցված պայմաններ չեն թելադրում, գերշահույթը մի քիչ դժվար է սահմանել»։

Բանկերի շահույթն ավելացել է, բայց  դրան զուգահեռ էլ ԿԲ–ն է խստացրել քաղաքականությունը՝ արձանագրում  է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։

«ԿԲ–ն բանկերին վեց ամիս ժամանակ է տվել, որպեսզի վերջիններն իրենց կապիտալի համարժեքությունը լրացուցիչ 1 տոկոսային կետով բարձրացնեն։ Սա պահանջ է, որը բխում է, որ բանկերը ունեն  բուֆերներ, որոնք պետք է լրացուցիչ կապիտալի տեսքով համալրեն»։

Փորձագետները նկատում են, որ առևտրային բանկերի համար շահութաբեր էր նաև 2021թվականը։ Այս տարին, սակայն,  հավակնում է ռեկորդային դառնալ։ Այդ գումարներն առաջիկայում տնտեսություն մտնելու հնարավորություն ունեն՝ նշում են մասնագետները։ 

Back to top button