ԿարևորՔաղաքական

Հայաստանի հետ միավորվելու համար Արցախը պետք է անկախանար․ միջազգային իրավունքի պահա՞նջ, թե՞ սխալ ընթացք

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը RTVI հեռուստաալիքին ոչ միանշանակ է ընդունվել փորձագիտական շրջանակներում և հասարակության տարբեր շերտերի մոտ։ Խոսքը հատկապես հարցազրույցի այն հատվածի մասին է, որտեղ Վարդանյանը խոսում է Արցախը Հայաստանի Հանրապետությանը միացնելու անհնարինության մասին։ Այս ձևակերպման ընդդիմադիրները հիշեցնում են 1988 –ի Միացում շարժումը։ 30 տարի պայքարը հենց Հայաստանին միանալու համար էր՝ ասում են։ Մյուսներն էլ հիշեցնում են, որ Ստեփանակերտը ժամանակին բանակցային կողմ էր և սխալը հենց այն էր, որ Արցախը դուրս թողնվեց այդ գործընթացից, և փակվեց  Հայաստանին միանալու դուռը։

Արցախը կա և անփոփոխ է շուրջ 35 տարի առաջ սկսված շարժման պահանջը՝ միացումը։ Սա մեջբերում է Արցախի ՄԻՊ  Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումից ։

«Մայր հայրենիքին միանալու բաղձալի երազանքն էր, որ 1988-ին Արցախի հայությանը տարավ հրապարակներ: 30-ամյա պայքարի ընթացքում բոլոր զոհաբերություններն ու զրկանքներն էլ այդ կարևոր նպատակի իրագործման համար էին ու են»:

Թեման սկսեց շրջանառվել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝  RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցից հետո, որտեղ նա խոսում է Արցախի՝ Հայաստանին միավորվելու անհնարինության մասին․

«Հենց այնպես միավորվել ու դառնալ Հայաստանի մարզերից մեկը անհնար էր։ Երբեք արցախցիները  չէին համաձայնի, չէին դառնա Հայաստանի մասը, ինչպես 11 շրջանները, դա անհնար էր, այնպես որ սա բարդ կոնստրուկցիա է, այստեղ լուրջ մշակումներ են պետք  այդ թվում և Արցախի և Հայաստանի հետ հարաբերությունները պետք է ճիշտ կառուցված լինեն»։

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցնում է, որ Արցախի ժողովուրդը երբեք դեմ չի եղել Հայաստանի հետ վերամիավորմանը, դրա համար, սակայն, անկախացման ընթացակարգ էր պետք, հակառակ դեպքում դա հնարավոր չէր․․․  

«Իհարկե անկախացման և առանձին, որպես սուբեկտայնություն հանդես գալու նպատակը միջազգային իրավունքի տրամաբանությունից էր բխում , քանի որ գիտենք, որ առանց անկախացման գործընթացի, պարզապես վերամիավորվել չէր ստացվի, հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված նորմերը։ Դա կդիտարկվեր որպես անեքսիա, իսկ Հայաստանը իր ունեցած ռեսուրսներով, պետք է հասկանանք, որ դրան գնալ չէր կարող»։

Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանն էլ, որը նույնպես արցախցի է, հիշեցնում է, որ 88-ի շարժումն սկսվել է միացման կոչերով և իրական նպատակը դա էր, սակայն ընթացքում շեղում է տեղի ունեցել և գործընթացն, ըստ նրա, սխալ  ճանապարհով է գնացել։ Նա այս ընթացքն ավելի շատ պայմանավորում է իշխանությունների ընտրությամբ, սակայն արցախցիները միշտ կողմ են եղել Հայաստանի հետ վերամիավորմանը։ Այն ինչ տեղի ունեցավ, արհեստական ալիք էր , կարծում է․

«Խոսել այն մասին, որ Արցախը չի ուզում միանալ Հայաստանին՝ սպեկուլյացիա է, որը պետական մակարդակի վրա ցավոք սրտի Հայաստանի կողմից այսօր և անցած 20 տարիների ընթացքում  ձևավորվում է։ «Ոչ միացման» գաղափարը Հայաստանին պարտադրվում են կայսերական ուժային կենտրոնների կողմից և մենք պետք է դրա դեմ դիմադրենք»։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր հարցազրույցում նաև շեշտել է, որ հետևողականորեն և հրապարակային միշտ հայտարարել է, որ Արցախն իր համար կարմիր գիծ է, և անթույլատրելի է, որ հայկական էլիտան պարզապես հետևի, թե ինչ է տեղի ունենում Արցախում և ոչինչ չանի։ Նա խոսել է արցախահայության անվտանգության ապահվման անհրաժեշտության մասին,  ինչպես արցախահայության կողմից, այնպես էլ  միջազգային գործընկերների՝ խաղաղապահների և՛ ողջ միջազգային հանրության։

Ակտիվ քննարկվող մտքերի շարքին է դասվում նաև Ռուբեն Վարդանյանի այն ձևակերպումն, ըստ  որի Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը։

Քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը հիշեցնում է, որ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են ասել Արցախի, որպես բանակցային կողմ ներգրավվածության անհրաժեշտության մասին․

«Պաշտոնապես հայտարարվել է ինչպես նախագահի այնպես էլ արտգործնախարարի կողմից, այժմ էլ պետնախարարի մակարդակով է հայտարարվում այդ մասին։ Մենք տեսանք վերջերս հայտարարությունը Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության անհրաժեշտության ու պատրաստակամության առումով։ Բաքուն փորձում է այս երկխոսության մեջ ուղիղ խոսել բնակչության, արցահայության  հետ։ Առայժմ պարզ չէ թե ինչ տրամաբանությամբ է նա այս առաջարկն անում։ Բաքուն ասում է, որ չի ընդունում միջնորդներին, այստեղ ըստ էության որպես միջնորդ ընկալելով Արցախի իշխանություններին»։

Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանն այս առումով բարդություններ չի տեսնում։ Նա հիշեցնում է այն տարիները, երբ Արցախը, որպես սուբեկտ, խսում էր Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի հետ, ինչը պարզապես պետք է վերականգնվի։ Բաքվից, սակայն, ոչ միայն մերժում են պաշտոնական Ստեփանակերտի հետ բանակցելու հնարավորությունն,  այլև մերժում են Լեռնային Ղարաբաղ ձևակերպումն առհասարակ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին խնդրել է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ի պատասխան այս և ալիևյան այն  ձևակերպմանը, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, թվիթերյան իր էջում հիշեցնում է, որ դեռ  2 տարի առաջ Ալիևը համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 5 անգամ։

Back to top button